Շիրակի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը դատավոր Մարտին Սարոյանի նախագահությամբ ավարտեց Արմեն Հակոբյանին առաջադրված մեղադրանքի քննությունը:
Ինչպես հաղորդվում է դատական տեղեկատվական համակարգը մեղադրանքն առաջադրվել է ՀՀ քրեական օրենսգրքի 242 հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով: Ըստ նշված հոդվածի՝ ճանապարհային երթևեկության և տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի մարդու մահ՝ պատժվում է ազատազրկմամբ՝ չորսից տասը տարի ժամկետով՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը երեք տարի ժամկետով:
Նշենք, որ որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը:
Ամբաստանյալ Արմեն Հակոբյանը Շիրակի մարզի Բաշգյուղ-Սալուտ միջհամայնքային ճանապարհով երթևեկելիս, խախտելով ճանապարհային երթևեկության կանոները, վրաերթի է ենթարկել Գյումրի քաղաքի բնակիչ, 1946թ ծնված` Արսեն Մարտիրոսյանին, նրա կողքին կանգնած, Սալուտ գյուղի բնակիչներ` 1958թ ծնված` Արմինե Հակոբյանին և վերջինիս թոռանը՝ 2008թ ծնված Կարեն Հակոբյանին: Արսեն Մարտիրոսյանը և Կարեն Հակոբյանը մահացել են, իսկ Արմինե Հակոբյանը ստացել է առողջությանը ծանր վնաս, կյանքին վտանգ սպառնացող վնասվածքներ:
Ամբաստանյալն առաջադրված մեղադրանքում իրեն մեղավոր է ճանաչել մասնակի, քանի որ դիտավորություն չի ունեցել եւ չի կարողացել կանխել վթարը, որի հետեւանքով զոհվել է երկու մարդ:
Արմեն Հակոբյանը դատարանին հայտնել է, որ իր մեքենայով Շիրակի մարզի Բաշգյուղ-Սալուտ միջհամայնքային ճանապարհով երթևեկելիս, մոտ մեկ կիլոմետրից տեսել է մեքենայի հեռահար լույս և երբ մոտեցել է այդ մեքենային, նրա հեռահար լույսերը 30-40 մետր հեռավորությունից իրեն կուրացրել է, որի ընթացքում ինքը մոտ ութ անգամ թարթել է լույսերը, քանի որ դիմացը չի երևացել և այդպես առաջանալով, մոտ 10-ը մետր հեռավորությունից տեսել է մի մեքենա, որի հետևում կանգնած են եղել մի կին և տղամարդ, իսկ նրանցից մեկի ձեռքին եղել է լույս: Անմիջապես արգելակել է, սակայն վթարից խուսափել չի կարողացել և մեքենայի առջևի մասով հարվածել է այդ մարդկանց, ապա մեքենային, իսկ թե ինչու դեպքի վայրում արգելակման հետքեր չեն հայտնաբերվել, ինքը չգիտի:
Եթե չլիներ դիմացի մեքենայի հեռահար լույսերը կարող էր մարդկային զոհեր չլինել:: Տուժող Արսեն Մարտիրոսյանի հարազատներին տրվել է հուղարկավորության ծախս՝ 800.000 ՀՀ դրամի չափով,իսկ մյուս տուժողները պահանջ չէին ներկայացրել:
Պատիժ սահմանելիս դատարանը հաշվի է առել կատարված հանցագործության բնույթն ու ամբաստանյալի անձը: Նա համարվում է դատվածություն չունեցող անձ, բնութագրվել է դրական, 73 տարեկան է, իր հայտարարությամբ վատառողջ, մեղքը ընդունել է եւ զղջացել է կատարածի համար: Նրա պատասխանատվությունը եւ պատիժը ծանրացնող հանգամանքներ չկան:
Դատարանը գտնում է, որ ամբաստանյալի նկատմամբ պետք է պատիժ նշանակել ազատազրկման ձեւով, խափանման միջոցը թողնելով անփոփոխ, զրկելով տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից:
Հաշվի առնելով վերոհիշյալ հանգամանքները՝ ամբաստանյալ Արմեն Հակոբյանը մեղավոր է ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 242 հոդվածի 3-րդ մասով և դատապարտել ազատազրկման 5 տարի 6 ամիս ժամկետով, զրկվելով տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից 3 տարի ժամկետով:
Նշված դատավճիռը բողոքարկվել է ՀՀ վերաքննիչ քրեական դատարան:
Իրավաբան.net-ում դատական գործերով անցնող անձանց անունները հասկանալի պատճառով ներկայացվում են փոխված, իսկ լուսանկարները կարող են չհամընկնել իսկականի հետ:
Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: