Չավուշօղլուն հավատում է, որ Վրաստանը կմասնակցի «3+3»-ի հաջորդ հանդիպմանը

«Արմենպրես»-ը հայտնում է, որ Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հավատում է, որ Վրաստանը կմասնակցի «3+3»-ի հաջորդ հանդիպմանը։ Այս մասին նա հայտարարել Է Իսլամաբադում, Իսլամական համագործակցության կազմակերպության (ԻՀԿ) արտաքին գործերի նախարարների խորհրդի Աֆղանստանում հումանիտար իրավիճակի վերաբերյալ արտահերթ նիստից հետո։ Այս մասին հայտնում է «Սպուտնիկ Ադրբեջան»-ը։

Վրաստանը դեկտեմբերի 10-ին Մոսկվայում կայացած «3+3» ձեւաչափով փոխնախարարների մակարդակով հանդիպմանը չի մասնակցել, հաջորդ հանդիպմանը նախատեսվում է անցկացնել Թուրքիայում:

«Վրաստանը չի մասնակցել, բայց մենք նախատեսում ենք հաջորդ հանդիպումն անցկացնել Թուրքիայում եւ հավատում ենք, որ Վրաստանը եւս կմասնակցի այդ հանդիպմանը», – նշել է Չավուշօղլուն:

Հիշեցնենք, որ Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության հրավերով դեկտեմբերի 10-ին Մոսկվայում կայացել է տարածաշրջանային խորհրդակցական հարթակի ձևավորմանն ուղղված առաջին հանդիպումը, որին մասնակցել են Հայաստանի, Ռուսաստանի, Իրանի, Ադրբեջանի, Թուրքիայի ներկայացուցիչները՝ ԱԳ նախարարի տեղակալների մակարդակով։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրել էին ՀՀ արտաքին գործերի նախարարությունից, հանդիպմանը քննարկվել են տարածաշրջանային հնարավոր համագործակցության շրջանակները, որոնք ներառել են տնտեսության, տրանսպորտի, մշակույթի և հումանիտար բնագավառներին վերաբերող հարցեր։

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահե Գևորգյանը վերահաստատել է հայկական կողմի դիրքորոշումը, որ տարածաշրջանային խորհրդակցական հարթակի օրակարգը պետք է միտված լինի տարածաշրջանային համագործակցության փոխշահավետ և փոխընկալելի օրակարգի ձևավորմանը՝ զերծ մնալով միջազգային այլ հարթակների, այդ թվում՝ հակամարտությունների կարգավորման մանդատ ունեցող ձևաչափերի գործունեության կրկնորդումներից։

Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել խորհրդակցությունները՝ հիմնվելով տարածաշրջանի բոլոր երկրների իրավունքների հարգման և ներգրավման անհրաժեշտության վրա։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել