Հանրապետության բուժհաստատություններում գրանցամատյանների վարումն արդեն սկսել է իրականացվել բացառապես էլեկտրոնային եղանակով: Ինչպե՞ս է դա կատարվում, և ո՞րն է նման նորարարության նպատակն ու նշանակությանը։ Այս հարցերի շուրջ «Արմենպրես»-ը զրուցել ՝ էլեկտրոնային առողջապահության «ԱՐՄԵԴ» համակարգը սպասարկող՝ «Էլեկտրոնային առողջապահության ազգային օպերատոր» ընկերության տնօրեն Ավետ Մանուկյանի հետ։
Ի պատասխան լրագրողի այն հարցին, որ վերջերս խոսվում էր նաև էլեկտրոնային դեղատոմսերի անցնելու մասին: Ինչպե՞ս է դա արվելու և երբվանից կգործի, մասնագետը պատասխանել է․
«Մատյաններից բացի կա ևս երկու կարևոր բաղադրիչ, որոնցից մեկը էլեկտրոնային դեղատոմսերի ներդրումն է, մյուսը՝ լաբորատորիների հետազոտությունների տվյալների մուտքագրումը «ԱՐՄԵԴ» համակարգ: Էլեկտրոնային դեղատոմսերի մասը պիլոտային եղանակով փորձարկվել է «Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում։ Փորձարկվել են տարբերակները ՝ պետպատվերով և վճարովի բուժվողների պարագայում: Այսինքն, իմաստն այն է, որ բժիշկը դեղատոմս է գրում, որը հասանելի է դառնում դեղատան համար։ Եվ պացիենտը կարող է մոտենալ, դեղատնից ստանալ դեղորայքը։
Էլեկտրոնային դեղատոմսը գործածության մեջ մտնելու համար պետք է դեղերի ռեգիստրը պատրաստ լինի դրան։ Այդ նպատակով «Ակադեմիկոս Էմիլ Գաբրիելյանի անվան դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոն»-ի հետ աշխատանքներ են տարվել, վերջնական տեսքի է բերվել դեղերի ցանկը, այն շրջանառվել, հաստատվել է, և արդեն առկա է «ԱՐՄԵԴ» համակարգում։ Սա այն կարևոր քայլն է, որ պետք է արվեր մինչև էլեկտրոնային դեղատոմսերի ներդրումը, և արդեն կարող ենք արձանագրել, որ արված է։
Հաջորդ կարևոր բաղադրիչը լաբորատորիաներին է վերաբերում: Որպեսզի լաբորատոր բոլոր հետազոտությունները կուտակվեն մեկ վայրում՝ պացիենտի անձնական հաշվում, չափումների համար պետք է գործի կոդավորման միևնույն համակարգը: Օրինակ՝ մի լաբորատորիայում լեյկոցիտների հետազոտությունները կարող են կոչվել հենց այդպես՝ լեյկոցիտների, մեկ այլ լաբորատորիայում՝ արյան սպիտակ գնդիկների, և համակարգը չհասկանա, որ դա նույն պարամետրն է: Նախարարության հետ համատեղ մեծ աշխատանք է տարվել ստանդարտացման ուղղությամբ։ Մշակվել է նախնական ցուցակ՝ 3500 չափումով, որը շրջանառվել է հանրապետության բոլոր 140 լաբորատորիաներում։ Առաջարկվել է ավելացնել իրենց կողմից արվող այն հետազոտությունները, որոնք ցուցակում ընդգրկված չեն։ Արդյունքում, արդեն ունենք 16 հազար չափում պարունակող ցուցակ, որը ևս մեկ անգամ կշրջանառվի։
Դա կարևոր է, քանի որ պետք է վստահ լինենք, որ չկա այնպիսի լաբորատոր հետազոտություն, որը մեր ցուցակում ընդգրկված չէ։ Միայն սրանից հետո արդեն լաբորատորիաները կարող են ինտեգրվել ԱՐՄԵԴ համակարգին, և լաբորատոր հետազոտությունները ևս հասանելի կլինեն պացիենտի համար։ Բացի այդ, ստանդարտացումը կօգնի նաև, որպեսզի մեր լաբորատորիաների հետազոտություններն արտերկրի բուժհաստատությունների համար հասկանալի լինեն: Ստանդարտացնելիս օգտագործվում են միջազգային կոդեր։ Ուստի կարևոր է, որ նաև քաղաքացին պահանջի, որպեսզի իր կամ պետության վճարած գումարի դիմաց իրեն տրամադրված բուժծառայությունները էլեկտրոնային հետք ունենան և կուտակվեն իր անձնական հաշվում։ Դա կարող է կարևոր լինել նրա իսկ կյանքի համար»։
Լրատվամիջոցի այն դիտարկամնը, որ շատ երկրներում կա EHR (Electronic health record) հասկացությունը, երբ պացիենտի առողջության պատմությունը հասանելի է լինում նրան բուժող բժշկին, մեզ մոտ ե՞րբ կլինի նման բան՝ Ավետ Մանուկյանը նշել է, որ այդ ուղղությամբ քայլեր արվում են, և այն գործընթացները, որոնց մասին խոսեցի, իրականում այս ամենի նախապատրաստական աշխատանքներն են: Ինչպես շատ առաջադեմ երկրներում, մեզ մոտ էլ կա երկու տեսակի քարտ՝ ամբուլատոր քարտ և պատմագիր։
«Ամբուլատոր քարտը վերաբերում է առաջնային օղակին, այնտեղ ստացած ծառայություններին, և դրա էլեկտրոնային տարբերակն արդեն պատրաստ է, իսկ ստացիոնար այցերին վերաբերող քարտը կամ պատմագիրը ներառում է հիվանդանոցային բուժման ընթացքը, այնտեղ պացիենտի հետ կատարված գործողությունները։ Այս մասով, կարելի է ասել, նույնպես մեծ ծավալի աշխատանք է կատարվել և դեռ շարունակվում է։ Այն, ինչ լրացվում է թղթի վրա, պետք է մուտքագրվի համակարգում՝ հաստատված ձևաչափերով»,-նշել է նա։