Հույս ունենք ձեր երկրի հետ պահել ջերմ հարաբերությունները․ ադրբեջանցի պատգամավոր

Ադրբեջանի Միլի Մեջլիսի պատգամավոր Սոլթան Մամեդովն Երևանում ընթացող Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի ժամանակ հայտարարեց, որ 30 տարի կոչ են անում ՅՈՒՆՍԵԿՕ-ին գալ ու գնահատել մշակութային ժառանգության վիճակը, դա տեղի չի ունեցել, հիմա միջազգային հանրությունից ակնակլում են անկախ գնահատական։

«Մենք չենք ուզում պատերազմ, երբեք չենք ուզել, այդ պատճառով 30 տարի սպասել ենք հակամարտության խաղաղ լուծմանը։ Մենք միշտ գործել ենք ՄԱԿ-ի բանաձևերին հետևելով»,- նշեց ադրբեջանցի պատգամավորը՝ համոզմունք հայտնելով, որ տարածաշրջանում խաղաղություն կհաստատվի։

Նա նշեց, որ իրենք Հայաստանում հյուր են, ուզում են մեծ շնորհակալություն հայտնել Հայաստանում իրենց գործընկերներին հյուրընկալության և ջերմ հարաբերությունների համար։

«Հույս ունենք ձեր երկրի հետ պահել ջերմ հարաբերությունները»,- ասաց Սոլթան Մամեդովը։

Նա նշել է, որ Ադրբեջանի խորհրդարանի պատգամավորների այցը Հայաստան երկու երկրների հարաբերությունների ջերմացման սկզբի նշան է։

Պատասխանելով գերեվարված ՀՀ քաղաքացիների հետ կապված Հայաստանի ներկայացուցիչների հարցերին՝ պատգամավորը նշեց, որ պատերազմից անմիջապես հետո Ադրբեջանը բոլոր գերիներին հանձնել է Հայաստանին։

«Ինչ վերաբերում է ազատագրված տարածքներում կալանավորների և մշակութային ժառանգության հուշարձանների հետ կապված մեղադրանքներին, ապա ուզում եմ նշել, որ պատերազմից անմիջապես հետո բոլոր գերիները վերադարձվել են Հայաստան։ Այժմ քննարկվում է պատերազմից հետո կալանավորվածների վերադարձը Հայաստան։ Սա համահունչ է բոլոր միջազգային նորմերին ու օրենքներին»,- ընդգծել է Մամեդովը։

Պատգամավորն հայտարարել է, թե Արցախյան առաջին պատերազմի ժամանակ անհայտ կորել է մոտ 4000 ադրբեջանցի, որոնց մասին տեղեկություններ չկան։

Ադրբեջանցի մեկ այլ պատգամավոր` Թահիր Միրկիշիլին էլ իր հերթին նշեց, որ տարածաշրջանի երկրները պետք է հարգեն հարևան երկրների տարածքային ամբողջականությունը, հարգեն ժողովուրդների իրավունքները։

Նրա խոսքով` պետք է այնպես արվի, որ ապագայում կոնֆլիկտներ չլինեն։

«Պատերազմների հետևանքով մենք հազարավոր մարդկային կորուստներ ունեցանք ինչպես Ադրբեջանի, այնպես էլ Հայաստանի կողմից։ Մենք ռևաշիստական ձգտումներ չունենք և ուժի կիրառում չենք ուզում ապագայում։ Այդ ամենն արդեն անցյալ է, և հիմա պետք է խոսենք ապագայի մասին։ Խաղաղության համաձայնագիրը, օրինակ, լավ շանս կլիներ ապագա հարաբերությունների ձևավորման հարցում»,-ասաց Միրկիշիլին։

Նա հավելեց, որ ԵՄ շրջանակում, ինչպես նաև «3+3» ֆորմատի շրջանակներում երկու երկրների համագործակցության լավ հնարավորություններ կան։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել