Հունվարի 31-ին Հայաստանը և Կանադան տոնում են դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը։ Այս երեք տասնամյակները նշանավորվել են երկու պետությունների միջև ամուր քաղաքական երկխոսության ձևավորմամբ, փոխշահավետ և արդյունավետ համագործակցության և ջերմ ու բարեկամական հարաբերությունների հաստատմամբ։ Փոխգործակցության ամրապնդման գործում զգալի է հայ համայնքի դերը, որը երկու երկրներն ու ժողովուրդները կամրջող յուրօրինակ օղակ է։
Այս մասին հայտնում են արտաքին գործերի նախարարությունից:
Չնայած աշխարհագրական հեռավորությանը՝ Հայաստանին և Կանադային միավորում են ամուր կապերն ու ընդհանուր մոտեցումները` հիմնված ժողովրդավարության, մարդու իրավունքների պաշտպանության և օրենքի գերակայության համընդհանուր արժեքների վրա։ 2004 թվականին Կանադայի կողմից Հայոց ցեղասպանության պաշտոնական ճանաչումը այդ սկզբունքների առաջնայնության և արդարության վերականգնման ցայտուն դրսևորումն էր։
Նշանակալի էր 2018 թվականին Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյի պաշտոնական այցը Հայաստան, որը նոր լիցք հաղորդեց հայ-կանադական երկկողմ համագործակցությանը։ Հայաստանի ժողովրդավարական բարեփոխումներին աջակցելու նպատակով Կանադայի կառավարության կողմից ձևավորված հատուկ առաքելությունը հանդիսանում է հայ-կանադական փոխգործակցության կարևոր գործիք։
Միջխորհրդարանական երկխոսությունը և խորհրդարանական դիվանագիտությունը զգալի տեղ են զբաղեցնում երկկողմ հարաբերություններում։ Գնահատում ենք Կանադայի աջակցությունը Հայաստանի խորհրդարանի կարողությունների զարգացմանը։
Հայաստանը պատրաստակամ է առավել ամրապնդելու հայ-կանադական երկկողմ հարաբերությունները՝ բարձրացնելով դրանք որակապես նոր մակարդակի։