ՀՀ ԶՈւ ԳՇ պետի տեղակալն ազատվել է պաշտոնից

Նախագահ Արմեն Սարգսյանի դեկտեմբերի 16-ի հրամանագրով Ստեփան Գալստյանն ազատվել է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալի պաշտոնից:

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 40-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի.

Ստեփան ԳԱԼՍՏՅԱՆԻՆ ազատել Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալի պաշտոնից»,- ասված է նախագահի հրամանագրում:

Հիշեցնենք, որ ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում ՀՀ զինված ուժերի կարիքների համար ռազմամթերքի մատակարարման գործընթացում չարաշահումներ և առանձնապես խոշոր չափերով հափշտակություններ կատարելու դեպքերի առթիվ քննվող քրեական գործի շրջանակներում ձերբակալվել էր նաև ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալի պաշտոնը զբաղեցնող Ստեփան Գալստյանը:

Նույն օրը վերջինս նյութական ծանր հետևանքներ առաջացնող պաշտոնեական դիրքի չարաշահման և պաշտոնեական կեղծիք կատարելու համար ներգրավվել է որպես մեղադրյալ, և միջնորդություն է ներկայացվել դատարան՝ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու համար:

ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը տեղեկացրել էր նաև, որ քրեական գործով շարունակվում են ձեռնարկվել մեծածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ և քննչական գործողություններ՝ հանցավոր մեխանիզմում ներգրավված այլ պաշտոնատար անձանց գործողություններն անհատականացնելու և նրանց նկատմամբ քրեական հետապնդումներ սկսելու ուղղությամբ:

Ավելի վաղ հայտնել ենք, որ նույն գործի շրջանակներում կալանավորվել են ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը, մատակարար կազմակերպության տնօրեն Դավիթ Գալստյանը։

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել