Ո՞րն է պահանջների բավարարման հերթականությունը բանկի լուծարման ժամանակ

Գրավով ապահովված պարտավորությունները բավարարվում են տվյալ պարտավորության ապահովման միջոց հանդիսացող գրավի առարկայի իրացումից ստացված գումարից՝ արտահերթ: Եթե պարտավորության արժեքը գերազանցում է տվյալ պարտավորության ապահովման միջոց հանդիսացող գրավի առարկայի իրացման արժեքը, ապա գրավով չապահովված պարտավորության մասը բավարարվում է այլ պարտատերերի նկատմամբ ունեցած պարտավորությունների հետ համատեղ:

Բանկի պարտավորությունները մարվում են լուծարային միջոցների հաշվին, հետևյալ հերթականությամբ՝
առաջին հերթին՝ լուծարային հանձնաժողովի անդամների կողմից օրենքով սահմանված լիազորությունների իրականացման համար անհրաժեշտ և հիմնավորված ծախսերը, այդ թվում՝ աշխատավարձը.
երկրորդ հերթին՝ Հայաստանի Հանրապետության և օտարերկրյա քաղաքացիների, ինչպես նաև քաղաքացիություն չունեցող անձանց բանկային ավանդները և բանկային հաշիվներին առկա մնացորդները: Մեկ անձի՝ բանկում մեկից ավելի ավանդներ (հաշիվներ) ունենալու դեպքում նրա բոլոր ավանդները միավորվում են, և դրանց հանրագումարը համարվում է մեկ ավանդ.
երրորդ հերթին՝ չորրորդ, հինգերորդ և վեցերորդ հերթերում չընդգրկված՝ բանկի այլ պարտավորությունները.
չորրորդ հերթին՝ պետական բյուջեի և համայնքների բյուջեների նկատմամբ բանկի պարտավորությունները, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այլ պարտադիր վճարումներ.
հինգերորդ հերթին` ստորադաս փոխառություններից բխող պահանջները.
վեցերորդ հերթին` բանկի մասնակիցների պահանջները:

Վերը նշված՝ բանկի պարտատերերի պահանջների բավարարման հերթականության երկրորդ, երրորդ և հինգերորդ հերթերով սահմանված պարտատերերի թվից բացառություն են կազմում բանկի մասնակիցները և բանկի հետ կապված անձինք, որոնց նկատմամբ բանկի պարտավորությունները բավարարվում են վեցերորդ հերթին:

Միևնույն հերթի պարտատերերն ունեն իրենց պահանջների բավարարման հավասար իրավունքներ:

Միևնույն հերթի պարտատերերի պահանջները բավարարվում են նախորդ հերթի բոլոր պահանջները լրիվ բավարարելուց հետո:

Ապահովված հիփոթեքային պարտատոմսերի սեփականատերերի պահանջներն ամբողջությամբ բավարարվում են ապահովման միջոցների ռեգիստրում գրանցված ակտիվների հաշվին: Ապահովման միջոցների ռեգիստրում գրանցված ակտիվների գրավի առարկայի իրացումը կատարվում է բացառապես ապահովված հիփոթեքային պարտատոմսերի և ռեգիստրում գրանցված ածանցյալ արժեթղթերի գծով պարտատերերի պահանջների կատարման նպատակով:
Եթե ապահովված հիփոթեքային պարտատոմսերի սեփականատերերի պահանջներն ամբողջությամբ չեն բավարարվել, ապա նրանք պահպանում են ապահովման միջոց հանդիսացող ակտիվներից առաջնահերթության կարգով վճարում ստանալու իրավունքը: Բանկի մնացորդային ակտիվների նկատմամբ լուծարման գործընթացի ժամանակ ապահովված հիփոթեքային պարտատոմսերի սեփականատերերը կարող են դրանց նկատմամբ իրենց պահանջները ներկայացնել միայն չկատարված պարտավորությունների գումարների չափով` որպես գրավով ապահովված պարտավորություն՝ արտահերթ:

Բանկի լուծարային հանձնաժողովը կարող է հիփոթեքային կառավարչից ցանկացած ժամանակ պահանջել վերադարձնել այն ակտիվները, որոնք մնացել են ապահովված հիփոթեքային պարտատոմսերի գծով պահանջների բավարարումից հետո: Ապահովված հիփոթեքային պարտատոմսերի մարումից և կառավարման ծախսերի փոխհատուցումից հետո մնացած ակտիվները վերադարձվում են թողարկողին և ներառվում լուծարային միջոցների հաշվեկշռում:

Լուծարային հանձնաժողովի կողմից պարտատիրոջ պահանջները մերժելու կամ դրանք քննարկելուց խուսափելու դեպքում մինչև բանկի լուծարման հաշվեկշռի հաստատումը պարտատերն իրավունք ունի բողոքարկելու լուծարային հանձնաժողովի գործողությունները: Ընդ որում, եթե պարտատիրոջ պահանջը ենթակա է բավարարման այն հերթում, որով այդ պահին լուծարային հանձնաժողովն իրականացնում է պահանջների բավարարումը, ապա դատարանը կարող է կասեցնել լուծարային հանձնաժողովի կողմից տվյալ հերթով պահանջների բավարարումը՝ մինչև որոշման կայացումը:

Եթե պարտատերը պահանջ է ներկայացրել պարտատերերի պահանջների ներկայացման՝ օրենքով սահմանված ժամկետի ավարտից հետո, ապա նրա պահանջը բավարարվում է լուծարային այն միջոցների հաշվին, որոնք կմնան պարտատերերի ժամանակին ներկայացված պահանջների բավարարումից հետո:

Եթե պահանջ ներկայացրած և լուծարային հանձնաժողովի կողմից հաշվառված պարտատերը մինչև տվյալ հերթի պահանջների բավարարման համար լուծարային հանձնաժողովի կողմից մամուլով կամ զանգվածային լրատվության այլ միջոցներով հայտարարված ժամկետի վերջին օրը չի ներկայանում իր պահանջն ստանալու համար, ապա նման պարտատիրոջը հատկացվելիք միջոցները կամ գույքն օրենքով սահմանված կարգով հանձնվում են նոտարի դեպոզիտ կամ տրամադրվում այլ բանկի՝ ի պահ:

Յուրաքանչյուր հերթի պահանջի բավարարումն սկսելուց առաջ լուծարային հանձնաժողովը մամուլով և (կամ) զանգվածային լրատվության այլ միջոցներով հայտնում է տվյալ հերթի պահանջների բավարարման վայրի, կարգի և ժամկետների մասին տեղեկատվություն: Պահանջների բավարարման վայրին, կարգին և ժամկետներին վերաբերող հիմնական տեղեկությունները, ինչպես նաև դրանց փոփոխություններն իրավաբանական ուժ են ստանում մամուլով և (կամ) զանգվածային լրատվության այլ միջոցներով հրապարակվելու հաջորդ օրվանից:

Երկրորդ հերթում ընդգրկված պահանջների բավարարման ժամկետը չի կարող 21 օրից պակաս լինել: Ընդ որում, պահանջների բավարարման սահմանված ժամկետը որևիցե հիմքով բաց թողնելու պատճառաբանությամբ ենթակա չէ վերականգնման:

Լուծարային հանձնաժողովի կողմից մերժված պահանջները, եթե պարտատերը հայցով չի դիմել դատարան, ինչպես նաև դատարանի վճռով մերժված պահանջները համարվում են ներված:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել