Հայաստանում պետությունը Ներքին գործերի նախարարություն ստեղծելով և բազմաթիվ այլ փոփոխություններով նպատակ ունի համակարգում ծառայության անցնելը դարձնել ավելի գրավիչ, պետության ներքին անվտանգային միջավայրն՝ ավելի կառավարելի: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասաց ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը «Ներքին գործերի նախարարության ստեղծումը, քաղաքացիական վերահսկողության կարեւորությունը» թեմայով խորհրդարանական լսումներում:
«ՀՀ կառավարության 2021-2026 թվականների ծրագրի անվտանգության ոլորտին վերաբերող բարեփոխումների հատվածում առանձնահատուկ տեղ են զբաղեցնում ոստիկանության ռեֆորմները՝ Ներքին գործերի նախարարության ստեղծման առաջնահերթությամբ: Նշված բարեփոխումների շրջանակներում մենք կարողացանք մայրաքաղաքում և արդեն որոշ մարզերում ստեղծել պարեկային ծառայությունը, որի գործունեության շրջանակն աստիճանաբար ընդլայնվում է Հանրապետության տարբեր բնակավայրերով: Այն իր բարձր պրոֆեսիոնալիզմով կդառնա մրցունակ և շարունակաբար կընդլայնի մասնագիտական կարողությունները»,-ասաց Քոչարյանը:
Ըստ Քոչարյանի՝ Ներքին գործերի նախարարությունը վերականգնելով՝ պետությունը կլուծի միանգամից մի քանի կարևոր խնդիրներ: Կսահմանվեն ՆԳՆ-ի հստակ գործառույթները, կներդրվի կադրային պատրաստման նոր համակարգ: Ներքին գործերի նախարարությունը, փաստորեն, կդառնա ոլորտային ներքին քաղաքականություն մշակող մարմին:
«Ուժային կառույցների նկատմամբ ժողովրդավարական վերահսկողություն իրականացնելը խորհրդարանական կառավարման մոդելով առաջնորդվող երկրների կարևոր սկզբունքներից մեկն է: Իսկ ՆԳՆ ստեղծման ճանապարհով մենք ոչ միայն կառույցն ավելի վերահսկելի կդարձնենք, այլև կնպաստենք դրա թափանցիկ գործելաոճին և հաշվետվողականության ավելացմանը: Այս և այլ բազմաթիվ փոփոխությունները կհանգեցնեն նրան, որ մի կողմից համակարգում ծառայության անցնելը կդարձնենք ավելի գրավիչ, մյուս կողմից էլ մեր պետության ներքին անվտանգային միջավայրն ավելի կառավարելի կդառնա»,-ասաց հանձնաժողովի նախագահը:
Նրա խոսքով՝ վերջին տարիների ընթացքում Ոստիկանության, Արդարադատության նախարարության և միջազգային կառույցների հետ համատեղ աշխատանքի արդյունքում ուրվագծվել են նոր ստեղծվելիք ՆԳՆ-ի ինստիտուցիոնալ և ֆունկցիոնալ առանձնահատկությունները: Եվ լսումների նպատակն է հանրությանը ևս այդ կարևոր բարեփոխումներին մասնակից դարձնելը: