Գագիկ Ջհանգիրյանի գնալուց հետո փոխվել է այն, որ երբեմն քվորում չի ապահովվում՝ քանակային առումով: Այս մասին այսօր՝ հուլիսի 27-ին, ՀՀ դատավորների ընդահանուր ժողովից առաջ լրագրողների հետ զրույցում ասաց Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամ Մեսրոպ Մակյանը:
Նշենք, որ օրակարգում Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի ընտրության հարցն է։
«Այսպես ասեմ՝ ԲԴԽ նախագահը դա ղեկավար չէ, նա հավասար ձայներից օգտվող անձ է: Ընդամենն արտաքին հարաբերություններում ապահովում է ԲԴԽ-ի շփումները: Ուզում եմ ասել, որ օրենսդրությունն այնպիսինն է, որ ԲԴԽ նախագահի պաշտոնի կամ անձի փոփոխության հետ կապված, խորհրդում մեծ փոփոխություններ չեն լինում»,-նշեց նա:
Մեսրոպ Մակյանն անդրադարձավ նաև Վճռաբեկ դատարանի դատավորների ընտրությանը:
«Գիտեք, Ազգային ժողովն է ընտրում այդ մարդկանց: ԲԴԽ-ն ընդամենը դիմած անձանցից ընտրում է, կազմում է եռյակներ և ուղարկում է Ազգային ժողով: Այդ գործընթացը երկու-երեք անգամ տապալվեց այն պատճառով, որ դիմորդներ չեղան: Ինչի համար մենք այսօր այնտեղ ունենք 3 քրեական գործ քննող, 3 ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերը քննող դատավոր հինգի փոխարեն, որովհետև դիմորդներ չեղան և մենք այդքանին կարողացանք ուղարկել»,-ասաց նա:
Մակյանի խոսքով՝ պատճառները տարբեր են: Օրինակ՝ դատավորներ կան, որ սիրում են առաջին ատյանի դատարանում միանձնյա աշխատել, մարդիկ կան կոլեգիալ կազմերում չեն սիրում աշխատել:
«Եկեք ընդունենք, որ Վճռաբեկ դատարանը իրավաստեղծ գործունեություն է իրականացնում և պետք է մի քիչ գիտնականի չափորոշիչներ նաև մարդիկ ունենան, որպեսզի կարողանան նախադեպեր գրեն և այլն: Օրինակ՝ ես մի պահ փորձեցի դիմել, հետո այնտեղ կազմակերպչական և օրենսդրական փոփոխություններ եղան, մտածեցի՝ նույնիսկ ինձ համար դեռ վաղ է Վճռաբեկ դատարան գնալը, որովհետև դրան պետք է պատրաստ լինես, դա շատ լուրջ աշխատանք է»,-ասաց նա: