«Ես ուզում եմ ասել, որ Ադրբեջանի առաջարկներում Հայաստանի համար անընդունելի ոչինչ չկա, այլ բան, որ այդ առաջարկները ամբողջությամբ չէին հասցեագրում պոտենցիալ բանակցությունների ողջ օրակարգը: Համապարփակ խաղաղության համար մենք համալրել ենք մեր առաջարկները օրակարգի և փոխանցել ենք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությանը»,-այս մասին այսօր՝ մարտի 23-ին, Ազգային ժողովում Կառավարության հետ հարց ու պատասխանի ժամանակ ասաց Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը:
Նրա խոսքով՝ համանախագահողներից իրեն տեղեկացրել են, որ այդ առաջարկները փոխանցվել են պաշտոնական Բաքվին, այնտեղից առայժմ պատասխան չկա:
«Մեզ համար շարունակվում է սկզբունքային մնալ Լեռնային Ղարաբաղի հայության իրավունքների և նաև կարգավիճակի հարցը: Հնարավոր չի պատկերացնել ամբողջական օրակարգ, քանի դեռ այդ հարցերը ևս այնտեղ չեն քննարկվում»,-նշեց նախարարը:
Նա ասաց, որ Ուկրաինայում ռազմական գործողությունները կտրուկ բադացրել են ք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության աշխատանքները, ընդհուպ համատեղ քննարկումների մակարդակի:
«Սակայն ուզում եմ վերահաստատել, որ միջազգային հանրությունը շարունակում է Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորումը տեսնել Մինսկի խմբի համանախագահության ձևաչափում և սա բավակնին հուսադրող է»,-ասաց Արարատ Միրզոյանը:
Հիշեցնենք, որ Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարել էր, որ Ադրբեջանը Հայաստանին է ուղարկել հարաբերությունների կարգավորման վերաբերյալ 5 կետից բաղկացած փաստաթուղթ և սպասում է պատասխանի, փոխանցում է «Անադոլու» գործակալությունը։
«Եթե Հայաստանն անկեղծորեն ցանկանում է հարաբերությունների կարգավորում, սա շատ լավ հնարավորություն է նրանց համար»,-ասել էր նա։
Բայրամովը նշել էր, որ առաջարկների թվում Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահմանազատմանն առնչվող դրույթ կա։ Գործընթացն սկսելու համար, ադրբեջանցի դիվանագետի պնդմամբ, ՀՀ-ն պետք է հրաժարվի նախապայմաններ առաջ քաշելուց, պետք է ստեղծվի երկկողմ աշխատանքային խումբ։