Մեր 5 ընկերների համար երաշխավորություն ենք ներկայացրել. Արամ Վարդևանյան

Ժամը 15:00-ից գտնվում էինք Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Գյումրիի նստավայրում: Այս մասին այսօր՝ հունիսի 2-ին, ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ ասաց Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը:

Վերջինս նշեց, որ գյումրեցիների հետ խոսել են տարբեր թեմաներով, բայց իրենց այնտեղ գտնվելու պատճառը եղել է դատական նիստը:

«Հայտնի դեպքը մեր 5 ընկերների և տարեց հայրենակիցների միջև տեղի ունեցած վիճաբանությունն է: Մեր տարեց հայրենակիցների ներկայացուցիչը՝ փաստաբանը, հենց դատական նիստի ընթացքում հայտարարեց, որ որևէ բողոք-պահանջ իրենք չունեն: Այսինքն մեր հայրենակիցները դեպքը համարել են թյուրիմածություն:

Մենք ներկայացրել ենք երաշխավորություն մեր 5 ընկերների համար, բայց դատարանը բոլորի վերաբերյալ էլ կայացրեց կալանավորումը անփոփոխ թողնելու մասին որոշում»,-ասաց նա:

Պատգամավորի խոսքով՝ կալանքը մնալու է, որովհետև գործող իշխանությունների մոտ միայն բոլորին կալանավորելն է լավ ստացվում:

« Դատարաններում առկա խնդիրները և վատ դատավորները երկրորդական են, իսկ առաջնայինը՝ առանց Նիկոլ Հայաստան ունենալն է:

Նրա խոսքով՝ Հայաստանում արդարադատություն ակնկալելը դարձել է միամտություն ու չափից շատ օպտիմիզմի դրսևորում:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել