Պայքարի առաջին օրից իշխանությունը փորձում է հիմքեր ստեղծել ինձ կալանքի տանելու համար: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց Ազգային ժողովի փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը:
«Պատրաստ եմ պատասխանատվություն կրել տուժած քաղաքացիների և ոստիկանների համար, իսկ ՔՊ-ն պետք է պատասխան տա 5000 զոհված տղաների և հանձնված տարածքների համար։ Այսօրվա միջադեպը եղել է հրահրված։ Սադրանքը կազմակերպել է ոստիկանությունը՝ Նիկոլի հրահանգով։ Ոստիկանությունն այսօր հատուկ միջոց է կիրառել քաղաքացիների նկատմամբ, իսկ մենք ընդամենը պահանջել ենք բացել փողոցը, որ շարունակենք մեր երթը»,- ասաց նա։
Վերջինիս խոսքով՝ հայ ժողովրդի 90 տոկոսից ավելին դեմ է, որ Արցախը լինի Ադրբեջանի կազմում։
«Հայտնվել են մի խումբ մարդիկ, որոնք ասում են, որ կարգավիճակի նշաձող են իջեցնում։ Նրանք հավատում են, որ ադրբեջանցին պետք է ապահովի արցախցու անվտանգությունը։ Պայքարը միայն Արցախի համար չէ։ Վաղը կարող ենք կորցնել Սյունիքը և հայկական պետականությունը։ Մենք նոր բան չենք պահանջում․ ասում ենք՝ վերահաստատեք 1992 թ․ Գերագույն Խորհրդի որոշումը և առաջնորդվեք ՀՀ Անկախության հռչակագրով»,- ասաց նա։
Նշենք, որ ավելի վաղ «Դիմադրություն» շարժման մասնակիցները շրջափակել էին Կառավարության շենքի բոլոր մուտքերը, որից հետո երթով շարժվեցին դեպի Կառավարական առանձնատուն, որտեղ էլ կանգ առան:
Ազգային ժողովի փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանն էլ՝ դիմելով հավաքված ոստիկաններին, կոչ արեց բացել ճանապարհը, որպեսզի շարժման մասնակիցները կարողանան այդ կողմով շարժվել Ազգային ժողով, որից հետո քաշքշուկ և հրմշտոց սկսվեց ոստիկանների և շարժման մասնակիցների միջև: Ոստիկանները սկսեցին բերման ենթարկել ցուցարարներին։
Հիշեցնենք, որ ընդդիմադիր խմբակցություններն այսօր հայ-ադրբեջանական և հայ-թուրքական հարաբերությունների օրակարգով ԱԺ արտահերթ նիստ էին հրավիրել, սակայն իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը բոյկոտել էր նիստը, որի արդյունքում այն տեղի չունեցավ: