Առողջապահության նախարարի հրամանը՝ դպրոցահասակ երեխաներին, դեռահասներին մատուցվող առողջապահական ծառայությունների մոդելի վերաբերյալ

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը դեկտեմբերի 9-ին հրաման է ստորագրել, որով հաստատել է դպրոցահասակ երեխաներին, դեռահասներին մատուցվող առողջապահական ծառայությունների փաստահեն և ծախսարդյունավետ մոդելը։

Iravaban.net-ը Ձեզ է ներկայացնում հրամանի 1-ին և 3-րդ գլուխներն ամբողջությամբ։ Նշենք, որ հրամանի

2-րդ գլխով ներկայացված է լավագույն միջազային փորձը, 4-րդ գլխում՝ ԱԱՊ համակարգում դպրոցահասակ երեխաներին, դեռահասներին մատուցվող առողջապահական ծառայությունների մոդելի նկարագրությունը, 5-րդ գլխում՝ դեռահասային բժիշկ-դպրոցական համակարգողի աշխատանքի նկարագրությունը, 6-րդ գլխում՝ մշտադիտարկման և աջակից վերահսկողության գործիքները, դեռահասային բժիշկ-դպրոցական համակարգողի գործունեության որակի գնահատման մեթոդներն ու գործիքները մշտադիտարկման և գնահատման շրջանակներում, 7-րդ գլխում՝ դեռահասային բժիշկ-դպրոցական համակարգողի աշխատանքի որակի գնահատման մեթոդներն ու գործիքները մոդելի փորձարարական ներդրման ընթացքում։

ԳԼՈՒԽ 1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Սույն մոդելի հաստատման նպատակն է առողջության առաջնային պահպանման (այսուհետ,ԱԱՊ) համակարգում դեռահասների կարիքներին և պահանջներին համապատասխան առողջապահական ծառայության ինտեգրումը, դերակատարների սահմանումը, նրանց պարտականությունների, մասնագիտական ունակությունների և գործառույթների հստակեցումը:

1. Ըստ Առողջապահության համաշխարհային կազմակերպության (այսուհետ, ԱՀԿ) սահմանումների՝ դեռահասությունն ընդգրկում է 10-19, երիտասարդությունը՝ 15-24 տարեկան ժամանակահատվածը, իսկ երիտասարդ համարվում են 10-24 տարեկանները:

2. Դեռահասային առողջության և բժշկության ասոցիացիան երիտասարդության տարիք է համարում 18-25 տարեկանը, ինչը դեռահասության և չափահաս երիտասարդության տարիքի սահմանման նոր մոտեցում է: 15-25 տարեկան երիտասարդների և դեռահասների առողջական խնդիրները նման են: Այնուամենայնիվ, դեռահասներն ունեն կենսահոգեսոցիալական զարգացման առանձնահատուկ խնդիրներ:

3. Դեռահասության շրջանը բնութագրվում է շրջադարձային ֆիզիկական, հոգեբանական, հուզական և սոցիալական փոփոխություններով: Դեռահասները կազմում են աշխարհի բնակչության գրեթե 1/5 մասը և հիմնականում նրանք են առաջ բերում սոցիալտնտեսական և’ դրական, և’ բացասական փոփոխություններ:

4. Դեռահասությունը հնարավորություններով, խոցելիությանբ, ռիսկերով և հակասություններով լի կյանքի շրջան է: Մի կողմից, դեռահասները համեմատաբար առողջ են, այլ տարիքային խմբերի համեմատությամբ հազվադեպ են դիմում բժշկական օգնության, սակայն, մյուս կողմից, այս ժամանակահատվածում ձևավորված վարքագծով է պայմանավորվում հասուն տարիքում առաջացած հիվանդությունների բեռի մեկ երրորդ մասը:

5. Աշխարհում տարեկան գրանցվում է ավելի քան մեկ միլիոն դեռահասի մահ, որոնք ավտովթարներից ստացված վնասվածքների, ինքնասպանության, միջանձնային բռնության, ՄԻԱՎ/ՁԻԱՀ հետևանք են:

6. Դեռահասները ձևավորում են հիվանդությունների և վնասվածքների գլոբալ բեռի 6%- ը: Այս մահերի մեծ մասը կանխարգելելի են, եթե բացահայտվում են դրանց հիմնական պատճառները, ռիսկի գործոնները, և, եթե առողջապահական, կրթական և սոցիալական հաստատությունները դեռահասների ու երիտասարդների շրջանում նախաձեռնում են համապատասխան կանխարգելիչ միջոցառումներ:

7. Այսպիսով, կյանքի այս փխրուն ժամանակահատվածում դեռահասների առողջության և զարգացման համար պահանջվում են բազմաթիվ ներդրումներ: Տանը, դպրոցում և համայնքում նրանք պետք է շրջապատված լինեն հոգատարությամբ. հարկավոր է տրամադրել համապատասխան առողջապահական տեղեկատվություն և հմտություններ՝ այս բուռն անցումային շրջանի մարտահրավերներին դիմակայելու և իրենց մարմնի ու մտքի փոփոխություններին հարմարվելու համար:

8. Դեռահանսերին պետք է հասանելի լինեն համապատասխան առողջապահական ծառայությունները, որոնք իրենց հնարավորություններով, հարմարավետությամբ, բարյացակամ և խելամիտ վերաբերմունքով պետք է կարողանան բավարարել թվայնացված դարում ապրող երեխաների ակնկալիքներն ու կարիքները: Դրան պետք է նպաստենառողջապահության, կրթության և այլ ոլորտներ, կազմակերպություններ, ծառայություններ: 9. Դեռահասների խնամքի «կլինիկական», «կրթական», «սոցիալական» ասպեկտներին զուգահեռ կարևորվում է «ֆինանսականը». օրեցօր ավելի շատ ուսումնասիրություններ հստակ ցույց են տալիս, որ դեռահասների առողջության վրա կատարված ներդրումները եռակի շահութաբեր են դեռահասության և ավելի ուշ՝ չափահաս տարիքի համար և ապահովում են առողջ սերնդափոխություն:

10.Ակնհայտ փաստ է, որ դեռահասների առողջության վրա կատարված ներդրումները տնտեսական օգուտներ են բերում, իսկ անուշադրության մատնելը հանգեցնում է հիվանդությունների առաջացման և սոցիալ-տնտեսական կորուստների:

11. ԱՀԿ-ի կողմից սահմանված դեռահասների բարյացակամ առողջապահական ծառայությունների ( այսուհետ` ԴԲԱԾ) 5 հիմնական բնութագրիչներն են.

1) Անաչառ. ոչ թե որոշ խմբեր, այլ բոլոր դեռահասները պետք է ի վիճակի լինեն ստանալ պահանջվող բուժծառայությունները:
2) Հասանելի. դեռահասները պետք է ի վիճակի լինեն ստանալ առաջարկվող բուժծառայությունները:
3) Ընդունելի. բուժծառայությունների տրամադրումը պետք է համապատասխանի դեռահասների սպասելիքներին:
4) Համապատասխան. Դեռահասին տրամադրվում է ճիշտ բուժծառայություն:
5) Արդյունավետ.Դեռահասին ճիշտ տեղում տրամադրվում է ճիշտ բուժծառայություն, ինչը դրական ազդեցություն է ունենում նրա առողջության վրա:

ԳԼՈՒԽ 3. ԴԵՌԱՀԱՍԱՅԻՆ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ. ԻՐԱՎԻՃԱԿԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

16.Հայաստանում, ինչպես շատ այլ երկրներում (նաև միջազգային մակարդակում) դեռահասների առողջական խնդիրների տարածվածության գնահատումը բավականին բարդ խնդիր է, քանի որ այս խմբին վերաբերող վիճակագրական վերլուծությունները առանձնացված չեն և տարիքային խմբերի սահմանումների հարցում հակասություններ կան:

17. Ըստ Հայաստանի Հանրապետության վիճակագրական կոմիտեի տարեգրքի տվյալների՝ 2020 թվականի հունվարին Հայաստանում ապրել է 10-19 տարեկան 385.400 դեռահաս (ամբողջ բնակչության 13%-ը): Նրանցից 207.200-ը 10-14 տարեկան դեռահասներն են, 178.200-ը՝ 15-19 տարեկան դեռահասներն ու երիտասարդները։ Երկու տարիքային խմբերում էլ 50%-ից մի փոքր ավելին տղաներ են:

18. «Ակադեմիկոս Ս.Ավդալբեկայնի անվան առողջապահության ազգային ինստիտուտի» տարեգրքի տվյալների համաձայն՝ 2020 թվականին դեռահասների շրջանում ամենաշատ գրանցված հիվանդությունները եղել են վարակիչ, շնչառական համակարգի հիվանդությունները, լսողության և տեսողության խնդիրները։ Առաջին անգամ 15-17 տարեկան 100.000 դեռահասներից 96-ի մոտ հոգեկան առողջության խանգարումներ են ախտորոշվել, որոնցից 45-ը եղել են մտավոր հետամնացության, 5-ը՝ հուզական և վարքային, 24-ը՝ հոգեբանական զարգացման խանգարումների դեպքեր:

19. «Ակադեմիկոս Ս.Ավդալբեկայնի անվան առողջապահության ազգային ինստիտուտի» 2019 թվականի պաշտոնական վիճակագրության համաձայն՝ 16-17 տարեկան դեռահաս տղաների շրջանում ախտորոշվել է թմրամիջոցների օգտագործման միայն 7 նոր դեպք, իսկ 18 տարեկան տղաների մոտ 2 դեպք:

20. Այնուամենայնիվ, վիճակագրության վավերությունը որոշակի չէ: Դպրոցահասակ երեխաների առողջության վարքագծի 2017/18 թվականների հետազոտությունը (ԴԵԱՎՀ) ցույց է տվել, որ 15 տարեկան տղաների 12%-ը և նույն տարիքի աղջիկների 2%-ը կյանքում առնվազն 1 անգամ օգտագործել են կանեփ, իսկ տղաների 10%-ը դա արել էր վերջին 30 օրվա ընթացքում:

21. 2020 թվականին կատարված սովորական սկրինինգներից ստացված տվյալները ցույց են տվել, որ 5-14 տարեկան երեխաների 0,29%-ը ունի է լսողության, իսկ 3.41%-ը՝ տեսողության խանգարում:

22. Դեռահասների հիմնական առողջական խնդիրներից մեկը սննդային վարքագիծն է. 15 տարեկան աղջիկների միայն 42%-ը և նույն տարիքի տղաների 53%-ն են նախաճաշում ամեն օր դպրոց հաճախելիս: Քաղցրավենիքի ամենօրյա չափաբաժինը շատ մեծ է. 13 տարեկան աղջիկների 70%-ը և 13 տարեկան տղաների 61%-ը օրական մի քանի անգամ քաղցրավենիք են ուտում։ Իսկ 2013/14 թվականներին 13 տարեկան աղջիկների միայն 58%-ն ու նույն տարիքի տղաների 50%-ն են նշել, որ ամեն օր քաղցրավենիք են ուտում:

23. Գազավորված ըմպելիքների օգտագործման տվյալները հայ դեռահասների շրջանում գերազանցում է Եվրոպայի միջին տվյալները, հասնելով 15 տարեկան աղջիկների մոտ 24%-ի և 15 տարեկան տղաների մոտ 33%-ի: Միևնույն ժամանակ, 15 տարեկանների մոտավորապես 45%-ը օգտագործում է բանջարեղեն: Ավելորդ քաշ և գիրություն հայտնաբերվել է 15 տարեկան աղջիկների 9%-ի և նույն տարիքի տղաների 23%-ի մոտ: 2013/14 թվականների հետազոտության տվյալների համաձայն՝ նույն տարիքի տղաների 15%- ի մոտ է գիրություն եղել։ 13 և 15 տարեկան դեռահասների 16%-ը կարծում է, որ նրանք չափազանց գեր են։ 15 տարեկան աղջիկների միայն 56%-ը և նույն տարիքի տղաների 33%-ն են ատամները մաքրում օրական ավելի քան 1 անգամ։ Սոցիալական մեդիայի կասկածելի օգտագործում հաղորդվել է մոտավորապես 15 տարեկան դեռահասների 5%-ի շրջանում:

24. Դեռահասների հոգեկան առողջությունը մեկ այլ նոր խնդիր է: Անկախ այն հանգամանքից, որ դեռահասների մոտավորապես 90%-ը գոհ է իր կյանքից, 15 տարեկան աղջիկների 50%-ը և նույն տարիքի տղաների 36%-ը նշում են, որ շաբաթական ավելի քան 1 անգամ ունենում են բազմաթիվ առողջական գանգատներ։ Համեմատությունը ցույց է տվել, որ հետազոտության մասնակից երկրների առնվազն կեսը նմանատիպ ցուցանիշներ են ունեցել։ Շաբաթական ավելի քան մեկ անգամ հուսահատության զգացողություն ունենալու մասին նշել են 15 տարեկան աղջիկների 41%-ը և 15 տարեկան տղաների 22%-ը: Շաբաթական ավելի քան մեկ անգամ դյուրագրգռություն է ունեցել 15-ամյա աղջիկների 41%-ը և 15-ամյա տղաների 32%-ը: Քնի դժվարություններ արձանագրվել են դեռահասների 20%-ի մոտ։ Ընկճախտի նշաններ հայտնաբերվել են դեռահասների 20%-ի մոտ, իսկ մինչև 8%-ը հայտնել է ինքնասպանության մտքեր ունենալու մասին: ԴԵԱՎՀ-ի նախորդ հարցումների համեմատությունը ցույց է տվել, որ հատկապես 15 և 17 տարեկան աղջիկների մոտ աճել են հոգեկան առողջության խնդիրները:

25. 15 տարեկան դեռահասների խմբում 27% տղաներ և 1% աղջիկներ հաղորդել են սեռական հարաբերությունների մասին: 2013/2014 և 2009/2010 թվականների հետազոտության արդյունքների համեմատությունը ցույց է տվել, որ սեռական կյանքով ապրող տղաների շրջանում պահպանակի օգտագործումը նվազել է:

26. 17 տարեկան տարիքային խմբում տղաների 43%-ը և աղջիկների 1%-ը հայտնել են սեռական հարաբերություն ունենալու մասին: Ակնհայտ է, որ տղաներն ավելի շատ փորձառություն ունեն, և մեկ այլ տեսանկյունից սա արտացոլում է ավանդական հայկական հասարակության մեջ տղաների և աղջիկների սեռական վարքագծի նկատմամբ հավատալիքների և վերաբերմունքի տարբերությունը: Սեռական կյանքի փորձառությունը տղաների համար կարևոր է, մինչդեռ աղջիկների մեծ մասն առնվազն «պետք է» տեղեկացնի նման փորձառություն չունենալու մասին՝ ցույց տալու համար, որ պահպանում է կուսությունը։

27. Սեռական հարաբերության ժամանակ պահպանակ օգտագործելու միջոցով ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ից պաշտպանվելու հարցին ճիշտ պատասխանել է 15 տարեկան երիտասարդների միայն 37%-ը: Ընդհանուր առմամբ, 15 տարեկանների միայն 17%-ը և 17 տարեկանների 13%-ն են ճիշտ պատասխանել ՄԻԱՎ-ի փոխանցման եղանակներին և կանխարգելմանը վերաբերող 6 հարցերին: 2013/2014 և 2009/2010 թվականների ուսումնասիրությունների արդյունքների համեմատությունը ցույց է տվել դեռահասների շրջանում ՄԻԱՎ-ի կանխարգելման վերաբերյալ գիտելիքի նվազում:

28. Այս հետազոտության անցկացման ժամանակահատվածում ծխողների թիվն ավելի մեծ է եղել, քան 2013/14 թվականներին. 15 տարեկան տղաների գրեթե 16%-ը ծխում է։ Վերջին տարիներին տարածվել է նարգիլեի օգտագործումը։ Մասնավորապես, 2017/18 թվականներին 17 տարեկան տղաների 19%-ը և աղջիկների 12%-ը առնվազն 1 անգամ օգտագործել է նարգիլե։ Մտահոգիչ է հայ տղաների ֆիզիկական կռիվների խնդիրը. 11-15 տարեկանների 32%-ը վերջին 12 ամսվա ընթացքում առնվազն 3 անգամ ֆիզիկական կռվի է մասնակցել։ Ահաբեկման/բուլիինգի ֆենոմենը գնալով ավելի է տարածվում:

29. Դեռահասների մեծամասնությունը սիրում է դպրոցը, չնայած այն հանգամանքին, որ ծանրաբեռնված են դասերով: Ախտորոշված քրոնիկ վիճակ կամ հաշմանդամություն արձանագրվել է դեռահասների 8%-ի մոտ: Դեռևս պահպանվում է առողջապահական ծառայություններից օգտվելու բավականին ցածր ցուցանիշը։ Այնուամենայնիվ, նախորդ հարցումների արդյունքների համեմատությունը ցույց է տվել բժիշկների այցելությունների որոշակի աճ:

30. 2009/10, 2013/14, 2017/18 թվականներին իրականացված ԴԵԱՎՀ հարցումների համեմատությունը ցույց է տվել հայ դեռահասների ընդհանուր առողջական վարքագծի բացասական միտումներ, հատկապես՝ հոգեկան առողջության, սնվելու վարքագծի, բերանի խոռոչի առողջության հիգիենայի, ֆիզիկական կռվի, սեռավարակների և ՄԻԱՎ-ի կանխարգելման մասին գիտելիքների ուղղությամբ:

31. Այսօրվա դեռահասի անառողջ վարքագիծը երկարաժամկետ առողջական և սոցիալ-տնտեսական հետևանքներ կունենա գալիք սերնդի համար: Ուստի, աստիճանաբար կաճի առողջապահական համակարգի ծանրաբեռնվածությունն ու ոչ վարակիչ հիվանդություններիի տարածվածությունը, ինչը իր հերթին կունենա բազմաթիվ հետևանքներ երկրի ժողովրդագրական և տնտեսական վիճակի վրա։

32. Հայաստանում դեռահասների շրջանում քրոնիկ հիվանդությունների տարածվածությունն արտացոլված է ԴԵԱՎՀ արդյունքներում: Հարցված դպրոցականների 8%-ը դրական պատասխան է տվել բժիշկների շարունակական վերահսկողություն պահանջող որևէ քրոնիկ առողջական խնդրի առկայության վերաբերյալ հարցին։ Հարցվածների 7%-ը պնդել է, որ առողջական խնդիրների պատճառով ամեն օր դեղեր են ընդունում:

33. Քրոնիկ հիվանդությունների խնդիրները գնահատելու համար կարող են օգտագործվել նաև համապատասխան մասնագիտացված բժշկական կենտրոնների տվյալները։ Երեխաների շրջանում քրոնիկ հիվանդությունների վարման ներկայիս համակարգը գործում է հետևյալ կերպ. քրոնիկ հիվանդութան ախտորոշումից անմիջապես հետո երեխաներն ուղեգրվում են հատուկ մասնագիտացված բժշկական կենտրոններ, որոնք մինչև 18 տարեկանը լրանալը իրականացնում են բժշկական հսկողություն (դիսպանսերային հսկողություն)։ Համաձայն գործող կանոնակարգի և կախված հիվանդության ծանրությունից՝ յուրաքանչյուր երեխա պետք է տարեկան 1-2 անգամ կամ ավելի հաճախ այցելի հիվանդությունը վարող բժշկին. տրամադրվում են նաև համապատասխան լաբորատոր, ուլտրաձայնային կամ այլ հետազոտություններ: Որոշ կենտրոններ հիվանդներին տրամադրում են նաև անհրաժեշտ դեղամիջոցներ: Դիսպանսերային հսկողություն իրականացնող կենտրոններում սպասարկվում են շուրջ 12000 երեխա, որոնց կեսը` դեռահասներ են:

34. Երեխաների զարգացում և հաշմանդամություն. 2005 թվականին ՅՈՒՆԻՍԵՖ-ի կողմից իրականացված երեխաների հաշմանդամության ազգային հետազոտությունը ցույց է տվել, որ մինչև 8 տարեկան երեխաների շրջանում զարգացման խանգարումների և հապաղումների տարածվածությունը կազմում է 11,6%, ինչը համապատասխանում է տարբեր երկրների նմանատիպ ուսումնասիրությունների տվյալներին:

35. Երեխաների մոտ հաշմանդամության հանգեցնող ամենատարածված պատճառներից են նյարդաբանական և հոգեկան հիվանդություններն են (ուղեղային կաթված, մտավոր հետամնացություն): 2015 թվականին երկիրը որդեգրեց հաշմանդամ երեխաների ներառական կրթության քաղաքականությունը, սակայն դրան հասնելու ճանապարհին բազմաթիվ օբյեկտիվ և սուբյեկտիվ խոչընդոտներ են հանդիպում։

36. Ընդհանուր առմամբ, քրոնիկ հիվանդություններ և հաշմանդամություն ունեցող դեռահասները հատուկ մոտեցման և խնամքի կարիք ունեն, հատկապես՝ հոգեկան առողջության խնդիրների և սեռավարակների դեպքերում:

ԳԼՈՒԽ 4. ԱԱՊ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ ԴՊՐՈՑԱՀԱՍԱԿ ԵՐԵԽԱՆԵՐԻՆ, ԴԵՌԱՀԱՍՆԵՐԻՆ ՄԱՏՈՒՑՎՈՂ ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄՈԴԵԼԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ

37. Բժիշկների և դեռահասների հետ անցկացված քննարկումների արդյունքում ընտրվել է հետևյալ պիլոտային մոդելը.

38. Մարզային, տարածաշրջանային և Երևանի խոշոր պոլիկլինիկաներում դեռահասային առողջության (այսուհետ` ԴԱ) և ԴԲԱԾ վերապատրաստումներ անցած դեռահասային բժիշկ-դպրոցական համակարգողի (մանկաբույժ, ընտանեկան բժիշկ) հաստիքի առկայություն, որը կընդունի կցված դպրոցներից և ԱԱՊ այլ բժշկական կազմակերպություններից ուղղորդված թեթև և միջին ծանրության դեպքերը, ինչպես նաև կհամակարգի կցված դպրոցական բուժքույրերի աշխատանքը: Հաշվի առնելով, որ 15-25 տարեկան դեռահասների և երիտասարդների առողջական խնդիրները նման են, դեռահասային բժիշկը կարող է սպասարկել նաև այդ տարիքային խմբի երիտասարդներին:

39. Վերջինիս զուգահեռ, ԱԱՊ, հատկապես գյուղական վայրերի, բուժաշխատողները (ընտանեկան բժիշկներ, մանկաբույժներ, դպրոցական բուժքույրեր, ընտանեկան բուժքույրեր) պետք է անցնեն դեռահասային առողջության հիմունքներ թեմայով լրացուցիչ վերապատրաստումներ, որպեսզի իրազեկ լինեն ԴԱ առանձնահատկություններին, բարյացակամ մոտեցումներին, սովորեն ախտորոշել դեռահասների զարգացման, սննդային վարքագծի, սեռական և վերարտադրողական առողջության, հոգեկան առողջության, ռիսկային վարքագծի և այլ վիճակների հետ կապված խնդիրներն ու հիվանդությունները, տրամադրեն ամենատարածված խնդիրների վերաբերյալ խորհրդատվություն, ինչպես նաև ուղղորդեն դեպի դեռահասային բժիշկ –դպրոցական համակարգող` թեթև և միջին ծանրության դեպքերում բժշկական օգնություն և սպասարկում ստանալու նպատակով:

40. Դեռահասային բժիշկ-դպրոցական համակարգողի արդյունավետ աշխատանքը ապահովելու համար ԱԱՊ հաստատությունը պետք է ապահովի տեսաձայնային գաղտնիություն (առանձին սենյակ), հարմարավետ բարյացակամ միջավայր (մաքուր, գրավիչ, կահավորված միջավայր, խմելու ջրի, տեղեկատվական նյութերի, պաստառների և Wi-Fi առկայություն և այլն) և հարմար աշխատանքային ժամեր (դեռահասների համար՝ 15:00-18:00):

41. Ծառայությունների տեսանելիությունն ապահովելու համար պետք է լինեն երևացող ցուցանակներ, պաստառներ, տեղեկատվական նյութեր և այլն: Աշխատանքային ժամերի մասին տվյալները պետք է տեսանելի և հասանելի լինեն բժշկական
կազմակերպությունների նախասրահի տեղեկատվական նյութերում:

42. Խորհրդատվության տևողությունը պետք է լինի առնվազն 30-40 րոպե, հետագա այցելությունները՝ ավելի քիչ՝ 20 րոպե: Այս ընթացքում բժիշկը պետք է կարողանա կազմել համապատասխան անամնեզ, անցկացնել հոգեբանասոցիալական գնահատում, մոտիվացիոն հարցազրույց, հաստատել լավ աշխատանքային հարաբերություններ դեռահասների հետ և այլն:

43. Խորհրդատվությունը պետք է իրականացվի առանձնացված պայմաններում, որոշակի ժամանակ՝ նաև առանց ծնողների ներկայության:

44. Բուժաշխատողը պետք է դեռահասին տեղեկացնի գաղտնիության մասին: Յուրաքանչյուր բժիշկ պետք է գաղտնիության կանոններն ամրագրի բժշկական քարտերում/փաստաթղթերում, սենյակների պատերին փակցված պաստառների վրա: Բոլոր կանոնները վավերացվում են բժշկի ստորագրությամբ:

45. ԴԱ շրջանակներում տրամադրվում է 3 տիպի առողջապահական ծառայություն՝ կանխարգելում, բուժում և առողջ ապրելակերպի խթանում, որոնք իրականացվում են համայնքի (ՀԿ-ներ, դպրոցներ, հավասարակից դասավանդողներ), երկրորդային և երրորդային մակարդակի առողջապահական հաստատությունների սերտ համագործակցությամբ: Դրանք ներառում են առողջ դեռահասների խնամք և խորհրդատվություն, հիմնական սքրինինգներ, առավել տարածված ոչ վարակիչ հիվանդությունների վաղ հայտնաբերում և պատշաճ վարում, վարակների, թեթև վնասվածքների, սննդային վարքագծի և ապրելակերպի խորհրդատվություն, հոգեկան առողջության, սեռական և վերարտադրողական առողջության, ռիսկային վարքագծի խնդիրների վաղ հայտնաբերում և պատշաճ ուղղորդումների կազմակերպում ԴԱ բժիշկներ ունեցող մասնագիտացված բժշկական, հոգեբանական և սոցիալական ծառայություններ, ներառյալ՝ երկրորդային և երրորդային մակարդակի մասնագիտացված կենտրոններ (մեծ պոլիկլինիկաներ, հիվանդանոցներ):

46. Առավել ծանր առողջական խնդիրների և հոգեկան, սեռական և վերարտադրողական առողջությանը, սննդային վարքագծին (խանգարումներ, գիրություն, դեպրեսիա, թմրանյութերի օգտագործում) բնորոշ խնդիրների դեպքում խնամյալներին անհրաժեշտ է ուղղորդել երկրորդային և երրորդային մակարդակի բուժհաստատությունների համապատասխան մասնագետի և/կամ ԴԱ բժշկի մոտ:

47. Այսպիսով, դեռահասների կարիքներին ուղղված բժշկական օգնության ողջ փաթեթը տրամադրվում է տարածքային ԱԱՊ հաստատություններում կամ ուղղորդման միջոցով:

48. Քրոնիկ հիվանդությունների/հաշմանդամության, ինչպես նաև միջինից ծանր խնդիրների դեպքում Դեռահասային բժիշկը սերտորեն համագործակցում է առողջապահության համակարգի երրորդային մակարդակի համապատասխան նեղ մասնագետների հետ (գինեկոլոգ, հոգեբույժ, մանկաբույժ, դեռահասային բժիշկ), քննարկում և համակարգում է դեռահասների անցումը մանկաբուժությունից չափահասության բուժծառայությունների՝ այս գործընթացը նրանց համար հարմարավետ դարձնելու և հնարավոր սթրեսներից խուսափելու համար:

49. Դեռահասային բժշկի միջին ծանրաբեռնվածությունը որոշվում է կցագրված բնակչության թվով, որը կազմում է 3000-4000 դեռահաս:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել