Նախագահող դատավոր Դավիթ Արղամանյանին ինքնաբացարկ ենք հայտնել. Երեմ Սարգսյան

Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում այսօր՝ փետրվարի 3-ին, դատավոր՝ Դավիթ Արղամանյանի նախագահությամբ տեղի ունեցավ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Բորիս Բախշիյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին ԱԱԾ քննիչի միջնորդության քննության մասին դատական նիստը:

Բորիս Բախշիյանի փաստաբանները նախագահող դատավոր Դավիթ Արղամանյանին ինքնաբացարկ են հայտնել։ Դատարանը որոշումը կհրապարակվի վաղը՝ ժամը 10։00-ին։ Այս մասին դատական նիստի ավարտից հետո, լրագրողների հետ զրույցում ասաց նրա փաստաբան Երեմ Սարգսյանը։

Վերջինիս փաստաբանները դատարանին խնդրել են որոշ պարզաբանումներ տալ, մասնավորապես, թե ինչու է միջնորդության քննությունը այսքան երկար տևում:

«Արդյոք գործն իրեն ձեռքով է մակագրվե՞լ, եթե ձեռքով է մակագրվել, ապա կա՞ն երաշխիքներ, որ օրենքով սահմանված կարգը պահպանվել է։ Ցնկացած գործ որևէ դատավորի մակագրելիս պետք է պահպանվի այնպիսի կարգեր, որ դատավորի ընտրությունը պատահականության սկզբունքով լինի: Այսինքն պետք է բոլորս իմանանք, որ այս գործը պատահական հայտնվեց տվյալ դատավորի մոտ, այլ ոչ թե դատարանի նախագահը բոլոր դատավորներից ընտրեց կոնկրետ այդ մեկին, որովհետև պայմանականորեն վստահ էր տվյալ միջնորդությունը կբավարարի: Նույն դատավորը պետք է իմանա, որ ինքը պատահական է ընտրվել, իսկ այս պահին նման ապացույցներ չկան: Արդեն երկու օր է ես դատարանի նախագահին հարցումներ եմ ուղարկում և իմ ստացած պատասխաններից ակնհայտ է, որ դատարանի նախագահը չի պահպանել գործերի մակագրման պատահականության սկզբունքը և սա նշանակում է, որ այն համարվում է օրենքի հիման վրա չստեղծված դատարան: Սա միանգամից նշանակում է, որ դատարանը համարվում է օրենքի հիման վրա չստեղծված դատարան։ Եթե սա չկա ինչ էլ անեն անօրինական է համարվելու: Հետևաբար մենք դատարանին ինքնաբացարկ հայտնեցինք»,- ասաց փաստաբանը:

Նրա խոսքով՝ իրենք դատավորին ինքնաբացարկ հայտնելու այլ հիմքեր ևս ունեն, որոնք ըստ անհրաժեշտության ներկայացնելու են այլ դատական նիստերին, բայց այս պահին վիճարկում են այն, որ դատարանը չի համարվում օրենքի հիման վրա ստեղծված:

Նշենք, որ ավելի վաղ գլխավոր դատախազի կողմից Բորիս Բախշիյանի նկատմամբ քրեական հետապնդում իրականացնելու և նրան ազատությունից զրկելու համաձայնություն տալու միջնորդություն էր ներկայացվել ԲԴԽ:

Դատավորների միությունը մտահոգություն էր հայտնել Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Բորիս Բախշիյանի նկատմամբ դատախազության և ԱԱԾ քննչական դեպարտամենտի կողմից քրեական հետապնդում իրականացնելու և անձեռնմխելիությունից (այդ թվում անձնական ազատությունից) զրկելով զուգորդված քրեական հետապնդում իրականացնելու գործընթացի հետ կապված:

Ավելի վաղ Իրավաբան․net-ի հետ զրույցում Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը նշել էր, որ դատավոր Բորիս Բախշիյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու միջնորդությունը կապ չունի Աշոտ Մինասյանի գործի հետ:

Հիշեցնենք, որ դատավոր Բորիս Բախշիյանի վարույթում է գտնվում Աշոտ Մինասյանին (Աշոտ Երկաթ) առնչվող քրեական գործը, որի նախապատրաստական փուլում դատավորը փոխել էր հրամանատարի խափանման միջոցը՝ ազատել կալանքից՝ նրա նկատմամբ թույլատրելի համարելով գրավի կիրառումը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել