Ի՞նչ տեսակ հայցեր կարելի է ներկայացնել վարչական դատարանին

Վարչական դատարանում գործը հարուցվում է հայցի հիման վրա: Վարչական դատարանին կարելի է ներկայացնել հետևյալ հայցերից մեկը կամ մի քանիսը միաժամանակ՝ վիճարկման, պարտավորեցման, գործողության կատարման և ճանաչման:

«Վիճարկման հայցով հայցվորը կարող է պահանջել ամբողջությամբ կամ մասամբ վերացնել կամ փոփոխել միջամտող վարչական ակտը (օրինակ՝ անվավեր ճանաչել Ճանապարհային ոստիկանության՝ տուհժգանք նշանակելու մասին որոշումը):

Պարտավորեցման հայցով հայցվորը կարող է պահանջել ընդունելու այն բարենպաստ վարչական ակտը, որի ընդունումը մերժվել էր վարչական մարմնի կողմից, կամ որը նա չի ընդունել (օրինակ՝ համապատասխան փաստաթղթեր ներկայացնելով՝ դիմել եք իրավասու մարմնին շինարարության թույլտվություն ստանալու համար, սակայն ստացել եք մերժում)»-Իրավաբան.նեթ-ին հայտնում է փաստաբան Արփինե Եղիկյանը:

Գործողության կատարման հայցով հայցվորը կարող է պահանջել կատարելու որոշակի գործողություններ կամ ձեռնպահ մնալու այնպիսի գործողություններից, որոնք ուղղված չեն արչական ակտի ընդունմանը ( օրինակ, վարչական ակտի ընդունման համար իրավասու մարմինը պետք է կատարի տարածքի ուսումնասիրություն, որը չի կատարում):

Ճանաչման հայցով հայցվորը կարող է պահանջել ճանաչելու որևէ իրավահարաբերության առկայությունը կամ բացակայությունը, եթե նա չի կարող հայց ներկայացնել վերը նշված հայցատեսակներին համապատասխան:
Ճանաչման հայցով հայցվորը կարող է պահանջել ճանաչելու վարչական ակտն առ ոչինչ լինելը:
Ճանաչման հայցով հայցվորը կարող է պահանջել ոչ իրավաչափ ճանաչելու այլևս իրավաբանական ուժ չունեցող միջամտող վարչական ակտը կամ գործողությունը:

Հայցվորը կարող է մեկից ավելի պահանջներ միավորել մեկ հայցում, եթե դրանք ուղղված են միևնույն պատասխանողի դեմ և փոխկապակցված են:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել