Ո՞ր դեպքում է անվճար բուժօգնությունը կազմակերպվում քրեակատարողական հիմնարկից դուրս

Պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում քաղաքացիական բժշկական կազմակերպություններում ձերբակալված, կալանավորված և ազատազրկման դատապարտված անձանց պահելու վայրերում գտնվողների բժշկական օգնության կազմակերպման չափորոշիչը հաստատվել է ՀՀ առողջապահության նախարարի 2012թ. դեկտեմբերի 21-ի N 3016-Ա հրամանի Հավելվածով:

Քաղաքացիական բժշկական կազմակերպություններում ձերբակալված, կալանավորված և ազատազրկման դատապարտված անձանց պահելու վայրերում գտնվողների բժշկական օգնությունը (բացառությամբ անհետաձգելի վիճակների) իրականացվում է միայն այն դեպքերում, երբ ուղեգրող գերատեսչական բժշկական կազմակերպություններում բացակայում են համապատասխան պայմաններ տվյալ հետազոտությունը կամ բուժումը կազմակերպելու համար:

Ձերբակալված, կալանավորված և ազատազրկման դատապարտված անձանց պահելու վայրերում գտնվողների քաղաքացիական բժշկական կազմակերպություններում մասնագիտական խորհրդատվությունների, հետազոտությունների և ստացիոնար բուժման կազմակերպման համար ՀՀ արդարադատության նախարարության, ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության կամ ՀՀ ազգային անվտանգության ծառայության բժշկական ծառայության ղեկավարը միջնորդագրով (ստորագրված և կնքված) դիմում է ՀՀ առողջապահության նախարարություն, հիմնավորելով տվյալ անձի քաղաքացիական բժշկական կազմակերպությունում բժշկական օգնության կազմակերպման անհրաժեշտությունը:

Միջնորդագրի հիման վրա ՀՀ առողջապահության նախարարության կողմից տրվում է ուղեգիր համապատասխան քաղաքացիական բժշկական կազմակերպություն` նշելով պահանջվող բժշկական օգնության տեսակը և ծավալը: Քաղաքացիական բժշկական կազմակերպությունում ձերբակալված, կալանավորված և ազատազրկման դատապարտված անձանց պահելու վայրերում գտնվողների բժշկական օգնության կազմակերպման ամբողջ ժամանակահատվածում վերոհիշյալ անձանց հսկողության պատասխանատվությունը կրում է ՀՀ արդարադատության նախարարությունը, ՀՀ ոստիկանությունը կամ ՀՀազգային անվտանգության ծառայությունը` այդ նպատակով քաղաքացիական հիվանդանոցային բժշկական կազմակերպությունում կազմակերպելով շուրջօրյա հսկողություն (պաշտպանություն):

Անհետաձգելի վիճակների դեպքում արտահիվանդանոցային բժշկական օգնությունը կազմակերպվում է շտապ բժշկական օգնության ծառայության կանչերի միջոցով:

Հիվանդանոցային բժշկական օգնության կազմակերպման անհրաժեշտության դեպքում հիվանդը` շտապ բժշկական օգնության ծառայության մեքենայով, ՀՀ արդարադատության նախարարության, ՀՀ ոստիկանության կամ ՀՀ ազգային անվտանգության ծառայության ներկայացուցիչների պարտադիր ուղեկցությամբ տեղափոխվում է համապատասխան քաղաքացիական հիվանդանոցային բժշկական կազմակերպություն: Հիվանդի մասին քաղաքացիական բժշկական կազմակերպության հերթապահ բժիշկը գրառում է անում բժշկական կազմակերպության ընդունարանի մատյանում, նշում է ուղեկցողի պաշտոնը, անուն ազգանունը, ընդունման ամսաթիվը, որը վավերացվում է (ստորագրվում է) ուղեկցողի կողմից:

Ձերբակալված, կալանավորված և ազատազրկման դատապարտված անձանց պահելու վայրերում գտնվողների մոտ տուբերկուլոզի կասկածի դեպքում խորխի կրկնակի հետազոտությունները (բակտերիոլոգիական ցանքս և դեղորայքային զգայունության փորձ) կազմակերպվում է տվյալ գերատեսչության ենթակայության տակ գործող բժշկական կազմակերպության տնօրենի ուղեգրով` ՀՀ առողջապահության նախարարության «Հանրապետական հակատուբերկուլյոզային դիսպանսեր» փակ բաժնետիրական ընկերության Ազգային ռեֆերենս լաբորատորիայում: Ֆինանսական փոխհատուցումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության հրամանով հաստատված միջինացված գներով` ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի պետական առողջապահական գործակալության կողմից:

Ձերբակալված, կալանավորված և ազատազրկման դատապարտված անձանց պահելու վայրերում գտնվողների հիվանդանոցային պայմաններում հետազոտման կամ բուժման հետ կապված գումարային հատուցումն իրականացնում է ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի պետական առողջապահական գործակալությունը` ՀՀ առողջապահության նախարարի հրամանով պրոֆիլային բաժանմունքներում բուժման (հետազոտման) համար հաստատված գների համաձայն:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել