Փաստաբանների պալատն այսօր՝ դեկտեմբերի 6-ին, նշում էր հիմնադրման 104-րդ տարեդարձը։ Միջոցառումը կազմակերպվել է Հայաստանի Ազգային պատկերասրահում։
Միջացառման ժամանակ փաստաբանական գործունեության արտոնագրեր հանձնվեցին։
Փաստաբանական գործունեության արտոնագիր ստացավ նաև Արթուր Գոյունյանը, ով զբաղեցրել է Արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության պետի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնը։ Նա պաշտոնից ազատվել է 2021 թվականի սեպտեմբերի 3-ին՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրամանով։
Փաստաբանական գործունեության արտոնագիր ստացողների շարքում էր նախկին դատախազ Արամ Արամյանը։
Նա 2017-2018 թվականներին զբաղեցրել է Գլխավոր դատախազության ՀՀ ազգային անվտանգության մարմիններում քննվող, թմրամիջոցների ապօրինի շրջանառության հետ կապված և կիբեռհանցագորությունների գործերով վարչության ավագ դատախազի պաշտոնը։
2019-2021 թվականներին զբաղեցրել է Գլխավոր դատախազության ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության պետի տեղակալի պաշտոնը։
Արթուր Վանեցյանի գլխավորած «Հայրենիք» կուսակցության անդամներ Սոս Հակոբյանը և Արսեն Բաբայանը ևս ստացան փաստաբանական գործունեության արտոնագիր։
Նշենք, որ Սոս Հակոբյանը «Հայրենիք» կուսակցության մամուլի քարտուղարն է։
Նա ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Մեծ պատասխանատվությամբ և նվիրումով եմ պատրաստվում կատարել փաստաբանական գործը՝ մի կողմից մասնագիտական հետաքրքրասիրությունս բավարարելու, մյուս կողմից՝ իրավապաշտպան գործունեության մեջ հմտանալու նպատակով»։
Նշենք, որ փաստաբանական գործունեության արտոնագիր ստացավ 87 հոգի։