ՔԿԾ պետի նախկին ժպ-ն, նախկին դատախազը և «Հայրենիք» կուսակցության անդամները՝ փաստաբաններ

Փաստաբանների պալատն այսօր՝ դեկտեմբերի 6-ին, նշում էր հիմնադրման 104-րդ տարեդարձը։ Միջոցառումը կազմակերպվել է Հայաստանի Ազգային պատկերասրահում։

Արթուր Գոյունյան

Միջացառման ժամանակ փաստաբանական գործունեության արտոնագրեր հանձնվեցին։

Փաստաբանական գործունեության արտոնագիր ստացավ նաև Արթուր Գոյունյանը, ով զբաղեցրել է Արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության պետի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնը։ Նա  պաշտոնից ազատվել է 2021 թվականի սեպտեմբերի 3-ին՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրամանով։

 


Արամ Արամյան

Փաստաբանական գործունեության արտոնագիր ստացողների շարքում էր նախկին դատախազ Արամ Արամյանը։

Նա 2017-2018 թվականներին զբաղեցրել է Գլխավոր դատախազության ՀՀ ազգային անվտանգության մարմիններում քննվող, թմրամիջոցների ապօրինի շրջանառության հետ կապված և կիբեռհանցագորությունների գործերով վարչության ավագ դատախազի պաշտոնը։

2019-2021 թվականներին զբաղեցրել է Գլխավոր դատախազության ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության պետի տեղակալի պաշտոնը։


 

Արթուր Վանեցյանի գլխավորած «Հայրենիք» կուսակցության անդամներ Սոս Հակոբյանը և Արսեն Բաբայանը ևս ստացան փաստաբանական գործունեության արտոնագիր։

Նշենք, որ Սոս Հակոբյանը «Հայրենիք» կուսակցության մամուլի քարտուղարն է։

Նա ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Մեծ պատասխանատվությամբ և նվիրումով եմ պատրաստվում կատարել փաստաբանական գործը՝ մի կողմից մասնագիտական հետաքրքրասիրությունս բավարարելու, մյուս կողմից՝ իրավապաշտպան գործունեության մեջ հմտանալու նպատակով»։

Սոս Հակոբյան, Արսեն Բաբայան

Նշենք, որ փաստաբանական գործունեության արտոնագիր ստացավ 87 հոգի։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել