ՄԱԿ-ի անդամ դառնալով, որևէ պետություն չի ստանձնում այլ անդամ պետությունների նկատմամբ տարածքային ամբողջականության հետ կապված, պետական սահմանները ճշգրտելուն ուղղված հարցեր չբարձրացնելու պարտավորություն. Գևորգ Դանիելյան

Իրավաբանական գիտությունների դոկտոր Գևորգ Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«ՄԱԿ-ի անդամ դառնալով, որևէ պետություն չի ստանձնում ՄԱԿ-ի անդամ այլ պետությունների նկատմամբ երբևէ տարածքային ամբողջականության հետ կապված, պետական սահմանները ճշգրտելուն ուղղված հարցեր չբարձրացնելու պարտավորություն:

Վերջապես, շրջանառությունից հանեք, մեղմ ասած, այն անհիմն թեզը, թե ՄԱԿ-ի անդամություն ստանձնելով պետություն իբր անվերապահորեն ճանաչում է մյուս պետությունների տարածքային ամբողջականությունը: ՄԱԿ-ի կանոնադրությունը բոլորովին այլ ուղղվածություն ունի, այն ընդամենը մեկ անգամ է անդրադառնում տարածքային ամբողջականության խնդրին և այն էլ ընդգծում է բացառապես «ցանկացած այլ պետության տարածքային ամբողջականության կամ քաղաքական անկախության նկատմամբ և/կամ Միավորված ազգերի նպատակներին անհարիր որևէ այլ ձևով ուժի գործադրումից կամ դրա սպառնալիքից» ձեռնպահ մնալու պարտավորությունը:

Այլ կերպ ասած, պետությունը պարտավորվում է սոսկ ուժի կամ դրա գործադրման սպառնալիքով չխախտել տարածքային ամբողջականությունը, ընդ որում, ազգային ինքնորոշման իրավունքի իրացումը բացարձակապես այդ սկզբունքի խախտում չի համարվում: Առաջիկայում առավել հանգամանորեն կանդրադառնամ էլ ավելի արդիական հարցերի՝ կապված սահմանազատման, սահմանագծման և պետության տարածքային ամբողջականության ենթադրյալ անխուսափելի կապին, չճանաչված պետության հետ միջազգային հարաբերությունների հնարավոր սահմաններին և այլ նույնաբնույթ խնդիրներին ….»,- գրել է նա:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել