Հայաստանում Արցախի ներկայացուցչությունը պարզաբանում է տարածել աշխատակցի ենթադրյալ դավաճանության դեպքի վերաբերյալ

Հայաստանում ԱՀ ներկայացուցչությունը պարզաբանում է տարածել իր աշխատակից Ա․Հ․-ի կողմից պետական դավաճանություն կատարելու ենթադրյալ դեպքի առթիվ:

«Ս․թ․ հոկտեմբերի 31-ին Արցախի Հանրապետության դատախազության տարածած հաղորդագրությունը լրատվամիջոցներում ստացել էր լայն արձագանք և դրա շուրջ տարածվել էին տարբեր բնույթի մեկնաբանություններ, այդ պատճառով ՀՀ-ում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցչությունը անհրաժեշտ է համարում տրամադրելու հավելյալ պարզաբանում։

Դատախազության կողմից հրապարակված տեղեկությունը վերաբերում է 2022թ. մայիսի 25-ին Հայաստանի Հանրապետությունում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցչության աշխատակից Ա․Հ․-ի կողմից պետական դավաճանություն կատարելու ենթադրյալ դեպքի առթիվ ԱՀ ազգային անվտանգության ծառայության կողմից հարուցված քրեական գործին , որի նախաքննության ավարտի ու մեղադրական եզրակացությամբ դատախազություն ուղարկելու մասին հաղորդել էր նաև ԱՀ Քննչական կոմիտեն ։

Ցանկանում ենք իրազեկել նաև, որ գործունեության բնույթը և առանձնահատկությունները հաշվի առնելով՝ Ներկայացուցչությունը ձեռնարկել ու շարունակաբար ձեռնարկում է բոլոր միջոցները Արցախի Հանրապետության ներքին ու արտաքին անվտանգությանը սպառնացող երևույթները վեր հանելու, չեզոքացնելու կամ դրանք կանխելու ուղղությամբ: Իրավապահ մարմինների կողմից հայտարարված դեպքը նույնպես բացառություն չէ, որի բացահայտման ու դեպքի բոլոր հանգամանքների հանգամանալից հետազոտությանն իր անմիջական մասնակցությունն է ունեցել նաև Ներկայացուցչությունը՝ իրավապահ մարմինների հետ ապահովելով պատշաճ համագործակցություն»,- ասվում է հաղորդագրությունում:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել