ԱԳՆ-ն՝ Ադրբեջանին ԵԱՏՄ-ում դիտորդի կարգավիճակ տալու քննարկումների մասին

Այս պահի դրությամբ որևէ պետության կողմից Եվրասիական տնտեսական միությունում դիտորդի կարգավիճակ ստանալու հայտ չկա։ Այդ մասին «Արմենպրես»-ի հարցմանն ի պատասխան տեղեկացրեց ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Վահան Հունանյանը`անդրադառնալով Ադրբեջանի Հանրապետությանը ԵԱՏՄ դիտորդի կարգավիճակ տալու հարցի շուրջ քննարկումներին։

Հարց. Վերջին շրջանում սկսել է քննարկվել Ադրբեջանի՝ Եվրասիական տնտեսական միությունում դիտորդի կարգավիճակ ստանալու հարցը։ Ինչպե՞ս կմեկաբանեք դա։

Պատասխան. «Եվրասիական տնտեսական միությանն առընթեր դիտորդ պետության կարգավիճակ տալու կարգը սահմանվում է «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թ. մայիսի 29-ի պայմանագրի 109-րդ հոդվածով: Այս կամ այն պետությանը դիտորդի կարգավիճակ շնորհելու հարցը պահանջում է կոնսենսուսային որոշում, որի կայացումից առաջ ԵԱՏՄ շրջանակներում նախատեսված են խորհրդակցություններ՝ նաև նշյալ քայլի տնտեսական նպատակահարմարությունը պարզելու նպատակով: Այս պահի դրությամբ որևէ պետության կողմից ԵԱՏՄ դիտորդի կարգավիճակ ստանալու հայտ չկա»:

Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի պատվավոր նախագահ, Ղազախստանի առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաևը դեկտեմբերի 10-ին տեսակոնֆերանսի ձևաչափով տեղի ունեցած Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստի ընթացքում հայտարարել էր, որ Ադրբեջանը կարող է դառնալ դիտորդ երկիր ԵԱՏՄ-ում։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել