Մեկ ուրիշին ՄԻԱՎ-ով, սեռավարակով վարակելու համար մինչև 8 տարվա ազատազրկում է սպասվում

Քրեական նոր օրենսգրքով, որն ուժի մեջ է մտել հուլիսի 1-ից, որոշ դեպքերում՝ մեղմացվել, որոշ դեպքերում խստացվել են այլ անձի սեռավարակով վարակելու համար նախատեսված պատիժները։

Iravaban.net-ը հայտնում է, որ օրենսգրքի 177-րդ հոդվածի համաձայն՝ մեկ ուրիշին մարդու իմունային անբավարարության վիրուսով (ՄԻԱՎ) վարակելը` պատժվում է ազատազրկմամբ` առավելագույնը 5 տարի ժամկետով:

Նշված արարքը, որը կատարվել է՝

  1. հղի կնոջ նկատմամբ,
  2. անօգնական վիճակում գտնվողի նկատմամբ կամ
  3. անչափահասի նկատմամբ՝

պատժվում է ազատազրկմամբ` 4-8 տարի ժամկետով:

178-րդ հոդվածի համաձայն՝ մեկ ուրիշին մարդու իմունային անբավարարության վիրուսով հանցավոր ինքնավստահությամբ վարակելը`

պատժվում է ազատազրկմամբ՝ առավելագույնը 3 տարի ժամկետով:

Նշված արարքը, որը կատարվել է`

  1. հղի կնոջ նկատմամբ,
  2. անօգնական վիճակում գտնվողի կամ
  3. անչափահասի նկատմամբ՝

պատժվում է ազատազրկմամբ` 2-5 տարի ժամկետով:

Նախկինում այս արարքի համար պատիժ էր նախատեսված 3-8 տարի ժամկետով ազատազրկումը։

Սեռավարակով վարակելու համար պատիժներ են նախատեսված 179-րդ հոդվածով։

Մեկ ուրիշին սեռավարակով վարակելը` պատժվում է տուգանքով` առավելագույնը քսանապատիկի չափով, կամ հանրային աշխատանքներով` 80-150 ժամ տևողությամբ, կամ ազատության սահմանափակմամբ` առավելագույնը 2 տարի ժամկետով, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ` առավելագույնը 2 ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը 1 տարի ժամկետով:

Նախկինում այս արարքի համար պատիժ էր նախատեսված տուգանք՝ 200․000-400․000 դրամի չափով, կամ կալանք 1-3 ամիս ժամկետով:

Նշված արարքը, որը կատարվել է`

  • հղի կնոջ նկատմամբ,
  • անօգնական վիճակում գտնվողի նկատմամբ կամ
  • անչափահասի նկատմամբ`

պատժվում է տուգանքով՝ տասնապատիկից երեսնապատիկի չափով, կամ հանրային աշխատանքներով`100-200 ժամ տևողությամբ, կամ ազատության սահմանափակմամբ` առավելագույնը 3 տարի ժամկետով, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ` 1-2 ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը  3 տարի ժամկետով:

Նախկինում այս արարքի համար պատիժ էր նախատեսված տուգանք՝ 300․000-500․000 դրամի չափով, կամ ազատազրկում՝ առավելագույնը 2 տարի ժամեկտով։

Սեռավարակով անզգուշությամբ վարակելու համար այլ պատիժներ են նախատեսված, որոնք սահմանված են 180-րդ հոդվածով․

Մեկ ուրիշին սեռավարակով հանցավոր ինքնավստահությամբ վարակելը`պատժվում է տուգանքով` 10․000 դրամի չափով, կամ հանրային աշխատանքներով` առավելագույնը 100 ժամ տևողությամբ, կամ ազատության սահմանափակմամբ` առավելագույնը 1 տարի ժամկետով, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ` առավելագույնը 1 ամիս ժամկետով:

Նշված արարքը, որը կատարվել է`

  1. հղի կնոջ նկատմամբ,
  2. անօգնական վիճակում գտնվողի նկատմամբ կամ
  3. 3անչափահասի նկատմամբ՝

պատժվում է տուգանքով` առավելագույնը քսանապատիկի չափով, կամ հանրային աշխատանքներով` 80-150 ժամ տևողությամբ, կամ ազատության սահմանափակմամբ` առավելագույնը 2 տարի ժամկետով, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ` առավելագույնը 2 ամիս ժամկետով:

Անձը ենթակա չէ քրեական պատասխանատվության նշված հանցանքները կատարելու համար, եթե սեռական հարաբերության զուգընկերն իմացել է նրա մոտ վարակի առկայության մասին և տվել է սեռական հարաբերություն ունենալու՝ գիտակցված և կամավոր համաձայնություն:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել