Այսօր մենք միանում ենք հայերին․ ԱՄՆ դեսպանատուն

Հայաստանում ԱՄՆ դեսպանությունը «Ֆեյսբուք»-ի իր էջի գրառմամբ անդրադարձել է Սումգայիթում 1988-ին տեղի ունեցած հայերի ջարդերին։

«Այսօր մենք միանում ենք հայերին` սգալով և տուրք մատուցելով 1988թ․ Սումգայիթում զոհ գնացածների հիշատակին»,- ասվում է գրառման մեջ։

Սումգայիթում ջարդերը տեղի են ունեցել 1988 թ. փետրվարի 27-ից 29-ը ընկած ժամանակահատվածում։ Հայ ազգի դեմ իրականացրած այս հանցագործության նպատակն էր կանխել Արցախյան շարժումը, հայերին ահաբեկելով նոր արյունահեղ գործողությունների հեռանկարով՝ կանխել Արցախյան ազատագրական պայքարի տարածումը։ Եղեռնագործության նախօրեին Խորհրդային Ադրբեջանի կուսակցական գործիչ Է. Ասադովը սպառնացել է հայերի նկատմամբ հաշվեհարդար տեսնելու նպատակով բազմահազար ադրբեջանցիների արշավ կազմակերպել դեպի ԼՂԻՄ։ Փետրվարի 26-ին՝ դեպքերից մեկ օր առաջ, Միխայիլ Գորբաչովը հայ մտավորականների հետ հանդիպման ժամանակ «մտավախություն» էր հայտնել Բաքվում ապրող ավելի քան 200.000 հայերի անվտանգության ապահովման շուրջ՝ այն ուղղակիորեն կապելով ԼՂԻՄ-ը Հայաստանի ԽՍՀ-ին վերամիավորվելու արցախահայության պահանջի հետ։

Սումգայիթում կրքերը բորբոքելու համար օգտագործվել են ստահոդ լուրեր. իբր Հայաստանում զանգվածաբար սպանում են ադրբեջանցիներին, թալանում նրանց ունեցվածքը և այլն։ Մասնավորապես սադրիչ ազդեցություն է ունեցել ԽՍՀՄ գլխավոր դատախազ Կատուսևի հեռուստատեսային ելույթի ժամանակ հրապարակված Ասկերանի դեպքերի ընթացքում երկու ադրբեջանցիների սպանության մասին տեղեկությունը։

Ոճրագործությունը ծրագրավորված է եղել նախօրոք։ Այդ են վկայում ջարդարարների մոտ հայերի բնակարանների ցուցակների առկայությունը, նախապես մշակված սցենարը և դերերի բաժանումը (սպանություն և ջարդեր իականացնողներ, թալանողներ, ունեցվածք ոչնչացնողներ, հանցագործության հետքերը վերացնողներ), ոճիրն իրականացնելու համար արտադրամասերում մետաղաձողերի և այլ գործիքների պատրաստումը, թմրանյութերի և ոգելից խմիչքի բաժանումը։ Բացի այդ, անջատված է եղել հայերի հեռախոսային կապը, միտումնավոր չեն գործել ՆԳ և շտապ օգնության ծառայությունները, հայերի տեղերը բացահայտելու համար գործի է դրվել պայմանական և ազդանշանային համակարգ և այլն։

Հայաստանի և Արցախի Հանրապետությունները ևս Սումգայիթի ոճրագործությունը պաշտոնապես չեն ճանաչել ցեղասպանություն՝ բավարարվելով Ստեփանակերտում զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձանի և Մեծ եղեռնի զոհերի հուշարձանի մոտ փոքրիկ խաչքար տեղադրելով։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել