Ես հավատում եմ Հայոց բանակի փառքին ու պատվին, իր սխրանքներին ու հերոսական կենսագրությանը. Բագրատ Սրբազան

Տավուշի թեմի հոգևոր առաջնորդ Բագրատ եպիսկոպոս Գալստանյանն այսօր՝ նոյեմբերի 5-ին, Դիմադրություն շարժման հանրահավաքը սկսեց Տերունական աղոթքով՝ փոխանցելով Վեհափառ Հայրապետի օրհնության ու ողջույնի խոսքը։

«Մենք պիտի գործենք, գործենք առանց հոգնելու, գործենք ամենուր, գործենք ամեն ժամ՝ առանց թշնամության և ատելության, առանց գաղափարական և քաղաքական տարբերությունների, առանց վախի, առանց կասկածի, առանց երկմտության, առանց ակնկալելու այս կամ այն ուժային կենտրոնների բարեհաճությունը, խեղճին և թշվառին հատուկ օգնությունը, այլ գործենք որպես մոռացված ազգ, ինչպես շատ դիպուկ բնորոշել են մեզ Ցեղասպանության օրերին և դրանից հետո։ Մեր հույսը մեր Աստծու և մեր սեփական ներուժի և մեր բազկի վրա՝ ոչ թե մուրացիկ հարաբերությամբ աշխարհի հետ, այլ սեփական օրակարգով, արժանապատիվ կեցվածքով»,- ասաց Բագրատ Սրբազանը։

Նա նշեց, որ մենք պետք է հրաժարվենք հույսը միայն մեր բարեկամների վրա դնելուց։

«Արցախը, այսինքն` ամբողջ հայությունը, որքան էլ որ խոցված, իրավունք ունի իրավունք ունենալու, որովհետև մեր երկրում ջրերից ավելի արյուն է ոռոգել, և այդ իրավունքն անբեկանելի է։ Արցախը երբեք չի լինելու թշնամական տերությունների կազմում։ Ես հավատում եմ մեր սեփական, հայկական, համազգային օրակարգին, թելադրող և ոչ թելադրվող, պարտադրող և ոչ պարտադրվող։ Ես հավատում եմ, որ Հայոց եռագույնը պիտի վերստին ծածանվի Քարվաճառի լեռնալանջերին, Արաքսի հովիտներում, Շուշիի և Հադրութի բարձունքներում՝ որպես հայոց սահմանների պատվի և արժանապատվության վերականգնման և վերահաստատման նոր արշալույս։ Ես հավատում եմ Հայոց բանակի փառքին ու պատվին, իր սխրանքներին ու հերոսական կենսագրությանը, իր նկարագրին, իր էությանը, պատմությանը հարազատ։ Ես հավատում եմ խաղաղությանը, որը արդարության և ճշմարտության ծնունդ է, հաղթանակող խաղաղությանն եմ հավատում»,- ասաց Տավուշի թեմի առաջնորդը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել