Ռուսաստանը, Եգիպտոսը, Ճապոնիան, Իտալիան և մի շարք այլ երկրներ մուտքի և ելքի նոր սահմանափակումներ են սահմանել, այդ թվում` ՀՀ քաղաքացիների համար

Իրավաբան․net-ը հայտնում է, որ համավարակով պայմանավորված օտարերկրյա քաղաքացիների, այդ թվում ՀՀ քաղաքացիների այլ պետություններ մուտքի և ելքի սահմանափակումներում ապրիլին փոփոխություններ են եղել։

Արաբական Միացյալ Էմիրություններ

Սահմանը հատելու ռեժիմը

Համաձայն նոր կարգի անկախ ժամանման երկրից Աբու Դաբի մուտք գործող պատվաստված (ԱՄԷ-ն ընդունում է ԱՀԿ և ԱՄԷ առողջապահության կողմից ընդունված բոլոր պատվաստումները՝ քաղաքացիներն ազատվել են ՊՇՌ թեստ ներկայացնելու պահանջից, իսկ չպատվաստվածները պետք է ներկայացնեն կամ 48 ժամվա վաղեմություն ունեցող ՊՇՌ թեստի բացասական պատասխան, կամ երկիր ժամանելուն նախորդող 30 օրվա ընթացքում Քովիդ 19-ից ապաքինման վկայագիր QR կոդի առկայությամբ (բացառությամբ մինչև 16 տարեկան երեխաները):

Աբու Դաբի մուտք գործելուց ՊՇՌ պարտադիր թեստ հանձնելու պահանջը նույնպես հանվել է, սակայն օդանավակայանում հնարավոր է կամավոր վճարովի (40 ԱՄԷ դիրհամ/մոտ 11 ԱՄՆ դոլար) ՊՇՌ թեստ հանձնել ԱՄԷ Ալ Հոսն (Al Hosn) հավելվածով Աբու Դաբիի հանրային վայրեր առավել հեշտ մուտք գործելու համար, քանի որ Աբու Դաբիում հիշյալ վայրեր մուտք գործելու համար անհրաժեշտ է ունենալ ամբողջական պատվաստում և առնվազն 14 օրվա վաղեմության ԱՄԷ-ում կատարված ՊՇՌ թեստի բացասական պատասխան:

Այլ էմիրություններից ցամաքային ճանապարհով Աբու Դաբիի էմիրություն մուտք գործելու սահմանափակումները նույնպես վերացվել են:

Քաղաք Դուբայ մուտք գործելիս օտարերկրյա քաղաքացիները պետք է ներկայացնեն ներքոնշյալ փաստաթղթերից որևէ մեկը․

  • տպած կամ QR կոդ պարունակող թվային պատվաստման սերտիֆիկատ անգլերեն կամ արաբերեն լեզուներով, որը հաստատում է ուղևորի լիարժեք պատվաստված լինելը։ ԱՄԷ առողջապահության նախարարության կողմից ընդունված են հետյալ պատվաստանյութեր՝ (AstraZeneca (Vaxzevria), AstraZeneca (SK Bioscience), Covaxin, Covishield, Covovax, Janssen, Moderna (Spikevax), Nuvaxovid (Novavax), Pfizer-BioNTech (Comirnaty), Sinopharm, Sinovac և Sputnik V),
  • տպած կամ QR կոդ պարունակող  թվային ՊՇՌ թեստի բացասական արդյունք՝ 48-ժամյա վաղեմությամբ անգլերեն կամ արաբերեն լեզուներով
  • բժշկական վկայական QR կոդով անգլերեն կամ արաբերեն լեզուներով, որը հաստատում է, որ  անձի Coronavirus SARS Cov-19 հիվանդությունից առողջացած լինելուց մինչև Դուբայ ժամանման օրը անցել է մեկ ամիս։

Երկիր մուտք գործելու սահմանափակումները (առողջապահական և այլն)

Աբու Դաբի էմիրության հասարակական վայրեր (բացառությամբ փոքր խանութներ և դեղատներ) մուտքի թույլտվություն ունենալու համար քաղաքացիները պետք է ներկայացնեն ամբողջական պատվաստումը հավաստող տեղեկանք (էլեկտրոնային) և մինչև 30 օր վաղեմություն ունեցող ՊՇՌ թեստի բացասական պատասխան, իսկ չպատվաստված քաղաքացիները պետք է ներկայացնեն առավելագույնը 48 ժամվա վաղեմություն ունեցող ՊՇՌ թեստի բացասական պատասխան:

Դուբայ էմիրությունում հասարակական վայրեր այցելելու համար որևէ սահմանափակումներ չկան, բացառությամբ պետական հիմնակրներ՝ որտեղ պահանջվում է ներկայացնել ՊՇՌ թեստի բացասական արդյունք։

Բելառուս

Սահմանը հատելու ռեժիմը

  • Օտարերկրացիների մուտքը Բելառուսի Հանրապետության տարածք իրականացվում է բացառապես օդային ճանապարհով: Ցամաքային սահմանային անցակետերով մուտքը ժամանակավորապես դադարեցված է (բացառությամբ` Բելառուսի Հանրապետությունում ժամանակավոր (մշտական ​​բնակության թույլտվություն ունեցող անձանց),
  • Օտարերկրացիները, ովքեր ունեն Բելառուսի Հանրապետությունում մշտական ​​կամ ժամանակավոր բնակության թույլտվություն ՊՇՌ-թեստի կարիք չունեն։

Երկիր մուտք գործելու սահմանափակումները (առողջապահական և այլն)

Բելառուսի Հանրապետության տարածք մուտք գործելու համար (նկատի ունենալ առաջին կետը) բոլոր օտարերկրացիներին (վեց տարին լրացած) պահանջվում է ունենալ կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) ախտորոշման ՊՇՌ հետազոտության բացասական արդյունքը հավաստող բժշկական տեղեկանք (սերտիֆիկատ) թղթային կամ էլեկտրոնային տարբերակով, ներառյալ «Путешествую без COVID-19» բջջային հավելվածի միջոցով (Եվրասիական Տնտեսական Միության անդամ պետությունների քաղաքացիներ) առավելագույնը 3 օրվա վաղեմության ժամկետով կամ COVID-19-ի դեմ պատվաստված լինելը հավաստող սերտիֆիկատ (սահմանահատումը պետք է իրականացվի պատվաստման կուրսից առնվազն 1 ամիս հետո և ոչ ուշ, քան 12 ամիս առաջ)(նկատի ունենալ երկրորդ կետը)։

Բելառուսի Հանրապետության տարածքով (օդանավակայանում) 24-ժամյա տարանցումը հաստատող փաստաթղթի առկայության պարագայում, PCR-թեստ անհրաժեշտ չէ: Եթե ​​տարանցումը գերազանցում է 24 ժամը, ապա սահմանով անցնելը հնարավոր է միայն կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) ախտորոշման ՊՇՌ հետազոտության բացասական արդյունքը հավաստող սերտիֆիկատի առկայության դեպքում։

Սահմանափակումները չեն վերաբերվում դիվանագիտական անձնագրեր կրող անձանց։

Բելգիա

Սահմանը հատելու ռեժիմը

Պետք է ՄԻՇՏ լրացնել Passenger Location Form (PLF) – ը հետևյալ դեպքերում և անկախ այն հանգամանքից, թե արդյոք ժամանողը Բելգիայում կենալու է 48 ժամից պակաս կամ եղել է արտասահմանում 48 ժամից պակաս ժամանակով.

  • եթե ժամանողը ճամփորդում է Բելգիա՝ օդային կամ ծովային ուղով,
  • եթե ժամանողը ճամփորդում է Բելգիա՝ գնացքով կամ ավտոբուսով՝ ԵՄ-ից կամ Շենգենյան տարածքից դուրս գտնվող երկրից (օրինակ՝ Eurostar-ով՝ Միացյալ Թագավորությունից),
  • եթե ժամանողը վերջին 14 օրերի ընթացքում եղել է խիստ բարձր ռիսկայնության երկրում:

Երկիր մուտք գործելու սահմանափակումները (առողջապահական և այլն)

Ինքնամեկուսացում և թեստավորում

  • Եթե ժամանողը պատվաստված է կամ ունի բուժման/առողջանալու հավաստագիր, ապա նա չի հանձնում թեստ և չի ինքնամեկուսանում:
  • Եթե ժամանողը պատվաստված չէ կամ չունի բուժման/առողջանալու հավաստագիր, ապա պետք է հանձնած լինի ՊՇՌ/PCR թեստ՝ Բելգիա ժամանելուց առավելագույնը 72 ժամ առաջ կամ RAT/արագընթաց անտիգեն թեստ՝ ժամանումից մեկ օր առաջ կամ՝ ժամանման օրը: Թեստը պետք է լինի բացասական: Ժամանման օրը կարանտին/ինքնամեկուսացում չի պահանջվում: Ժամանումից հաշվված 7-րդ օրը կրկին պետք է հանձնել թեստ:
  • 12 տարեկանից ցածր երեխաներից չի պահանջվում թեստ հանձնել:
  • Ժամանողը համարվում է լիարժեքորեն պատվաստված՝ վերջին պատվաստումից երկու շաբաթ անց և եթե պատվաստանյութը EMA-certified կամ Covishield է:
  • Սեպտեմբերի 1-ից ոչ-ԵՄ երկրների պատվաստման հավաստագրերը (vaccination certificates from non-EU countries) Բելգիայում ընդունելի են համարվում որոշակի պայմաններով, եթե կա դրանց առնչությամբ համարժեքության պայմանագիր ԵՄ հետ:
  • Բուժված լինելու հավաստագրի առկայության պարագայում, եթե ներկայացվում է ՊՇՌ դրական թեստ՝ 180 օրվանից ոչ վաղ ժամկետով, ապա ժամանողը կարող է չինքնամեկուսանալ:
  • Թեստի հավաստագիրը ապացույց է COVID-19-ի բացասական PCR/ՊՇՌ թեստի արդյունքի մասին այն դեպքում, եթե դրա 72 ժամը չի ավարտվել կամ արագընթաց անտիգեն/RAT թեստի արդյունքի մասին, եթե դրա 36 ժամը չի ավարտվել:

ՀՀ դիվանագիտական անձնագրերով ժամանողները Բելգիա ևս մուտք են գործում ըստ ընդհանուր սահմանված և գործող կարգի՝ համապատասխան պատվաստման կամ թեստավորման հավաստագրեր ներկայացնելու պայմանով: Առավել մանրամասն տեղեկատվությունը կարել է գտնել Բելգիայի ԱԳՆ սույն կայքում:

Բուլղարիա

Սահմանը հատելու ռեժիմը

2022թ. ապրիլի 1-ից մայիսի 15-ն ընկած ժամանակահտվածում Բուլղարիայի տարածք մուտքի ռեժիմը կանոնակարգվում է ԲՀ առողջապահության նախարարի РД-01-152/30.03.2022 հրամանով, համաձայն որի այլ պետություններից ժամանող անձինք Բուլղարիա մուտք գործելիս պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերից մեկը.

  • պատվաստման մասին վավեր ԵՄ վկայական կամ նույնաբովանդակ փաստաթուղթ, Covid-ով հիվանդացած լինելու մասին վավեր վկայական կամ թեստ կամ նույնաբովանդակ փաստաթուղթ, որը պարունակում է նույն տվյալներն, ինչ ԵՄ թվային վկայականը,
  • պահաջվող փաստաթուղթը չներկայացնելու դեպքում իրավասու մարմնի ցուցումով սահմանվում է 10-օրյա կարանտին տանը կամ բնակության այլ վայրում, որը տվյալ անձը ներկայացնում է որպես իր կեցավայր,
  • ինքնամեկուսացված անձը կարող է հանձնել PCR կամ RAT թեստ (թվարկված սույն որոշման հավելված № 2-ում) երկիր ժամանելուն հաջորդող 72 ժամից ոչ շուտ։ Բացասական պատասխանի դեպքում կարանտինը դադարեցվում է COVID-19-ի դեմ պայքարի ազգային տեղեկատվական համակարգում հետազոտության տվյալների գրանցման օրվանից։
  • Ուկրաինայից ժամանող անձինք կարող են ԲՀ տարածք մուտք գործել պատվաստման մասին վավեր ԵՄ վկայական կամ նույնաբովանդակ փաստաթուղթ, Covid-ով հիվանդացած լինելու մասին վավեր վկայական կամ թեստ կամ նույնաբովանդակ փաստաթուղթ ներկայացնելու դեպքում, որը պարունակում է նույն տվյալներն, ինչ ԵՄ թվային վկայականը: Պահաջվող փաստաթուղթը չներկայացնելու դեպքում հնարավոր է անցնել RAT հետազոտություն սահմանային առողջապահության վերահսկողություն իրականացնող մարմինների կողմից, եթե կա նման հնարավորություն կամ իրավասու մարմնի ցուցումով կսահմանվի 10-օրյա կարանտին տանը կամ բնակության այլ վայրում, որը տվյալ անձը ներկայացնում է որպես իր կեցավայր:

Երկիր մուտք գործելու սահմանափակումները (առողջապահական և այլն)

ԲՀ տարածք մուտք գործելիս նշյալ որոշմամբ սահմանված փաստաթղթեր ներկայացնելու պահանջից բացառություն կարող են լինել՝

  • ուղևորների միջազգային փոխադրումներում ներգրավված ավտոբուսների վարորդները և ուղեկցորդները,
  • բեռնատարների վարորդներն, ովքեր իրականացնում կամ ավարտում են միջազգային բեռնափոխադրումները ԲՀ տարածք մտնելիս,
  • նավերի անձնակազմաերի անդամները և դրանց սպասարկող անձնակազմերը, ովքեր ԲՀ տարածք մուտք գործելիս իրականացնում են իրենց ծառայողական պարտականությունները,
  • դեպի ԲՀ տարածքում գտնվող հանրային oդանավակայաններ և դրանցից չվերթներ իրականացնող օդանավերի և դրանց սպասարկող անձնակազմերը,
  • սահմանային աշխատողները՝ անձինք, ովքեր բնակվում են Բուլղարիայում և ամեն օր կամ ոչ պակաս, քան շաբաթական մեկ անգամ հատում են սահմանը՝ մուտք գործելով ԵՄ անդամ պետություն, Թուրքիայի Հանրապետություն, Սերբիայի Հանրապետություն կամ Հյուսիսային Մակեդոնիայի Հանրապետություն՝ ինքնագործ կամ այլ աշխատանք իրականացնելու նպատակով, ինչպես նաև անձինք, ովքեր ապրում են նշյալ պետություններում և ամեն օր կամ առնվազն շաբաթական մեկ անգամ այցելում են Բուլղարիա՝ ինքնագործ կամ այլ աշխատանք իրականացնելու նպատակով,
  • Հունաստանում, Թուրքիայում, Սերբիայում, Հյուսիսային Մակեդոնիայի Հանրապետությունում և Ռումինիայում բնակվող աշակերտները, ուսանողները և հետբուհական կրթություն ստացող անձինք, ովքեր մուտք են գործում Բուլղարիա կրթական նպատակով, ինչը հավաստվում է համապատասխան հաստատության կողմից տրված փաստաթղթով, ինչպես նաև այն ուսանողներն ու հետբուհական կրթություն ստացող անձինք, որոնք ապրում են Բուլղարիայում և այցելում են Հունաստան, Թուրքիա, Սերբիա, Հյուսիսային Մակեդոնիայի Հանրապետություն և Ռումինիա կրթական նպատակով, ինչը հավաստվում է համապատասխան կրթական հաստատության կողմից տրված փաստաթղթով,
  • ԲՀ տարածքով տարանցում կատարող անձինք, երբ նրանց կողմից ԲՀ տարածքն անմիջապես լքելը երաշխավորվում է,
  • մինչև 12 տարեկան երեխաները:

Եգիպտոս

Սահմանը հատելու ռեժիմը

Օտարերկրացիների համար մուտքի/ելքի սահմանափակումները գործում են միայն ՊՇՌ թեստի դրական պատասխանի պարագայում:

Երկիր մուտք գործելու սահմանափակումները (առողջապահական և այլն)

1)Եգիպտոս ժամանող բոլոր օտարերկրացիները պետք է ունենան վարակակիր չլինելու մասին տեղեկանքի բնօրինակը (ՊՇՌ թեստի բացասական պատասխան*) տրված ոչ ուշ քան երկիր մեկնելուց 72 ժամ առաջ։ Ճապոնիայից, Չինաստանից, Թաիլանդից, Հյուսիսային Ամերիկայից, Հարավային Ամերիկայից, Կանադայից, Լոնդոնից (Հիթրո օդանավակայան), Փարիզից, Ֆրանկֆուրտից, Հռոմից, Նոր Զելանդիայից, Ավստրալիայից և Կորեայի Հանրապետությունից ժամանող օտարերկրացիները՝ 96 ժամ առաջ։ Մինչև 6 տարեկան երեխաներից ՊՇՌ թեստի հանձնումը չի պահանջվում։ Շարմ էլ Շեյխ, Թաբա, Հուրգադա և Մարսա Ալամ քաղաքների օդանավակայաններ ուղիղ չվերթով ժամանող օտարերկրացիները ՊՇՌ տեղեկանքի բացակայության պարագայում կարող են հանձնել ՊՇՌ թեստը օդանավակայանում (30 ամ.դ.)։ Այնուհետ հիշյալ օտարերկրացիները մեկուսացվում են իրենց կողմից ամրագրված հյուրանոցային սենյակներում մինչև ՊՇՌ թեստի բացասական պատասխանի ստացումը։

* ՊՇՌ տեղեկանքը պետք է լինի լրացված անգլերեն կամ արաբերեն, թեստի տեսակը պետք է լինի «RT-PCR»․

2) Եգիպտոս կարող են ժամանել պատվաստված քաղաքացիները։ Pfizer, AstraZeneca, Moderna, Sinopharma, Sinovac, Sputnik պատվաստանյութերի պարագայում՝ երկրորդ չափաբաժինը ստանալուց 14 օր հետո։ Johnson & Johnson պատվաստանյութի պարագայում՝ առաջին չափաբաժինը ստանալուց 14 օր հետո։

Թուրքմենստան

Սահմանը հատելու ռեժիմը

2020թ. մարտի 20-ից գործում է օտարերկրյա քաղաքացիների (բացառությամբ՝ դիվանագիտական ներկայացուցչությունների անձնակազմի և դեսպանընկալ երկրի կառավարության որոշումներով սահմանվող մասնավոր դեպքերի) Թուրքմենստան մուտքի արգելք։ Վերջիններիս ելքի սահմանափակումներ չեն գործում։

Ներկայում դեպի Թուրքմենստան և Թուրքմենստանից որևէ ուղղությամբ կանոնավոր ուղևորափոխադրումներ չեն իրականացվում: Կանոնավոր չվերթների իրականացման սահմանափակումները շարունակում են ուժի մեջ մնալ մինչ դրանց վերացման մասին պաշտոնական հայտարարության տարածումը։

Երկիր մուտք գործելու սահմանափակումները (առողջապահական և այլն)

Երկիր մուտք գործող քաղաքացիներից պահանջվում է ներկայացնել կորոնավիրուսային վարակի բացակայությունը հավաստող և առավելագույնը 48 ժամ վաղեմությամբ բժշկական տեղեկանք, ինչպես նաև պատվաստված լինելը հավաստող տեղեկանք (ընդ որում պատվաստանյութի առաջին չափաբաժինը անհրաժեշտ է ստանալ ժամանումից նվազագույնը 42, իսկ երկրորդը՝ նվազազագույնը 21 օր առաջ)։ Պատվաստման վկայականի բացակայության դեպքում՝ անհրաժեշտ է ներկայացնել նաև տեղեկանք հակամարմինների առկայության կամ պատվաստման հակացուցման վերաբերյալ։

Դեսպանընկալ երկիր ժամանելուն պես իրականացվում է քաղաքացիների մոտ կորոնավիրուսի առկայության ՊՇՌ թեստավորում։ Դիվանագիտական կամ համարժեք կարգավիճակ չունեցող ժամանող քաղաքացիներից պահանջվում է նաև անցնել պարտադիր 21-օրյա կարանտին հատուկ կարանտինային հաստատություններում։

Դիվանագիտական ներկայացուցչությունների աշխատակիցները և վերջիններիս ընտանիքի անդամները Թուրքմենստան ժամանելուց հետո պետք է անցնել 14-օրյա ինքնամեկուսացում՝ ըստ բնակության վայրի։

Իտալիա

Երկիր մուտք գործելու սահմանափակումները (առողջապահական և այլն)

Իտալիա մուտք գործելու համար /նաև տարանցիկ/ հարկավոր է ներկայացնել

  • տեղաշարժի վերաբերյալ առցանց լրացված թերթիկ /Passenger Locator Form digital(dPLF)  https://app.euplf.eu// հարցաթերթիկի բացակայության դեպքում մուտքը փոխադրամիջոց կարող է մերժվել  փոխադրողի կողմից /կարող է ներկայացվել նաև թղթային տարբերակով/
  • ներկայացնել ա)-ից դ) կետերով նախատեսված փաստաթղթերից որևէ մեկը.

ա) կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ ամբողջական պատվաստված լինելը հավաստող սերտիֆիկատ՝ առավելագույնը 9 ամսվա վաղեմության

բ) կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ ամբողջական պատվաստված լինելը և 3-րդ դեղաչափի /booster/ պատվաստումը հավաստող սերտիֆիկատ

գ) COVID-19-ից ապաքինված լինելու վերաբերյալ սերտիֆիկատ՝ առավելագույնը 6 ամսվա վաղեմության

դ) առավելագույնը 72 ժամ վաղեմության COVID-19 մոլեկուլային /PCR/ կամ 48 ժամ վաղեմության անտիգենային հետազոտության թեստի բացասական արդյունքը հավաստող սերտիֆիկատ

ա)-ից դ) կետերով նախատեսված փաստաթղթերից որևէ մեկի չներկայացման դեպքում կիրառվում է 5-օրյա պարտադիր ինքնամեկուսացում /Passenger Locator Form digital(dPLF)  https://app.euplf.eu// հարցաթերթիկում նշված հասցեում, իսկ ինքնամեկուսացման ավարտին պահանջվում է հանձնել անտիգենային կամ մոլեկուլային /PCR/ թեստ մինչև 6 տարեկան երեխաների համար բացասական թեստ կամ պատվաստման սերտիֆիկատ չի պահանջվում։

Ընդունվում են միայն EMA-ի կողմից հաստատված պատվաստանյութերը՝

Vaxzevria (previously COVID-19 Vaccine AstraZeneca) – AstraZeneca AB

Spikevax (previously COVID-19 Vaccine Moderna – Moderna Biotech Spain S.L.

Nuvaxovid – Novavax CZ, a.s.

COVID-19 Vaccine Janssen – Janssen-Cilag International NV

EMA-ի կողմից հաստատված պատվաստանյութերի ցանկին ծանոթնալու համար այցելեք այս հղումով։

Ինդոնեզիա

Սահմանը հատելու ռեժիմը

Օտարերկրյա քաղաքացիներին ժամանակավորապես արգելվում է մուտք գործել Ինդոնեզիա, բացառությամբ ստորև նշված իրավական կարգավիճակ ունեցող անձանցից.

  • Դիվանագիտական կամ պաշտոնական վիզայի կրող անձանց՝ պաշտոնական (նախարարական) այցի կամ ավելի բարձր մակարդակի այցի համար,
  • Ինդոնեզիայի կացության թույլտվություն ունեցող անձանց (ITAS, ITAP, ABTC, դիվանագիտական/ծառայողական վիզա),
  • Վավեր վիզա ունեցող անձինք,
  • Օդանավի անձնակազմ:

Երկիր մուտք գործելու սահմանափակումները (առողջապահական և այլն)

  • Ինդոնեզիա ժամանելուց հարկավոր է ներկայացնել թռիչքից առաջ 2×24 ժամվա վաղեմության ՊՇՌ թեստի բացասական արդյունքով պատասխան:
  • Ինդոնեզիա ժամանելուց հետո բոլոր նրանց համար, ովքեր ստացել են վակցինացման ամբողջական չափաբաժին (2-3 դեղաչափ, վերջին չափաբաժինը ստացել են թռիչքից առնվազն 14 օր առաջ)՝ հյուրանոցում պարտադիր մեկուսացման պահանջը վերացվել է: 1 դեղաչափ ստացած կամ չպատվաստված ճամփորդների պարտադիր մեկուսացման ժամկետն է 5×24 ժամ:
  • Վակցինացման ամբողջական չափաբաժին ստացած ճամփորդները ժամանման 1-ին օրը օդանավակայանում պետք է ՊՇՌ թեստ հանձնեն (պատասխանին կարող են սպասել տանը կամ հյուրանոցում): Վակցինացման ոչ ամբողջական չափաբաժին ստացած կամ չպատվաստված ճամփորդները պետք է ՊՇՌ թեստ հանձնեն ժամանման 1-ին օրը և 4-րդ օրը, որոնց բացասական արդյունքի դեպքում միայն կարող են մուտք գործել երկիր կամ շարունակել ճամփորդությունը դեպի վերջնական կետ (հյուրանոցում մեկուսացման և ՊՇՌ թեստի հետ կապված բոլոր ծախսերը հոգում են ժամանողները):
  • Նախկինում միայն Բալիի օդանավակայանով կամ Ռյաու կղզիների նավահանգստով զբոսաշրջության նպատակով Ինդոնեզիա ճամփորդողների մուտք գործելու սահմանափակումը վերացվել է:
  • Բալի այցելողները պետք է տրամադրեն առնվազն 4 օրյա զբոսաշրջային փաթեթների ամրագրման և վճարման հաստատում և 20.000 ԱՄՆ դոլար նվազագույն ապահովագրական արժեքով բժշկական ապահովագրություն, որը ներառում է COVID-19 բուժման ֆինանսավորումը:

Բալիից մեկնել կարող են միայն այն ճամփորդները, ովքեր առնվազն 4 օր անցկացրել են Բալիում և ժամանման 3-րդ օրը հանձնել են բացասական արդյունքով ՊՇՌ թեստ:

Հունաստան

Սահմանը հատելու ռեժիմը

Հունաստան ժամանող Հայաստանի Հանրապետության քաղաքացիները պետք է ներկայացնեն Եվրոպական Միության կողմից սահմանված COVID թվային տեղեկանք, որը պետք է ներառի հետևյալ տեղեկություններից որևէ մեկը.

  • Պատվաստման տեղեկանք, այն անձանց համար, ովքեր ավարտել են պատվաստումը COVID-19-ի դեմ Հունաստան ժամանելուց առնվազն 14 օր առաջ և ուժի մեջ է պատվաստումից հետո 9 ամիս և առանց ժամանակի սահմափակման երրորրդ դոզան պատվաստաված լինելու դեպքում:
  • Տեղեկանք SARS-CoV-2 վարակից ապաքինման վերաբերյալ, որը տրվել է առաջին դրական COVID-19 թեստի օրվանից 14 օր հետո և ուժի մեջ է դրանից հետո 180 օր:
  • Տեղեկանք ժամանումից 72 ժամ առաջ կատարված COVID-19 մոլեկուլյար թեստի (ՊՇՌ) բացասական արդյունքի մասին կամ փաստաթուղթ`  ժամանումից 24 ժամի ընթացքում կատարված էքսպրես թեստի բացասական արդյունքի մասին:

Թեստի տեղեկանքը պետք է իր մեջ ներառի ճանապարհորդի ամբողջական անունը այնպես, ինչպես գրված է անձնագրում կամ ճանապարհորդական փաստաթղթում և տրված լինի անգլերեն լեզվով։

Ընդունելի պատվաստանյութերն են՝ Pfizer BioNtech, Moderna, Astra Zeneca/Oxford, Novavax, Johnson&Johnson/Janssen, Sinovac Biotech, Gamaleya (Sputnik), Cansino Biologics, Sinopharm:

Նշված պահանջները չեն տարածվում 5 տարեկանից ցածր երեխաների վրա:

Երկիր մուտք գործելու սահմանափակումները (առողջապահական և այլն)

Լրացուցիչ տեղեկատվությունը հասանելի է https://travel.gov.gr/#/ կայքում:

Կորեա

Սահմանը հատելու ռեժիմը

2020թ. ապրիլի 13-ից ավելի քան 90 երկրներից ԿՀ կարճաժամկետ (զբոսաշրջային) այց կատարելու ցանկություն ունեցող քաղաքացիների մուտքի արտոնագրերի տրամադրումը կասեցված է և, հետևաբար, նշված քաղաքացիները չեն կարող ԿՀ մուտք գործել: Բացառություն են կազմում խիստ անհրաժեշտությամբ ԿՀ մուտք գործող քաղաքացիները, դիվանագիտական մուտքի արտոնագիր ունեցող քաղաքացիները, ԿՀ-ում կացության կարգավիճակ ունեցող օտարերկրացիները (եթե վերջիններս 2020թ. հունիսի 1-ից հետո ԿՀ-ից հեռանալիս լրացրել են «re-entry permit»-ի ձև), ինչպես նաև ABTC (APEC Business Travel Card) կրողները: Միջնաժամկետ (ոչ զբոսաշրջային) և երկարաժամկետ այցով ժամանող բոլոր քաղաքացիները (այդ թվում նաև ՀՀ քաղաքացիները) պարտադիր պետք է մուտք գործելիս թեստավորվեն, ապա 7 օրով ինքնամեկուսանան՝ անկախ կարգավիճակից և պատվաստված լինելու հանգամանքի:

2022թ. փետրվարի 3-ի դրությամբ հետևյալ երկրներից ժամանող կամ վերջին 14 օրերի ընթացքում նշված երկրներ այցելած քաղաքացիների մուտքը ԿՀ արգելված է.

Էսվաթինի, Գանա, Բոցվանա, Զամբիա, Զիմբաբվե, Նամիբիա, Նիգերիա, Մալավի, Հարավաֆրիկյան Հանրապետություն, Լեսոտո, Մոզամբիկ:

Երկիր մուտք գործելու սահմանափակումները (առողջապահական և այլն)

ԿՀ ժամանող բոլոր քաղաքացիները պարտավոր են լրացնել առողջական վիճակի, ինչպես նաև ճամփորդական տվյալների վերաբերյալ հատուկ ձև և ներկայացնել դրանք կորեական մարմիններին օդանավակայանում, որտեղ կիրականացվի նաև բժշկական զննում (ջերմություն, ախտանիշների առկայություն և այլն): ԿՀ ժամանող բոլոր օտարերկրյա քաղաքացիները պետք է պարտադիր ներկայացնեն նաև վերջին 48 ժամվա ընթացքում կատարված PCR թեստի բացասական պատասխանով փաստաթուղթ, որի բացակայության պարագայում նրանց մուտքը ինքնաթիռ կարող է արգելվել: Փաստաթուղթը պետք է ներկայացվի տպված վիճակում, էլեկտրոնային ձևաչափը չի ընդունվի:

Կարճաժամկետ այցով և հատուկ պայմաններով ժամանող քաղաքացիները օդանավակայանում պարտադիր կանցնեն PCR թեստավորում: Դրական արդյունքի դեպքում քաղաքացին կհոսպիտալացվի, իսկ բացասականի դեպքում պետք է անցնի 7-օրյա ինքնամեկուսացում պետության կողմից առանձնացված վճարովի կացարանում: ԿՀ քաղաքացիները և երկարաժամկետ այցով ժամանողները նույնպես պետք է թեստավորվեն, սակայն ինքնամեկուսացումը կարող են անցնել իրենց կեցավայրերում: Բոլորը պարտավոր են ներբեռնել նաև ախտանիշների և ինքնամեկուսացման համար նախատեսված բջջային հավելվածը և օրական կտրվածքով ներկայացնել առողջական վիճակի և ախտանիշների մասին տվյալներ:

Պարտադիր ինքնամեկուսացման պահանջը կարող է որոշ դեպքերում չկիրառվել: Այսպես, եթե քաղաքացին ունի պատվաստման հավաստագիր (միայն հետևյալ պատվաստանյութերով՝ Pfizer, AstraZeneca, Janssen, Moderna, Covishield, Sinopharm/Sinovac) և 2 դեղաբաժիններն էլ ստացել է Կորեայի Հանրապետությունում (և 2-րդ դեղաբաժինը ստանալուց հետո անցել է առնվազն 14 օր), ապա նա կարող է դիմել ինքնամեկուսացումից ազատվելու (quarantine exemption) համար: Եթե քաղաքացին պատվաստվել է այլ երկրում և Կորեա է այցելում բացառություն կազմող նպատակներով (հարազատի մահ, հումանիտար նպատակներով և այլն), ապա նա կարող է դիմել իր երկրում ԿՀ դեսպանատուն ինքնամեկուսացման պահանջից ազատվելու համար (որոշումը կայացվում է հաշվի առնելով տվյալ երկրում համաճարակային իրավիճակը):

ԻՆքնամեկուսացումից ազատվելը հնարավոր է նաև գործարար նպատակներով ԿՀ այցելող քաղաքացիների համար:

Նույնիսկ ինքնամեկուսացում չանցնելու դեպքում ԿՀ ժամանող բոլոր քաղաքացիները պետք է ունենան վերջին 48 ժամվա ընթացքում կատարված ՊՇՌ թեստի բացասական պատասխանով հավաստագիր և ԿՀ ժամանելուն պես անցնեն ՊՇՌ թեստավորում:

Սկզբնաղբյուրի հղումը:

Ճապոնիա

Սահմանը հատելու ռեժիմը

159 երկրներից ժամանող քաղաքացիների Ճապոնիա մուտքի արգելքը շարունակում է գործել, սակայն 2022թ. մարտի 1-ից Ճապոնիան վերացրել է առկա սահմանափակումների մի մասը: Այսպես, կարճաժամկետ (մինչև 3 ամիս) և երկարաժամկետ այցերով գործարարության, ուսման, բուժման և այլ նպատակներով (զբոսաշրջության նպատակով իրականացվող այցերի նկատմամբ շարունակում է արգելք գործել) Ճապոնիա ժամանող օտարերկրյա քաղաքացիները կարող են դիմել Ճապոնիա մուտքի արտոնագիր ստանալու համար և մուտք գործել Ճապոնիա, եթե ընդունող կազմակերպությունը (համալսարան, գործատու և այլն) դիմի «Entrants, Returnees Follow-up System» (ERFS) առցանց համակարգ և մուտքագրված դիմումը հաստատվի Ճապոնիայի առողջապահության, աշխատանքի և բարեկեցության նախարարության կողմից (մանրամասների համար տես՝ https://www.mofa.go.jp/ca/fna/page22e_000921.html):

Ճապոնիայի քաղաքացիները, քաղաքացիների ընտանիքի անդամները, հատուկ կացության կարգավիճակ ունեցող օտարերկրացիները, դիվանագիտական կարգավիճակ ունեցող օտարերկրյա անձիք, ինչպես նաև այն օտարերկրյա քաղաքացիները, ովքեր ունեն Ճապոնիայում կացության կարգավիճակ և Ճապոնիայից մեկնել են մինչև 2021թ. դեկտեմբերի 1-ը և, միաժամանակ, լրացրել են Ճապոնիայի վերադառնալու վերաբերյալ հատուկ ձևը (re-entry permit), կարող են մուտք գործել Ճապոնիա համաձայն նախկինում գործող ընթացակարգերի:

Երկիր մուտք գործելու սահմանափակումները (առողջապահական և այլն)

Ճապոնիա մուտք գործելիս բոլոր քաղաքացիների համար գործում են հետևյալ պահանջները՝

  • անհրաժեշտ է ներկայացնել Ճապոնիա մեկնումից առաջ վերջին 72 ժամվա ընթացքում կատարված ՊՇՌ թեստի բացասական պատասխանով փաստաթուղթ (ձևաչափը՝ https://www.mhlw.go.jp/content/000807573.pdf հղումով),
  • օդանավակայանում պարտադիր է ՊՇՌ թեստի հանձնումը՝ անկախ նախորոք հանձնված թեստի բացասական պատասխանով փաստաթղթի առկայությունից,
  • թռիչքից առաջ անհրաժեշտ է լրացնել հետևյալ հղումով (https://arqs-qa.followup.mhlw.go.jp/#/) հարցաշարը, ապա Ճապոնիա ժամանելուն պես հարցաշարի գեներացված QR կոդը ներկայացնել Ճապոնիայի սահմանային անցակետի աշխատակիցներին,
  • անհրաժեշտ է նաև ներբեռնել հատուկ բջջային հավելված և ինքնամեկուսացման ընթացքում գրանցել գտնվելու վայրի տվյալները՝ ըստ հարցման, ճապոնական մարմիններին ներկայացնելու համար,
  • մուտք գործելուց հետո անհրաժեշտ է 7 օրով ինքնամեկուսանալ և չօգտվել հանրային տրանսպորտից, ինչի կապակցությամբ անհրաժեշտ է ստորագրել հատուկ ձևաչափով երաշխավորագիր` https://www.mhlw.go.jp/content/000836304.pdf:

Ինքնամեկուսացման պայմանները խախտելու պարագայում քաղաքացու անունը կհրապարակվի (վարակի կանխարգելման նպատակով), կացության կարգավիճակը կարող է վերանայվել, քաղաքացուն կարող են նաև արտաքսել: Միաժամանակ, 2022թ. մարտի 1-ից ինքնամեկուսացման վերաբերյալ գործում են նոր ընթացակարգեր՝

  • «Omicron» շտամի (B.1.1.529) տարածման բարձր ցուցանիշներ ունեցող երկրներից (ցանկը հասանելի է հետևյալ հղումով՝ https://www.mofa.go.jp/ca/fna/page4e_001053.html) ժամանող այն քաղաքացիները, ովքեր չունեն 3-րդ դեղաչափի (booster shot) պատվաստման հավաստագիր, պետք է պարտադիր 3-օրյա ինքնամեկուսացում անցնեն կառավարության կողմից հատկացված հատուկ կացարաններում և 3-րդ օրը ՊՇՌ թեստի բացասական արդյունքի դեպքում կարող են մուտք գործել Ճապոնիա: Համապատասխան պատվաստման հավաստագիր (ընդունելի են միայն Ճապոնիայի կողմից ճանաչված հավաստագրերը` https://www.mofa.go.jp/ca/fna/page24e_000317.html) ունենալու դեպքում ինքնամեկուսացումը կարող է իրականացվել կամ 3 օր սեփական տանը/ամրագրված հյուրանոցում և 3-րդ օրը վճարովի ՊՇՌ թեստավորմամբ կամ 7 օր տանը՝ առանց ՊՇՌ թեստ հանձնելու պահանջի:
  • COVID-19-ի տարածման բարձր ցուցանիշներ ունեցող մի շարք այլ երկրներից (ցանկը հասանելի է հետևյալ հղումով՝ https://www.mofa.go.jp/ca/fna/page4e_001053.html) ժամանող այն քաղաքացիները, ովքեր չունեն 3-րդ դեղաչափի (booster shot) պատվաստման հավաստագիր, պետք է պարտադիր 3-օրյա ինքնամեկուսացում անցնեն կառավարության կողմից հատկացված հատուկ կացարաններում և 3-րդ ՊՇՌ թեստի բացասական արդյունքի դեպքում կարող են մուտք գործել Ճապոնիա: Պատվաստման հավաստագիր ունենալու դեպքում ինքնամեկուսացումը կարող է իրականացվել տնային պայմաններում՝ 7 օր, իսկ 3-րդ օրը վճարովի ՊՇՌ թեստավորման և բացասական արդյունքի դեպքում ինքնամեկուսացումը կարող է դադարեցվել:
  • Մնացած բոլոր երկրներից ժամանող քաղաքացիների դեպքում պատվաստման հավաստագրի բացակայության պարագայում ինքնամեկուսացումը կարող է իրականացվել կամ 3 օր սեփական տանը/ամրագրված հյուրանոցում և 3-րդ օրը վճարովի ՊՇՌ թեստավորմամբ կամ 7 օր տանը՝ առանց ՊՇՌ թեստ հանձնելու պահանջի: 3-րդ դեղաչափի ստացման վերաբերյալ պատվաստման հավաստագրի առկայության դեպքում քաղաքացին ազատվում է ինքնամեկուսացման պահանջից:

Պորտուգալիա

Սահմանը հատելու ռեժիմը

Որոշ ուղղությունների համար պարտադիր է, որ ուղևորները թռիչքից առաջ լրացնեն առցանց ձևաթուղթ, որի ապացույցը պետք է ներկայացվի հսկիչ կետերում՝ ժամանելուն պես։ Ստորև կարող եք ստուգել, արդյոք այն անհրաժեշտ է ձեր դեպքում: Այն ուղղությունների համար, որոնք չունեն առցանց ձևաթուղթ, ուղևորներից կպահանջվի լրացնել ձևաթուղթը թռիչքի ընթացքում, ուստի հարկավոր է, որ ուղևորներն իրենց հետ ունենան գրիչներ:

Խնդրում ենք հաշվի առնել, որ ուղևորի պարտականությունն է գործել կառավարության բոլոր կանոնակարգերին և մուտքի պահանջներին համապատասխան, օրինակ՝ ձևաթղթերը լրացնելու և/կամ Covid-19 թեստավորման անհրաժեշտություն*։ Անհրաժեշտ պայմաններին չհամապատասխանելու դեպքում ուղևորին կարող է չթուլատրվի նստեցումը կամ նպատակակետ մուտք գործելը:

Հարկավոր է համոզվել, որ կատարված են վերջնական ժամանման, ինչպես նաև տարանցիկ կետի ճանապարհորդական պահանջները: Մշտապես անհրաժեշտ է ճշտել տեղեկատվությունը պաշտոնական պետական մարմինների հետ՝ համոզվելու համար, որ կարող եք հասնել Ձեր վերջնական ժամանման կետին:

Երկիր մուտք գործելու սահմանափակումները (առողջապահական և այլն)

Ձեր ճանապարհորդության վերաբերյալ սահմանափակումների և պահանջների մասին մանրամասն տեղեկատվություն կարելի է ստանալ՝ օգտագործելով առցանց online tool գործիքը:

* Թեստավորման արդյունքները նախընտրելի է ներկայացնել անգլերենով կամ տվյալ երկրի կողմից պահանջվող լեզուներով, ընդ որում ամբողջությամբ ձեռագիր Covid-19 թեստերը չեն ընդունվում, սակայն պատրաստի ձևաչափով վկայականները որոշ ձեռագիր տեղեկություններով վավեր են, եթե՝

  • բոլոր պարտադիր տվյալները առկա են (տես այստեղ);
  • առկա է վկայականը տրամադրած կազմակերպության կնիքը (միայն ստորագրությունը չի ընդունվում):

Ռուսաստանի Դաշնություն

Սահմանը հատելու ռեժիմը

Համաձայն «Роспотребнадзор» դաշնային ծառայության որոշման՝ ս․թ․ ապրիլի 1-ից Ռուսաստանի Դաշնություն ԵԱՏՄ անդամ-պետությունների քաղաքացիների ցամաքային ճանապարհով մուտք գործելու համար COVID-19 ՊՇՌ թեստավորում չի պահանջվելու:

Եվրասիական տնտեսական միության այն անդամ-պետությունների քաղաքացիները, որոնք Ռուսաստանի Դաշնություն են մուտք գործում Հայաստանի Հանրապետությունից, Բելառուսի Հանրապետությունից և Ղրղզստանի Հանրապետությունից Ռուսաստանի Դաշնության պետական սահմանով անցնող օդային անցակետերով՝ ըստ ՌԴ կառավարության 2020 թվականի մարտի 16-ի թիվ 635-P որոշման N2 հավելվածի, որը փոփոխվել է 31.03.2021 թվականին /Ռուսաստանի կառավարության 2021 թվականի մարտի 31-ի N 792-Р կարգադրություն/ պայմանով, որ նրանք ներկայացնեն «Ճանապարհորդություն առանց COVID-19» բջջային հավելվածում արտացոլված իրենց կորոնավիրուսային վարակի վերաբերյալ հետազոտությունների բացասական արդյունքները։

Ռուսաստանի Դաշնության կառավարության 16.03.2021-ի թիվ 639-Р կարգադրությամբ սահմանվում է արտերկրից ուսանողների մուտքի կարգը, որը մշակվել է ՌԴ գիտության եւ բարձրագույն կրթության նախարարության կողմից: ՌԴ մեկնելուց առաջ արտասահմանցի ուսանողները պետք է առնվազն 10 օր առաջ էլեկտրոնային փոստով տեղեկացնեն միջազգային դեպարտամենտին ([email protected], [email protected]), որը պաշտոնապես ծանուցում է նրանց ժամանման մասին պետական եւ տեղական ինքնակառավարման ծառայությունների միասնական պորտալի www.gosuslugi.ru միջոցով: Չտեղեկացնելու դեպքում ուսանողը չի հայտնվի այն ցուցակներում, որոնցով կթույլատրվի անցնել Ռուսաստանի Դաշնության սահմանը։

Տեղեկատվությունն իր մեջ պետք է պարունակի

  1.  ՌԴ մուտք գործելու ամսաթիվը,
  2. Փաստաթղթի (անձնագրի) պատճենը, որով նախատեսվում է հատել սահմանը, խուսափելու համար այն իրավիճակներից, երբ ցուցակներում և անձնագրում անունը չի համընկնում:

Նշենք, որ միգրացիոն քարտում պետք է լինի միայն ուսումը՝ որպես մուտք գործելու նպատակ, հակառակ դեպքում, համալսարանը չի կարող կարգավորել ուսանողի հանրակացարանում բնակեցնելու եւ ժամանակավոր գրանցելու խնդիրը։

Պետական և տեղական ինքնակառավարման ծառայությունների միասնական պորտալի www.gosuslugi.ru  միջոցով տեղեկատվության ներբեռնումից հետո միջազգային դեպարտամենտը կհայտնի մուտքի հնարավորության մասին։

Երկիր մուտք գործելու սահմանափակումները (առողջապահական և այլն)

Ռուսաստան ժամանելուց անհրաժեշտ է ներկայացնել կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) ախտորոշման ՊՇՌ հետազոտության բացասական արդյունքը հավաստող առավելագույնը 48 ժամ վաղեմության սերտիֆիկատ։

Ռուսաստանի տարածք մուտք գործելուց հետո 72 ժամվա ընթացքում օտարերկրյա ուսանողները պետք է անցնեն COVID-19-ի կրկնակի թեստը՝ ՊՇՌ մեթոդով:

Առաքման կետերը՝ Շերեմետևո, Դոմոդեդովո, Վնուկովո օդանավակայաններ, Ինվիտրո, Հեմոտեստ բժշկական կլինիկաներ և այլն:

Հայաստանի Հանրապետության քաղաքացիների մուտքը Ռուսաստանի Դաշնություն թույլատրվում է օդային հաղորդակցության ստորև նշված 20 սահմանային անցակետերով։

  1. Անապա (Վիտյազևո)
  2. Վլադիվոստոկ (Կնևիչի)
  3. Գրոզնիյ (Սևերնիյ)
  4. Եկատերինբուրգ (Կոլցովո)
  5. Ժուկովսկիյ
  6. Կազան
  7. Կալինինգրադ (Խրաբրովո)
  8. Կրասնոդար (Պաշկովսկիյ)
  9. Կրասնոյարսկ (Եմելյանովո)
  10. Մոսկվա (Վնուկովո)
  11. Մոսկվա (Դոմոդեդովո)
  12. Մոսկվա (Շերեմետևո)
  13. Նիժնեկամսկ (Բեգիշևո)
  14. Նովոսիբիրսկ (Տոլմաչևո)
  15. Դոնի Ռոստով (Պլատով)
  16. Սամարա (Կուրումոչ)
  17. Սանկտ Պետերբուրգ (Պուլկովո)
  18. Սոչի
  19. Ուֆա
  20. Չկալովսկի

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել