ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը խոսել է ԱՊՀ երկրների ղեկավարների հետ աշխատանքի և երկրների միջև հարաբերությունների մասին։ Նախագահն ասել է, որ ԱՊՀ գործընկերները մտահոգված են Ռուսաստանի Դաշնության և Ուկրաինայի միջև հարաբերությունների զարգացմամբ, և ինքը նրանց մանրամասն տեղեկացնում է իրավիճակի մասին, սակայն դա չի ազդում երկրների միջև հարաբերությունների խորության վրա, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։
«Իհարկե, գործընկերները շահագրգռված և անհանգստացած են ռուս-ուկրաինական ուղղությամբ հարաբերությունների հետագա զարգացմամբ: Ճիշտ է, այստեղ այնքան անսպասելի բան չկա, և ես մանրամասն տեղեկացնում եմ մեր գործընկերներին այս մասին»,- ասել է Պուտինը:
Նա նաև հավելել է, որ ԱՊՀ երկրների հաղորդակցման ձևաչափերը պահանջված են. «Մեր դաշնակիցները, մեր գործընկերները ցանկանում են աշխատել նման ձևաչափերով, այս իմաստով ոչինչ չի փոխվում»:
Պուտինը նաև հավելել է. «Մենք ուշադրություն ենք դարձնում Ադրբեջանի և Հայաստանի հարաբերությունների հետ կապված որոշ իրադարձությունների, նաև այն ամենին, ինչը կատարվում է Տաջիկստանի և Ղրղզստանի միջև․ մենք բոլորս լավ գիտենք այդ ամենը»: