Որո՞նք են աղբատար կոնտեյներներին և աղբանոթներին ներկայացվող հիգիենիկ պահանջները

Աղբամուղներ ունեցող շենքերում սպառման թափոնները ժամանակավոր պահվում են աղբահավաք խցերում տեղակայված մետաղական կամ պլաստմասսե, առնվազն 750 լ տարողությամբ աղբահավաք բեռնարկղերում` կոնտեյներներում:

Աղբահավաք խցի մուտքը մեկուսացվում է բնակելի շենքի մուտքից, աղբամուղի բացվածքների և աղբահավաք խցի դռները հերմետիկ փակվում են, ապահովված են լինում հարթ, բարեկարգ, ամբողջական, մաքրման, լվացման և ախտահանման հնարավորություն ընձեռող ներքին մակերեսներով:

Կոնտեյներները ունենում են կափարիչներ և աղբով լցվում են ծավալի երկու երրորդից ոչ ավելի մակարդակով: Կոնտեյներները հեշտությամբ նույնականացվում են և պարունակում են աղբահանության ընկերության հասցեն կամ անվանումը կամ ծածկագիրը: Կոնտեյներները ունենում են մաքրման և ախտահանման ենթակա հարթ մակերեսներ:

Սպառման թափոնները փոխադրում են աղբատար փոխադրամիջոցներով, որոնց կառուցվածքը բացառում է (փակ թափքերով) շրջակա միջավայրի աղտոտումը: Աղբատար փոխադրամիջոցները հեշտությամբ նույնականացվում և պարունակում են աղբահանության ընկերության հասցեն կամ անվանումը կամ ծածկագիրը:

Աղբատար փոխադրամիջոցի կառուցվածքը ապահովում է աղբի խտացումը, ունենում է աղբաջրերը հավաքող համակարգ, կողքից կամ հետնամասում կոնտեյներները բեռնող հիդրավլիկ սարք և/կամ կոնտեյներները լվանալու համակարգ:

Կոնտեյներներից աղբը հեռացնելու ժամանակ աղբահանությունը իրականացնող կազմակերպության կողմից մաքրվում և տեղափոխվում է կոնտեյներների հարակից տարածքի աղբը: Աղբահանության ժամանակ տեղափոխում են նաև աղբակույտերը և տերևակույտերը, դրանց այրումը արգելվում է:

Աղբատար փոխադրամիջոցների թափքերը ախտահանվում են աղբաթափման վայրում` աղբահանությունը իրականացնող կազմակերպության կողմից հետևյալ ախտահանիչ լուծույթներով: Աղբահավաք կոնտեյներների, աղբանոթների ախտահանման համար օգտագործվում է քլորակրի (10 %), լիզոլի (5-8%) կրեոլինի (5-8%), նավթալիզոլի (10-15%), ֆենոլի (3-5%) նատրիում մետասիլիկատի (1-3%) կամ Հայաստանի Հանրապետության «Դեղերի մասին» օրենքով սահմանված կարգով գրանցված և Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի սեպտեմբերի 20-ի «Հայաստանի Հանրապետություն դեղերի և դեղանյութերի ներմուծման և արտահանման կարգը հաստատելու մասին» N 581 որոշմամբ սահմանված կարգով ներմուծված վարակազերծիչ միջոցներով, ըստ վերջիններիս ուղեկցող հրահանգների:

Շենքերի աղբամուղները և աղբահավաք խցերը, կոնտեյներները լվացվում և ախտահանվում են նշված լուծույթներով ամիսը 1 անգամ` աղբահանությունը իրականացնող կազմակերպության կողմից: Կոնտեյներների լվացումը և ախտահանումը իրականացվում է աղբավայրում, հատուկ հատկացված վայրում կամ համապատասխան պայմանների (ջրամատակարաման և ջրահեռացման պայմաններ) առկայության դեպքում` աղբահավաք խցում:

Աղբանոթները ունենում են մաքրման և ախտահանման ենթակա հարթ մակերեսներ և տեղափոխման համար ապամոնտաժման հնարավորություն: Աղբանոթները լվացվում և ախտահանվում են նշված ախտահանիչ լուծույթներով ամիսը 1 անգամ` աղբահանությունը իրականացնող կազմակերպության կողմից:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել