Քննարկվել են ակցիաների կիրառման ոլորտի օրենսդրական բարեփոխումները

Այսօր տեղի է ունեցել Մրցակցության պաշտպանության հանձնաժողովին կից հասարակական խորհրդի հերթական նիստը, որը վարում էր ՄՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանը: Նիստին ներկա էին նաև հանձնաժողովի անդամներ Տիգրան Մարկոսյանը և Շուշան Սարգսյանը, հանձնաժողովի իրավաբանական վարչության իրավական ապահովման բաժնի պետ Անահիտ Սանթրոսյանը, հանձնաժողովի այլ աշխատակիցներ:

Այս մասին հայտնում են տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովից:

Նիստի օրակարգում քննարկվել են «Առևտրի և ծառայությունների մասին» օրենքում լրացում կատարելու մասին» և «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերը, որոնք մշակվել են ակցիաների, այդ թվում՝ զեղչի կիրառման ոլորտում հանձնաժողովի նախաձեռնած օրենսդրական բարեփոխումների շրջանակում:

Նախագծերով կարգավորվել են մի շարք հարցեր, այդ թվում՝ սահմանվել են ակցիայի հասկացությունը և տեսակները, զեղչի հասկացությունը և կիրառման պայմանները, ներառյալ՝ ժամկետային սահմանափակումը, իրազեկմանը ներկայացվող պահանջները և այլն: Մասնավորապես սահմանվել է պահանջ, համաձայն որի զեղչ հայտարարելիս ակցիա իրականացնողը պետք է ապահովի զեղչի հրապարակման պահին նախորդող երկու ամիսների ընթացքում ապրանքի վաճառքի կամ ծառայության մատուցման ամենացածր գնի և զեղչված գնի միաժամանակյա տեսանելիությունը: Մեկ այլ առաջարկվող կարգավորման համաձայն՝ ակցիայի հրապարակման պահին ապրանքների կամ ծառայության առնվազն մեկ հինգերորդը պետք է վաճառվի զեղչի՝ հայտարարված ամենաբարձր տոկոսով և այլն:

Նախագծերը նպատակ ունեն ստեղծել անհրաժեշտ, կանխատեսելի և որոշակի օրենսդրական հիմքեր ակցիաների կիրառման համար, որոնք կնպաստեն արդար առևտրի իրականացմանը, մրցակցային միջավայրի բարելավմանը և սպառողների իրավունքների պաշտպանության բարձրացմանը:

Խորհրդի անդամները դրական վերաբերմունք արտահայտեցին ներկայացված օրենքների նախագծերի վերաբերյալ և առանձին հարցերի շուրջ ներկայացրեցին առաջարկություններ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել