Խորհրդարանական ընդդիմությունն այս շաբաթ չի մասնակցելու նիստերին ու մեկնելու է Արցախ․ Սեյրան Օհանյան

Ազգային ժողովում մեկնարկել է հերթական քառօրյա նիստը։ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Սեյրան Օհանյանը հայտարարեց, որ խորհրդարանական ընդդիմությունն այս շաբաթ չի մասնակցելու նիստերին ու մեկնելու է Արցախ։

«Հայաստանի ու Արցախի առաջ լրջագույն մարտահրավերներ են ծառացել՝ պայմանավորված միջազգային գլոբալ ճգնաժամով և Թուրքիայի ու Ադրբեջանի հակահայ վարքագծով։ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշինքների նախաձեռնած հանրահավաքում մեր հայրենակիցների կողմից նշվեցին երկրի անվտանգությանն առնչվող այն կարմիր գծերը, որոնցից այն կողմ որևէ իշխանություն իրավունք չունի քայլ անել։ Մեզ համար սակարկելի չեն ՀՀ անկախության հռչակագրում նշված դրույթները մեր տարածքային ամբողջականությունը, սուվերենությունը։ Անընդունելի ենք համարում ղարաբաղյան հակամարտության կարգավորման որևէ տարբերակ, որի դեպքում Արցախը կարող է հայտնվել Ադրբեջանի կազմում»,-ասաց Սեյրան Օհանյանը։

Նա նաև նշեց, որ համոզված են՝ Հայաստանի օրվա իշխանություններն անկարող են լուծել ներքին ու արտաքին բազմաթիվ խնդիրներ։ Վերջին զարգացումները հաստատում են այն մտահոգությունները, որ ամեն ինչ ընթանում է ադրեբջանաթուրքական օրակարգով, կա սպառնալիք Հայաստանի տարածքային ամբողջականությանը, վտանգված է Արցախը։

«Այսպես կոչված՝ խաղաղության պայմանագրի շրջանակներում մեր ժողովրդին նախապատրաստում ենք նոր զիջումների, նոր պարտության, նոր նվաստացման։ Իրավիճակին ոչ համարժեք է դրսևորում իրեն խորհրդարանական մեծամասնությունը, որը մեր իրական օրակարգերն Ազգային ժողովում քննարկելու, լուծումներ գտնելու փոխարեն բացարձակ ձեռնպահ կեցվածք է ընդունում, մանավանդ, երբ հարցը վերաբերում է Արցախին և կցված լինելով գործադիր իշխանությանը՝ ապաքաղաքական է դարձնում քաղաքական թիվ մեկ ինստիտուտը՝ խորհրդարանը։

Ելնելով ստեղծված իրավիճակից՝ խորհրդարանական ընդդիմությունը՝ հիմք ընդունելով Ազգային ժողովի կանոնակարգը, հայտարարում է, որ չի մասնակցելու այս շաբաթվա նիստերին և քվեարկություններին, մեկնում ենք Արցախ և Հայաստանի Հանրապետության սահմանամերձ մարզեր՝ որպես շարունակություն մեր հայրենակիցների հետ անմիջական շփման, լինելու ենք այնտեղ, որտեղ այսօր մեր երկրի առաջնահերթ օրակարգն է»,-հայտարարեց Սեյրան Օհանյանը։

Նա Արցախի դրշոը տեղադրեց Ազգային ժողովի ամբիոնի վրա՝ նշելով․ «Պաշտապնելով Արցախը՝ պաշտպանում ենք Հայաստանը»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել