Վերջին շրջանում սոցիալական ցանցերում լուրեր են շրջանառվում առ այն, թե իբրև ադրբեջանական կողմի հետ կա պայմանավորվածություն Ասկերանի շրջանի Իվանյան համայնքն ու Ստեփանակերտ քաղաքի Աջափնյակ թաղամասը «հանձնելու» մասին։ Այս մասին հայտնում է Արցախի տեղեկատվական շտաբը։
«Տեղեկացնում ենք, որ նման բնույթի կեղծ լուրերն ու խոսակցություններն իրականության հետ որևէ աղերս չունեն և շրջանառության մեջ են դրվում ադրբեջանական հատուկ ծառայությունների կողմից՝ մեր քաղաքացիների մոտ խուճապային տրամադրություններ, ինչպես նաև անօգնականության, անելանելիության, ճնշված լինելու զգացողություններ առաջացնելու և Հայրենիքում ապրելու կամքը կոտրելու նենգ նպատակով։
Արցախի իշխանությունները Իվանյան համայնքի ու մայրաքաղաքի Աջափնյակ թաղամասի, և, առհասարակ, Արցախի Հանրապետության որևէ բնակավայրի «հանձնելու» մասին որևէ բանակցություններ չեն տանում։ Ընդհակառակը՝ նրանք օրուգիշեր աշխատում են այս և մյուս բոլոր համայնքների բնակիչների կենսագործունեության բարելավման նպատակով երկարաժամկետ և հիմնարար լուծումներ մշակելու ու կյանքի կոչելու ուղղությամբ։
Հորդորում ենք զերծ մնալ վերոնշյալ և ցանկացած այլ բնույթի ապատեղեկատվություն տարածելուց, քանի որ դրանով նպաստում եք թշնամու ծրագրերի իրականացմանը»,-նշվում է հայտարարության մեջ։