Քեզ մնում է մի բան. Գեղամ Նազարյանը՝ Նիկոլ Փաշինյանին

Տանը էլ անելու բան չկա. այս մասին այսօր՝ հունիսի 3-ին, Ֆրանսիայի հրապարակում ընթացող «Դիմադրություն» շարժման հանրահավաքի ժամանակ ասաց Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյան:

«Երբ կոչ ենք անում ինչ-որ մի տեղ հավաքվել, խնդրում եմ մի ասեք, որ երեխային բալետ կամ խմբակ էինք տանում, փայտ էինք ջարդում և այլն: Ժողովուրդ, այդ ամենն անիմաստ է լինելու, եթե մենք չարձանագրենք, որ այս կռիվը մեր հայրենիքի արժանապատվության համար է:

Այսօր մենք արձանագրեցինք, որ Նիկոլ Փաշինյանն ու իր թիմը փախան Ազգային ժողովից, կառավարությունից, Կառավարական առանձնատներից և Հայաստանից: Նա այլևս Հայաստանի ղեկավար չի կարող լինել, որովհետև լուսաձայնային զենք է կիրառել: Այն տղաները, որոնք լուսաձայնային նռնակներ կիրառեցին դրեցին Նիկոլ Փաշինյանի վերջը: Քեզ մնում է մի բան. ինչպես փախել ես, այնպես էլ գնա ու այս երկիրը ազատիր չարից»,- ասաց նա:

Վերջինս՝ դիմելով քաղաքացիներին, կոչ արեց չատել ոստիկաններին, քանի որ ըստ իրեն՝ Նիկոլ Փաշինյանի ուզածն էլ հենց դա է:

Նշենք, որ ավելի վաղ «Դիմադրություն» շարժման մասնակիցները շրջափակել էին Կառավարության շենքի բոլոր մուտքերը, որից հետո երթով շարժվեցին դեպի Կառավարական առանձնատուն, որտեղ էլ կանգ առան:

Ազգային ժողովի փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանն էլ՝ դիմելով հավաքված ոստիկաններին, կոչ արեց բացել ճանապարհը, որպեսզի շարժման մասնակիցները կարողանան այդ կողմով շարժվել Ազգային ժողով, որից հետո քաշքշուկ և հրմշտոց սկսվեց ոստիկանների և շարժման մասնակիցների միջև: Ոստիկանները սկսեցին բերման ենթարկել ցուցարարներին։

Հիշեցնենք, որ ընդդիմադիր խմբակցություններն այսօր հայ-ադրբեջանական և հայ-թուրքական հարաբերությունների օրակարգով ԱԺ արտահերթ նիստ էին հրավիրել, սակայն իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը բոյկոտել էր նիստը, որի արդյունքում այն տեղի չունեցավ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել