Ես քաջ գիտակցում եմ, որ պատմուճանով չեմ ծնվել և պատմուճանով չեմ հեռանալու․ դատավոր Աննա Փիլոսյան

Այսօր՝ դեկտեմբերի 22-ին, Բարձրագույն դատական խորհրդում շարունակվեց Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աննա Փիլոսյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի քննությունը:

Այսօրվա նիստին դատավորը հանդես եկավ եզրափակիչ ելույթով, որը լսելուց հետո Խորհուրդը հայտարարեց գործի քննության ավարտ և հեռացավ խորհրդակցական սենյակ որոշում կայացնելու:

«Այն, ինչ տեղի է ունեցել և այն, ինչի համար ես այսօր այստեղ եմ, առաջնահերթության կարգով անընդունելի է հենց ինձ համար։ Ես իրավիճակին նայում եմ պատասխանատվությունը կրողի և ստանձնողի աչքերով։ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավորը ծանրաբեռնված է առնվազն թույլատրելիից երեք անգամ ավել։ Գերծանրաբեռնվածության այս պայմաններում 2020 թվականին իմ կողմից դատական քննության առարկա դարձված 1500 քաղաքացիական գործից ավարտվել են 1019-ը։ 2021 թվականին 2663 քաղաքացիական գործից ավարտվել են 1638-ը։ 2022 թվականին իմ նախագահությամբ կայացել է 1002 դատական նիստ։ Հիշյալ թվերը վկայում են դատավորի գործունեության քանակական ցուցանիշների մասին, որակական ցուցանիշը ցավոք չափելի չէ»,-նշեց դատավորը։

Աննա Փիլոսյանն իր ելույթում ծավալուն անդրադարձ կատարեց դատավորների ծանրաբեռնվածությանը և նշեց, որ չնայած բազմաթիվ ահազանգերի խնդիրները դեռ լուծում չեն ստանում։

«Ես քաջ գիտակցում եմ, որ պատմուճանով չեմ ծնվել և պատմուճանով չեմ հեռանալու։ Ինչ-որ մի ժամանակ ինձ պատիվ է ընձեռնված՝ պատմուճան կրելու և մոտ կամ հեռու ապագայում, առնվազն արտաքին դրսևորմամբ, հնարավոր է, որ ես այդ պատմուճանը չկրեմ։ Ես գերծանրաբեռնվածության պայմաններում պաշտոնավարում եմ ութ տարի: Նիստ նախագահելը թվում է՝ գեղեցիկ պատմուճան հագնել և գեղեցիկ բազկաթոռին բազմել։ Միայն դատավորները, պատմուճան կրողները գիտեն, թե՛ պատմուճանի ծանրությունը, թե՛ այդ աթոռի ծանրությունը։ Նիստերին պատրաստվել է պետ, գործերն ուսումնասիրել է պետք»,-ասաց դատավորը։

Հիշեցնենք, որ դատավորի նկատմամբ վարույթը հարուցվել էր փաստաբան Գայանե Պապոյանի ֆեյսբուքյան գրառման առնչությամբ, ըստ որի՝ դատավոր Աննա Փիլոսյանը պարզեցված կարգով քննված գումարի բռնագանձման պահանջի վերաբերյալ գործով կայացված վճիռը տրամադրում է վճռի հրապարակումից 2 տարի անց, այն էլ միայն դիմումի հիման վրա։

ԲԴԽ որոշումը կհրապարակվի դեկտեմբերի 26-ին՝ ժամը 17:45-ին:

Մանրամասները՝ տեսանյութում։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել