Նախկինում դատված Արշակ Մ.-ն 2021 թվականի մայիսի 25-ին ժամը 00:30-ի սահմաններում, Երևան քաղաքի շենքերից մեկի մոտ, մոտեցել և ծանոթանալու առաջարկ է արել Լ. Ի.-ին: Սակայն վերջինիս կողմից կոպիտ տոնով մերժում ստանալուց հետո իր ձեռքին եղած ապակյա շշով հարվածել է աղջկա գլխին, ապա ձեռքերով և ոտքերով հարվածել մարմնի տարբեր մասերին:
Այս մասին Իրավաբան.net-ը տեղեկանում է «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգից:
Գործը վարույթ է ընդունել 2022 թվականի հունվարի 19-ին և մակագրվել է Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Տաթևիկ Գրիգորյանին:
Արշակ Մ.-ն Լ. Ի.-ին պատճառել է տարբեր վնասվածքներ, որն արտահայտվել է ձախից գլխի քունքա-կողմնային շրջանի սալջարդ վերքի, վերին շրթունքի և ձախ ազդրի շրջանների արյունազեղումների և ծնկահոդերի առաջային մակերեսների քերծվածքների ձևով:
Արշակ Մ.-ին մեղադրանք է առաջադրվել քրեական օրենսգրքի 117 հոդվածի հատկանիշներով (դիտավորությամբ մեկ ուրիշին մարմնական վնասվածք կամ առողջությանն այլ վնաս պատճառելը, որն առաջացրել է առողջության կարճատև քայքայում կամ ընդհանուր աշխատունակության աննշան կայուն կորուստ):
Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: