Չորս աշխատակից մեղադրվում են կենսաթոշակային չարաշահումների հետ կապված

Կենսաթոշակների նշանակման եւ վճարման գործընթացում արձանագրված չարաշահումների կապակցությամբ հարուցված քրեական գործի շրջանակներում մեղադրանք  է առաջադրվել «Արաբկիր-2»‰ վճարային ծառայության` թվով 4 աշխատակիցների:

Նախաքննությամբ պարզվել է, որ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի  նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության աշխատակազմի  վճարումների ծառայության Երևանի «Արաբկիր-2» ‰տարածքային բաժանմունքի պատասխանատու Գ.Թադևոսյանը, համաձայնության գալով նույն բաժանմունքի թվով 3 վճարող-տեսուչների հետ,  յուրացման եղանակով հափշտակել է զգալի չափերի կենսաթոշակի գումարներ:

Մասնավորապես` Գ.Թադևոսյանի հանձնարարությամբ վճարող-տեսուչներ Ս.Սարհատյանը, Է.Ալեքսանյանը և Վ.Գրիգորյանը պարզել են տևական ժամանակ կենսաթոշակ չստացած  և կենսաթոշակների վճարման ցուցակներում ընդգրկված, իրականում հանգուցյալ  կենսաթոշակառուների տվյալները:

Այնուհետև 2009 թ. մայիսից մինչև 2010թ. հունվարն ընկած ժամանակահատվածում  վճարող-տեսուչներ Ս.Սարհատյանը, Է.Ալեքսանյանը և Վ.Գրիգորյանը, վճարային ցուցակներում  կեղծելով այդ կենսաթոշակառուների ստորագրությունները, նրանց անվամբ անհիմն ելքագրել են  իրենց վստահված կենսաթոշակի գումարները և Գ.Թադևոսյանի հետ խմբով յուրացման եղանակով հափշտակել խոշոր չափերի կենսաթոշակի գումարներ:

Ինչպես տեղեկացնում են Դատախազությունից, ՀՀ կառավարությանն առընթեր ոստիկանության քննչական գլխավոր վարչության ՀԿԳ քննության վարչությունում իրականացված նախաքննությամբ ձեռք բերված ապացույցների հիման վրա Գ.Թադևոսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, Վ.Գրիգորյանին, Ս.Սարհատյանին` ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով և 325-րդ հոդվածի 1-ին մասով, իսկ  Է.Ալեքսանյանին` 179-րդ հոդվածի 1-ին մասով, 179-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով և 325-րդ հոդվածի 1-ին մասով:

Հիշեցնենք, որ կենսաթոշակների նշանակման եւ վճարման գործընթացում արձանագրված չարաշահումների կապակցությամբ 2011թ. մայիսին ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում հարուցվել է քրեական գործ, որի նախաքննությունը հանձնարարվել է ՀՀ կառավարությանն առընթեր ոստիկանության քննչական գլխավոր վարչության ՀԿԳ քննության վարչությանը:

Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել