Սարուխան համայնքի ղեկավարի պաշտոնակատար Լ.Ա.-ն, 2017 թվականի սեպտեմբերի 7-ից մինչև 2018 թվականի հոկտեմբերի 27-ը, իրավասու լինելով վերահսկելու համայնքի բյուջեի կատարումը, իր ծառայողական պարտականությունները չի իրականացրել:
Այս մասին տեեկանում ենք Գլխավոր դատախազությունից։
Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում նախաձեռնված քրեական վարույթի ընթացքում փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ 2012 թվականից մինչև 2017 թվականի ապրիլի 18-ն ընկած ժամանակահատվածում, Սարուխանի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Է.Վ.-ն` որպես տրանսպորտային միջոցների գույքահարկ, հավաքագրել է 13 մլն 508 հազար 328 դրամ և հափշտակել: Այնուհետև, որպես վնասի վերականգնում, համայնքապետարանի առաջին կարգի մասնագետ Ի.Բ.-ին է տվել նշված գումարը և տույժ-տուգանքի 14 մլն 113 հազար 894 դրամը:
Իր հերթին Ի.Բ-ն, 2016 թվականի նոյեմբերի 1-ից մինչև 2017 թվականի սեպտեմբերն ընկած ժամանակահատվածում, Սարուխան համայնքի ղեկավար Հ.Չ.-ի դրդչությամբ, հետագայում գումարը վերադարձնելու պայմանով, հավաքագրված գումարներից համայնքի բյուջե չմուտքագրելով յուրացրել է առանձնապես խոշոր չափերով՝ 5 մլն 950 հազար դրամ և հանձնել է համայնքի ղեկավար Հ.Չ.-ին (Հ.Չ.-ն մահացել է 2017 թվականին, և նշված գումարը չի վերադարձվել): Իսկ Ի.Բ.-ն, 2017 թվականի սեպտեմբերի 7-ից մինչև 2017 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում, գումարներից հափշտակել է ևս 11 մլն 934 հազար 454 դրամ:
2017 թվականի սեպտեմբերի 7-ից մինչև 2018 թվականի հոկտեմբերի 27-ն ընկած ժամանակահատվածում, Սարուխան համայնքի ղեկավարի պաշտոնակատար Լ.Ա.-ն, տեղյակ լինելով վերը նշվածի մասին, խմբային շահերից ելնելով, իր ծառայողական պարտականությունները դիտավորությամբ չի կատարել, այն է՝ պատշաճ հսկողություն չի իրականացրել համայնքի բյուջեի կատարման նկատմամբ և ոչ մի միջոց չի ձեռնարկել նշված գումարը համայնքի բյուջե վերադարձնելու ուղղությամբ: Արդյունքում, Սարուխան համայնքի օրինական շահերին պատճառվել է առանձնապես խոշոր չափերի՝ 17 մլն 884 հազար 454 դրամ գույքային վնաս:
Սարուխանի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Է.Վ.-ին և նույն համայնքապետարանի առաջին կարգի մասնագետ Ի.Բ.-ին մեղադրանք է առաջադրվել 18.04.2003 թվականին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (առանձնապես խոշոր չափերով յուրացում):
Հիմնավորվել է նաև, որ 2016 թվականի նոյեմբերի 1-ից մինչև 2017 թվականի սեպտեմբերն ընկած ժամանակահատվածում, Սարուխան համայնքի ղեկավար Հ.Չ.-ն կատարել է 18.04.2003 թվականին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանցանք (առանձնապես խոշոր չափերով յուրացման դրդչություն), սակայն նկատի ունենալով, որ նա 2017 թվականի օգոստոսի 29-ին մահացել է, որոշում է կայացվել մահվան հիմքով նրա նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնել: Դատաքննության ընթացքում՝ 2019 թվականի հոկտեմբերի 27-ին, համայնքապետարանի առաջին կարգի մասնագետ Ի.Բ.-ն ևս մահացել է. որոշում է կայացվել քրեական հետապնդումը դադարեցնել:
Սարուխանի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Է.Վ.-ն վերականգնել է իր կողմից պատճառված վնասը: Նրա նկատմամբ կիրառվել է համաներում:
2022 թվականի հոկտեմբերի 28-ին Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի դատարանի կայացրած դատավճռով՝ Սարուխանի համայնքապետի պաշտոնակատար հանդիսացած Լ.Ա.-ն մեղավոր է ճանաչվել 18.04.2003 թվականին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության կատարման մեջ (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը) և նրա նկատմամբ որպես պատիժ նշանակվել է տուգանք՝ 250 հազար դրամի չափով:
Համայնքին պատճառված վնասը վերականգնելու նպատակով քաղաքացիական հայց հարուցելու համար Գեղարքունիքի մարզի դատախազությունը համապատասխան միջնորդություն է ներկայացրել Գեղարքունիք մարզի Գավառի համայնքապետարան: