«Մամիկոն Ասլանյան» կուսակցությունների դաշինքը հայտարարություն է տարածել, որում նշվում է.
««Մամիկոն Ասլանյան» կուսակցությունների դաշինքի հրավիրած ավագանու արտահերթ նիստի մասին Վանաձորի համայնքապետարան ուղարկված գրությանն ի պատասխան համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարի ժամանակավոր պաշտոնակատար Դավիթ Հակոբյանը հայտնել է, որ 24.01.22թ. Վանաձոր համայնքի ավագանու 11 անդամների նախաձեռնությամբ գումարվել է արտահերթ նիստ:
25.01.22 թ.-ին Վանաձորի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարի ԺՊ-ն ՀՀ Լոռու մարզպետարանի միջնորդությամբ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների և ՀՀ արդարադատության նախարարություններին է դիմել պարզաբանում ստանալու նպատակով՝ արդյոք Վանաձոր համայնքի ավագանու կողմից արտահերթ նիստ հրավիրելը իրավազոր է, թե ոչ: Միևնույն ժամանակ ՀՀ արդարադատության նախարարությունից ստացվել է պատասխան, որ հստակ կարգավորված չէ մինչև առաջին նիստի գումարումը միավորված համայնքների նորընտիր ավագանու կողմից արտահերթ նիստ գումարելու հնարավորությունը:
Ելնելով վերոգրյալից՝ Վանաձորի համայնքապետարանի աշխատակազմը ձեռնպահ է մնում Վանաձոր համայնքի ավագանու արտահերթ նիստ գումարելու հետ կապված որևէ գործողությունից:
Վանաձորի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարի ԺՊ Դավիթ Հակոբյանին հիշեցնում ենք, որ ըստ ՏԻՄ օրենքի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարը չի հանդիսանում նիստ հրավիրող: Նա պարտավոր է ապահովել նիստի կազմակերպման գործընթացը: Ուստի հիշեցնում ենք ՏԻՄ օրենքի 33 հոդվածով, ի թիվս մի շարք գործառույթների, համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարին վերապահված լիազորություններն ու պարտականությունները.
4.Աշխատակազմի ընթացիկ գործունեությունը ղեկավարում է աշխատակազմի քարտուղարը` օրենքով, իրավական այլ ակտերով, համայնքի ղեկավարի որոշումներով, աշխատակազմի կանոնադրությամբ իրեն վերապահված լիազորությունների սահմաններում կամ գործառույթների շրջանակում, մասնավորապես`
1) ապահովում է համայնքի ավագանու նիստերի նախապատրաստումը, արձանագրումը և նիստին ներկա ավագանու անդամների կողմից արձանագրության վավերացումը.
8 ) վերահսկողություն է իրականացնում համայնքի ղեկավարի և ավագանու որոշումների կատարման, ինչպես նաև աշխատակազմի աշխատանքային կարգապահության պահպանման նկատմամբ.
9) ապահովում է ավագանու և համայնքի ղեկավարի որոշումների առաքումը համապատասխան մարզպետարան` յոթնօրյա ժամկետում.
5. Աշխատակազմի քարտուղարը պատասխանատվություն է կրում օրենքների, իրավական այլ ակտերի, համայնքի ղեկավարի որոշումների, աշխատակազմի կանոնադրության պահանջները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու համար:
Վերջում կրկին հիշեցնենք, որ Վանաձոր համայնքի ավագանու արտահերթ նիստը կկայանա մարտի 18-ին, ժամը՝ 11:00-ին, Վանաձորի համայնքապետարանի նիստերի դահլիճում: Հրավիրում ենք Վանաձոր համայնքի ավագանու բոլոր անդամներին»,- նշված է հայտարարության մեջ:
![Нет описания фото.](https://scontent.fevn1-4.fna.fbcdn.net/v/t39.30808-6/276123947_1148455855966388_1437853900593899107_n.jpg?_nc_cat=106&ccb=1-5&_nc_sid=730e14&_nc_ohc=s2yML8LdsnMAX_fm8mL&_nc_ht=scontent.fevn1-4.fna&oh=00_AT-f3C4ajKCTBQ4nmV7wxpRknZg3V-nX3KAoU6Bqq1c0OQ&oe=6239450F)