Մակրոնը զրուցել է Պուտինի և Զելենսկիի հետ

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն այսօր հեռախոսազրույց է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։

Հեռախոսազրույցը տևել է 1.5 ժամ:

«Ֆրանս պրեսի» հաղորդմամբ՝ Պուտինի հետ զրույցից հետո Ֆրանսիայի նախագահը հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի հետ:

Պուտինը Մակրոնին ասել է, որ Ուկրաինայում Ռուսաստանի «հատուկ ռազմական գործողության» խնդիրները ամեն դեպքում կկատարվեն: Նա մանրամասնել է Մակրոնին ռուսական պայմանները Կիևի ներկայացուցիչների հետ բանակցությունների համատեքստում. առաջին հերթին Ուկրաինայի ապառազմականացում և չեզոք կարգավիճակ, որպեսզի Ռուսաստանի համար երբեք սպառնալիք չլինի։

Պուտինը Ֆրանսիային կոչ է արել միավորել ջանքերը՝ Ուկրաինայից օտարերկրյա քաղաքացիների անվտանգ տարհանումն ապահովելու համար։ Նա նաև ասել է, որ ենթադրյալ հրթիռային հարձակումների, Կիևի և ուկրաինական այլ քաղաքների ռմբակոծությունների մասին պնդումները չեն համապատասխանում իրականությանը, դրանք հակառուսական ապատեղեկատվական արշավի տարրեր են։

Հիշեցնենք, որ փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հանդես է եկել ուղերձով՝ հայտնելով Դոնբասում հատուկ ռազմական օպերացիա սկսելու որոշման մասին։

«Հանգամանքները մեզնից պահանջում են վճռական ու անհապաղ գործողություններ: Դոնբասի ժողովրդական հանրապետությունները խնդրանքով դիմել են Ռուսաստանին: Դրա հետ կապված որոշում եմ ընդունել հատուկ ռազմական գործողություն իրականացնել»,- հայտարարել է Պուտինը ՌԴ քաղաքացիներին ուղղված հեռուստաուղերձում:

Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբը հայտնել է, որ հինգշաբթի ժամը 5:00-ից (Երևանի ժամանակով 7:00-ից) ՌԴ ԶՈւ-ն ինտենսիվ հարձակումներ է իրականացնում ուկրաինական ռազմական օբյեկտների և օդանավակայանների վրա։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել