Գլխավոր դատախազությունը՝ Ռուբեն Վարդազարյանի կողմից հրապարակված գաղտնի ձայնագրության մասին

Այսօր հրավիրած ասուլիսի ընթացքում Ռուբեն Վարդազարյանի կողմից հրապարակվել է ձայնագրություն իրեն վերաբերող քրեական գործի որոշ հանգամանքների վերաբերյալ: Այս մասին հայտարարել է Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը։

«ՀՀ գլխավոր դատախազությունում իրականացվող ԶԼՄ-ների և համացանցային տեղեկատվական ռեսուրսների մշտադիտարկման արդյունքում այդ ձայնագրությունը վեր է հանվել և դրանում առկա՝ քրեական գործով Ռուբեն Վարդազարյանի նկատմամբ իրականացված քրեական հետապնդման գործընթացում առերևույթ ապօրինի միջամտության հնարավոր հանգամանքները քրեադատավարական ընթացակարգով լրիվ, օբյեկտիվ և բազմակողմանի ստուգելու նպատակով ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտե՝ նկատի ունենալով, որ քննարկվող քրեական գործով, որի շրջանակներում Ռ. Վարդազարյանի նկատմամբ իրականացվել է քրեական հետապնդում, նախաքննությունը կատարվել է նախկին ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչի կողմից, ով ներկայում շարունակում է աշխատել ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում, իսկ տվյալ քրեական գործը հարուցվել է ներկայիս ԱԱԾ տնօրենի տեղակալի պաշտոնն զբաղեցնող անձի հաղորդման հիման վրա:

Հանձնարարվել է նաև ապահովել ստւգվող դրվագին առնչվող բոլոր հանգամանքների պատշաճ հրապարակայնություն:

Ինչ վերաբերում է ասուլիսի ընթացքում պարոն Վարդազարյանի կողմից «փազելի տեղն ընկնելու» տրամաբանությամբ արված՝ պաշտոնավարումն ավարտելուց հետո ՀՀ գործող գլխավոր դատախազի կողմից ՀՀ ԲԴԽ-ն ղեկավարելու մասին հայտարարություն-ենթադրություններին, ապա հարկ եմ համարում հստակ պարզաբանել, որ Արթուր Դավթյանի հետ նման հարց չի քննարկվել»,-նշել է նա:

Հիշեցնենք, որ ԲԴԽ լիազորությունները կասեցված նախագահ Ռուբեն Վարդազարյանը ասուլիսի ժամանակ հրապարակեց իր և ներկայումս ԲԴԽ նախագահի լիազորությունները կատարող Գագիկ Ջհանգիրյանի՝ 2021-ին տեղի ունեցած զրույցի ձայնագրությունը: Այն լսելուց հետո Վարդազարյանը մեկնաբանեց ձայնագրությունը՝ ասելով, որ իրեն Ջհանգիրյանը փորձում է համոզել հրաժարական ներկայացնել մինչև որոշակի ժամկետ, և այդ դեպքում իր նկատմամբ քրեական գործ չի հարուցվի:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել