Հեղինակային իրավունքի օբյեկտն ապօրինի օգտագործելը հանցագործություն է

Ինչպես գիտենք, հեղինակային իրավունքի օբյեկտ է համարվում գրականության, գիտության և արվեստի բնագավառներում հեղինակի ինքնուրույն կամ այլ հեղինակների հետ իրականացրած ստեղծագործական աշխատանքի յուրօրինակ արդյունքը, որն արտահայտված է բանավոր, գրավոր կամ այլ օբյեկտիվ ձևով, ներառյալ` մշտապես կամ ժամանակավոր պահպանվող էլեկտրոնային ձևը` անկախ ստեղծագործության ծավալից, նշանակությունից, արժանիքներից ու ստեղծման նպատակից:

Պետք է իմանալ նաև, որ հեղինակային կամ հարակից իրավունքի oբյեկտն ապoրինի oգտագործելը կամ հեղինակությունը յուրացնելը, ինչպես նաև առանց հեղինակային իրավունքի կամ հարակից իրավունքների իրավատիրոջ համաձայնության նրա ստեղծագործությունը շահույթ ստանալու նպատակով տեսաձայնային մագնիսական կրիչի վրա ձայնագրելը, տարածելը և (կամ) վաճառելը հանցագործություն է, որի համար նախատեսված է պատիժ:

Մասնավորապես, եթե այդ արարքը կատարվել է զգալի չափերով`

պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկից հազարապատիկի չափով, կամ կալանքով` մեկից երկու ամիս ժամկետով կամ ազատազրկմամբ` առավելագույնը մեկ տարի ժամկետով:

Նույն արարքը, որը կատարվել է`

1) պաշտպանիչ տեխնիկական միջոցների շրջանցմամբ,
2) մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ,
3) մեկից ավելի անգամ,
4) ստացված դրոշմապիտակները դրանց օգտագործման համար չնախատեսված ստեղծագործությունների կրիչների վրա փակցնելով,
5) խոշոր չափերով`

պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի հազարապատիկից երկուհազարապատիկի չափով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը երկու տարի ժամկետով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել