Աֆեկտ…

Բժշկության տեսանկյունից ֆիզիոլոգիական աֆեկտն այնպիսի վիճակ է, որի դեպքում արտաքին որոշակի պատճառներից առաջանում է հուզական ուժեղ պոռթկում (զայրույթ, բերկրանք, հուսահատություն, վիրավորվածություն և այլն)։ Հուզական այդ պոռթկման արտահայտվածության աստիճանը պաթոլոգիական աֆեկտին հակառակ համապատասխանում է այն առաջացնող գրգռիչի ուժին, ընթանում է պարզ գիտակցական ֆոնի վրա, որի հետևանքով էլ անհատի կողմից այդ վիճակում թույլ տված հակահասարակական արարքների դեպքում նա համարվում է մեղսունակ և պատասխանատու։

Ախտաբանական աֆեկտը կարճատև սուր հոգեկան խանգարում է, որն ավելի հաճախ կարող է առաջանալ ոչ լիարժեք նյարդային համակարգ ունեցող անձնավորությունների շրջանում (գանգուղեղի վնասվածք, անձի խանգարում և այլն)։ Այս դեպքում բավականին թույլ ախտածին գործոնը (որին առողջ մարդը ոչ մի ռեակցիա չէր տա) հուզական բուռն ռեակցիայի հանկարծակի առաջացման պատճառ է դառնում։ Երբեմն պատճառ կարող են դառնալ նաև խիստ հուզական իրավիճակները։ 

Նման դեպքում գիտակցությունը մթագնում է, կողմնորոշումը խանգարվում, առաջանում են պատրանքացնորային ապրումներ՝ ուղեկցված արտահայտված շարժողական գրգռվածությամբ, ագրեսիվ վարքով։ Հիվանդն այդ արտասովոր գրգռված վիճակում կարող է ջարդել, փշրել, սպանել և շրջապատի համար դառնալ խիստ վտանգավոր։ Տևողությունը երկար է մինչև մեկ ժամ, վերջանում է խոր քնով և լրիվ կամ մասնակի ամնեզիայով։

Դատահոգեբուժական տեսանկյունից ախտաբանական աֆեկտը որոշակի հետաքրքրություն է ներկայացնում, քանի որ այդ վիճակում կատարած արարքների համար հիվանդը ճանաչվում է անմեղսունակ` նկատի ունենալով, որ նա հանցանքը կատարելիս հաշիվ չի տվել իրեն ու չի կարողացել ղեկավարել իր արարքները:

Քրեական իրավունքի տեսանկյունից քրեական պատասխանատվության ենթակա չէ այն անձը, ով հանրության համար վտանգավոր արարք կատարելու պահին գտնվել է անմեղսունակության վիճակում, այսինքն՝ քրոնիկ հոգեկան հիվանդության, հոգեկան գործունեության ժամանակավոր խանգարման, տկարամտության կամ հոգեկան այլ հիվանդագին վիճակի հետևանքով չէր կարող գիտակցել իր գործողության (անգործության) վտանգավորությունը կամ ղեկավարել դա:

Հանրության համար վտանգավոր արարքն անմեղսունակության վիճակում կատարած անձի նկատմամբ դատարանը կարող է նշանակել բժշկական բնույթի հարկադրանքի միջոցներ:

 

Պատժի ենթակա չէ նաև այն անձը, ով հանցանքը կատարել է մեղսունակության վիճակում, սակայն մինչև դատարանի կողմից դատավճիռ կայացնելը հիվանդացել է հոգեկան հիվանդությամբ, որը զրկել է նրան իր գործողության (անգործության) փաստացի բնույթն ու նշանակությունը գիտակցելու կամ դա ղեկավարելու հնարավորությունից: Այդպիսի անձի նկատմամբ դատարանի նշանակմամբ կարող են կիրառվել բժշկական բնույթի հարկադրանքի միջոցներ, իսկ առողջանալուց հետո նա կարող է ենթարկվել պատժի:

Մեղսունակ անձը, ով հանցանքը կատարելիս հոգեկան խանգարման հետևանքով չէր կարող ամբողջությամբ գիտակցել իր գործողության (անգործության) փաստացի բնույթն ու հասարակական վտանգավորությունը կամ ղեկավարել դա, ենթակա է քրեական պատասխանատվության:

Սահմանափակ մեղսունակությունը, որպես մեղմացնող հանգամանք, հաշվի է առնվում պատիժ նշանակելիս և կարող է հիմք դառնալ պատժի հետ միաժամանակ բժշկական բնույթի հարկադրանքի միջոց նշանակելու համար:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել