Սուրճի հրավիրելուց հետո մեկ էլ ներխուժում են մոտ 20 հոգի, դրանց մեջ մի շարք պատգամավորներ ու սկսում են հարվածել տղաներին․ Արամ Վարդևանյանը նոր մանրամասներ է հայտնում

«Մենք եղել ենք նիստերի դահլիճում և կարելի է ասել, քիչ առաջ ենք կարողացել ստանալ ամբողջական տեղեկատվությունը։ Դուք կլսեք տարատեսակ իշխանական մանիպուլյացիաներ, բայց ես իմ սովորության համաձայն կփորձեմ ամեն ինչ ներկայացնել փաստերով»․ այս մասին Ազգային ժողովում, ճեպազրույցի  ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը՝ մանրամասներ ներկայացնելով իշխանության պատգամավորների ու ընդդիամդիր պատգամավորների օգնականների միջև տեղի ունեցած ծեծկռտուքի մասին։

Նրա խոսքով, Ազգային ժողովում «Հայաստան» խմբակցության պատգամավորների օգնականներ, փորձագետներ կան, ինչպես ցանկացած ժամանակ եղել է ԱԺ-ում և իրենց ընկերները ժամը 14։00-ի մոտակայքում բանավեճ են ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության երկու պատգամավորի հետ։

«Դա կարծես թե հարթվել էր, տեղում խոսել էին, հարթվել էր։ Տեղում եղել են Սիսակ Գաբրիելյանը, Հրաչյա Հակոբյանը։ Մարդիկ ձեռք-ձեռք սեղմել են, անցել են առաջ, այսինքն որևէ ինչ-որ վեճ այդտեղ չի եղել։ Դրանից կարճ ժամանակ անց մեր գործընկերներից Սևակին հրավիրում են սուրճ խմելու, հրավիրում է, կարծես թե, նախնական տեղեկությամբ ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանի աշխատակազմից ներկայացուցիչներ, կարծես կրկին ՔՊ-ից։

Հրավիրում են սուրճ խմելու, Սևակը բնականաբար արձագանքում է, ուզում է հասկանալ, թե այդ ինչ խնդիր է եղել և այլն ու խոսակցությունը գնում է այնպես, որ ասում է՝ եկեք այս հարցը լուծենք, որ սուր անկյուն չլինի, ամեն դեպքում ԱԺ շենքում ենք և հրավիրում են զուգահեռաբար նաև Գերասիմին։ Այսինքն ասում են, որ խնդրում ենք՝ դու էլ արի, մենք քեզ անպայման սուրճ ենք ուզում հյուրասիրել և այլն։

Քաղաքական իմաստով սուրճ խմելը ցանկացած իշխանական ներկայացուցչի հետ որոշակի դժվարություն առաջացնում է, բայց խնդրում եմ սա դիտարկել ոչ թե քաղաքական իմաստով, այլ կենցաղային, մարդկային մակարդակում։

Հրավիրում են սուրճ խմելու, այնտեղ լինում է տղաներից նաև Տարոնը, միանում է և պատկերացրեք՝ 3-ով նստած, սուրճը բնականաբար չի լինում, որովհետև խոսքը գնում է նախապես պլանավորած գործողության մասին։

Երբ երիտասարդ էինք, այսինքն ոչ թե 30-անց էինք, այլ 14-15 տարեկան, լինում էր, երբ փորձում ես մեկի հետ կռիվ անել, անպայման փորձում ես բերել քո մոտ։ Հիմա այս նույն կոմբինացիան իրացվում է այս իշխանության կողմից՝ Ազգային ժողով կոչվող կառույցում։ Պատկերացրեք, այդ երեքին հրավիրելուց հետո մեկ էլ ներխուժում են մոտ 20 հոգի, դրանց մեջ մի շարք պատգամավորներ ու սկսում են հարվածել տղաներին։ Սրա անունը ի՞նչ դնեմ՝ խուլիգանություն»,-ասաց պատգամավորը։

Նա նշեց, որ ընդհուպ մինչև դռան հետևում կանգնած նրանց սպասելիս են եղել ու սինխրոնիզացված կատարել այդ գործողությունները։ Արամ Վարդևանյանի խոսքով՝ այնպես էլ չի, որ կարողացել են ծեծել նրանց։ Պատգամավորը նշեց, որ ցավալին այն է, որ այդ ամենը տեղի է ունեցել անվտանգության աշխատակիցների ներկայությամբ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել