Ուկրաինայի արևելքում սպանվել է ռուս գեներալ-մայոր Ռոման Կուտուզովը։ Նրա մահվան մասին հայտնել է ВГТРК-ի թղթակից Ալեքսանդր Սլադկովը։
Նշվում է, որ Կուտուզովը մահացել է՝ «իր ենթականերին հարձակման տանելու ժամանակ»։
Сводки от ополчения Новороссии տելեգրամյան ալիքը տեղեկություն է հրապարակել, որ Կուտուզովը մահացել է Նիկոլաևկա գյուղում։
Հունիսի 5-ի երեկոյան Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբը հայտնել է, որ Նիկոլաևկայի և Բելոգորովկայի շրջանում ռուսական զորքերը «գրոհային գործողություններ» են իրականացրել և «կենդանի ուժի և տեխնիկայի զգալի կորուստներ են կրել»։
Թե որ ստորաբաժանումն էր ղեկավարում գեներալ Կուտուզովը, դեռ չի հաղորդվում։ 2019 թվականին նա ՌԴ ՊՆ կայքում նշվում էր որպես 29-րդ համակցված բանակի ժամանակավոր հրամանատար, իսկ 2017 թվականին՝ 5-րդ։
Ռոման Կուտուզովը չորրորդ ռուս գեներալն է, ում մահը պատերազմի ժամանակ հաստատվել է տարբեր պաշտոնական աղբյուրների կողմից։ Ուկրաինայի իշխանությունները հայտնել են առնվազն յոթ գեներալի մահվան մասին, սակայն դրանից հետո պարզվել է, որ նրանցից առնվազն երկուսը ողջ են, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։