30 տոկոս աղքատություն ունեցող երկրում 200 հազար դոլարանոց մեքենա են գնում ու ամբողջ թիմով արդարացնում այդ որոշումը․ Հայկ Մարության

Երևանի ավագանին այսօր՝ դեկտեմբերի 22-ին, արտահերթ նիստ է գումարել․ քննարկվում է քաղաքապետ Հայկ Մարությանին անվստահություն հայտնելու մասին հարցը։

Քաղաքապետ Հայկ Մարությանը ելույթ ունեցավ, որում նշեց․

«Մարդիկ ասում են՝ Հայկը հեղափոխությունից շեղվել է։ Սա ասում են մարդիկ, որոնք երկրի համար այս նեղ պահին 200 հազար դոլարանոց մեքենա են գնում ու ամբողջ քաղաքական թիմով մեկ ամիս շարունակ լծվում են արդարացնելու այդ որոշումը, որ ցույց տան, թե ինչքան անհրաժեշտ գնում էր այն պետության համար։ Պատկերացնու՞մ եք։ Մի երկիր, որը 30 տոկոս աղքատություն ունի, որն իր միջազգային գործընկերներից փող է խնդրում՝ մանկապարտեզները վերանորոգելու, ճանապարհները կառուցելու, իր բյուջետային ծախսերը փակելու համար՝ արդարացնում է 200 հազար դոլարանոց մեքենայի գնումը։ Իբր դա պետության պրիստիժի համար է։ Ասեմ, հարգելիներս, դա պրիստիժ չէ, հակառակը, դա մովետոն է, սա շատ վատ տպավորություն է թողնում, դրանով դուք անգամ խղճահարություն չեք առաջացնում, այլ միայն տարակուսանք ու քմծիծաղ։

Կարծում եմ՝ ավելորդ չի լինի ասել, որ ես դեռ 2019 թվականին վաճառքի եմ հանել քաղաքապետին կցված S դասի Մերսեդեսը, գումարը մուտք եմ արել քաղաքային բյուջե, այս ամբողջ ընթացքում էկոնոմ դասի Նիսսան եմ քշում, ընդ որում առանց վարորդի՝ ինքս եմ վարում, թիկնապահների մասին, բնականաբար, ընդհանրապես, խոսք չկա, երբեք, երբեք պարգևավճար չեմ ստացել, թույլ չեմ տվել բարձրացնել աշխատավարձս և սա հերոսություն չի, սա լավ չի, սա նորմալ ա, որովհետև դա իմ համոզմունքն է, որը պետք է լինի հեղափոխական մանդատ ստացած ցանկացած պաշտոնյայի համոզմունքը, որովհետև, կրկնում եմ՝ 30 տոկոս աղքատություն ունեցող երկրում չի կարող հեղափոխական պաշտոնյան պետության հաշվին իր կյանքի որակը բարելավելու մասին մտածել, սեփական կոմֆորտի մասին մտածել։ Այստեղ պետական աշխատանքն ինքնազոհություն ու զրկանք պետք է լինի դեռ երկար տարիներ։ Բայց, ինչպես տեսնում ենք, ՔՊ մեր գործընկերները, ցավոք, չեն կիսում այս սկզբունքը։ Դե հիմա ասեք՝ ո՞վ է շեղվել հեղափոխական արժեքներից։

Ես ներկայացրեցի մի դրվագ, բայց դրանք շատ-շատ են և հենց սա է հիմնական պատճառը, որ իմ և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կապն այդքան կարճ տևեց։ Ես անցած տարի որոշեցի դուրս գալ այդ կուսակցությունից։ Ընդ որում, պատերազմը մի քանի ամսով հետաձգեց այդ որոշման իրագործումը։ Նոյեմբերի 9-ից հետո սպասել եմ, որ երկրում իրավիճակը հանդարտվի, կայունանա և նոր, դեկտեմբերի 7-ին ներկայացրեցի կուսակցությունից դուրս գալու դիմումը։

Սուրեն Պապիկյանին եմ դիմումս տվել ու հանձնելիս ասել եմ՝ եղբայր, որպեսզի որևէ քաղաքական ուժ իր քաղաքական նպատակների համար չփորձի շահարկել սա, ես սրա մասին հրապարակային չեմ ասելու, ոչ մի դեպքում, ասել եմ՝ դուք կխոսեք սրա մասին այն ժամանակ, երբ ձեզ հարմար կլինի։ Ինչպես տեսնում եք՝ ես իմ խոսքը պահել եմ, և նրանք, կուսակցությունից իմ դուրս գալու մասին հայտարարել են այն պահին, երբ իրենց հարմար է եղել, այսինքն ինձ անվստահություն հայտնելու պահին»։

Մանրամասները՝ տեսանյութում

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել