Մյուս շաբաթ ՆԳ նախարար և փոխնախարարներ կնշանակվեն․ Նիկոլ Փաշինյան

Մինչև Ներքին գործերի նախարարության կանոնադրության հաստատումը կառավարությունը պետք է որոշի ենթակա մարմինների ենթակայության հարցը: Ըստ այդմ, կառավարությունն ընդունել է որոշում, որով առաջարկվում է Ներքին գործերի նախարարության ենթակայությանը հանձնել Ոստիկանությունը, Փրկարար ծառայությունը և Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը:

Ինչպես նշել է Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը, 2022 թվականին Ազգային ժողովի կողմից ընդունվել է Ներքին գործերի նախարարության ձևավորմանն ուղղված շուրջ չորս տասնյակ նախագծից բաղկացած օրենսդրական փաթեթը, որն ուժի մեջ է մտել 2022 թվականի դեկտեմբերի 30-ին և հետևապես Ներքին գործերի նախարարությունը համարվում է ստեղծված։ «Իհարկե, նախարարության ստեղծումը ենթադրում է դրա ամբողջական ձևավորման ուղղված մի շարք հաջորդական քայլերի իրականացում, ինչը կարգավորվել է նշված օրենսդրական փաթեթով։ Այս համատեքստում նախարարության ստեղծման տրամաբանական շարունակություն է համարվում նաև սույն նախագծի ընդունումը, որը պայմանավորված է Ներքին գործերի նախարարության ձևավորման համատեքստում դրա ենթակա մարմինների սահմանման անհրաժեշտությամբ, ինչը կապահովի նախարարությանն իրեն վերապահված գործառույթների շրջանակներում պատշաճ գործունեության իրականացման անհրաժեշտ պայմաններ»,- ասել է նախարարը:

Անդրադառնալով որոշմանը՝ վարչապետը հայտնել է, որ հաջորդ շաբաթ կնշանակվեն Ներքին գործերի նախարար ու փոխնախարարներ։ «Սա շատ կարևոր և մասշտաբային փոփոխություն է՝ մի քանի ուղղություններով: Մենք 2018 թվականից շարունակաբար որդեգրել ենք կառավարության կառուցվածքն օպտիմիզացիայի ենթարկելու քաղաքականություն: Այս որոշումը այդ քաղաքականության դրսևորումներից մեկն է: Արտակարգ իրավիճակների նախարարությունը դեռևս 4 ամիս կշարունակի գոյություն ունենալ՝ նաև այս ընթացքն անցնցում ապահովելու համար: Շատ կարևոր հանգամանք է նաև այն, որ ոստիկանության ծառայության նկատմամբ քաղաքացիական վերահսկողության մեխանիզմներն ենք ուժեղացնում: Եվ կա մի շատ կարևոր հանգամանք ևս, մասնավորապես, ներքին գործերի բնագավառում քաղաքականություն մշակող ավելի արդյունավետ մարմինն ենք ստեղծում: Ինչպես տեղյակ եք, մինչ այս այդ ոլորտում քաղաքականությունների մշակմամբ զբաղվում էր հիմնականում Արդարադատության նախարարությունը: Հիմա, հաշվի առնելով նաև Արդարադատության նախարարության ծանրաբեռնվածությունը և գործունեության պրոֆիլային լինելու հետ կապված նրբություններն ու անհրաժեշտությունը, մենք ահա կայացրել ենք այսպիսի որոշում: Մյուս շաբաթվանից արդեն գործնականում ոլորտի քաղաքականության մշակմամբ կզբաղվի Ներքին գործերի նախարարությունը: Նախարարության կառուցվածքն ունի շատ կարևոր առանձնահատկություն։ Այդ մոդելը արդեն իսկ կիրառել ենք Պաշտպանության նախարարությունում։ Էությունը նրանում է, որ ոստիկանության պետը և փրկարար ծառայության պետը միևնույն ժամանակ կլինեն Ներքին գործերի նախարարի տեղակալներ։ Ներքին գործերի նախարարը նաև կունենա երկու տեղակալ. նրանցից մեկը կզբաղվի ոստիկանության և ներքին գործերի համակարգի ռազմավարությունների մշակմամբ, իսկ մյուսը՝ քաղաքացիական մի հատվածի գործունեությունը համակարգելով»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:

Կառավարության ղեկավարն ընդգծել է, որ այս ամենը ոստիկանության, ներքին գործերի համակարգի և փրկարար ծառայության բարեփոխումների շատ մեծ փաթեթի սկիզբն է: «Մեր առաջադրած խնդիրը հետևյալն է, որ և՛ ոստիկանությունը, և՛ փրկարար ծառայությունը, և՛ միգրացիայի, անձնագրային ոլորտներում մեր մատուցած ծառայությունները պիտի համապատասխանեն ժամանակակից լավագույն չափանիշներին: Իհարկե, մենք դա մի քայլով, մի գործողությամբ չենք անի, բայց համոզված եմ, որ այս նպատակին կհասնենք, որովհետև կարծում եմ՝ բարեփոխումների ուղեգիծը շարունակելու կառավարության վճռականությունն է նաև ի ցույց դրվում սրանով»,-ասել է վարչապետը:

Նիկոլ Փաշինյանն ընդգծել է նաև օր առաջ ոստիկանության և փրկարար ծառայողների կամավոր ատեստավորման գործընթացի մեկնարկի անհրաժեշտությունը. «Այն ունի երկու կարևոր ուղղություն. առաջինը աշխատավարձերի առնվազն կրկնապատկումը, և երկրորդ՝ նոր որակի ծառայության ակնկալիքը հանրության կողմից: Աշխատավարձերի բարձրացման քաղաքականությունը պարտադիր պետք է զուգորդենք որակական նոր պահանջների և ստանդարտների քաղաքականությամբ, որպեսզի հանրային միջոցների ծախսումը լինի մաքսիմալ արդյունավետ: Հույս ունենք, որ 2023 թվականի ընթացքում, գոնե ապրիլ-մայիսից, արդեն կլինեն առաջին ատեստավորման արդյունքները և առաջին ատեստավորված աշխատողները կստանան մեր կողմից խոստացված և իրենց կողմից վաստակած աշխատավարձը»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել