Վանո Սիրադեղյանն իմ ընկերն է․ ԲՏԱ նախարար Վահագն Խաչատուրյան

«Դեկտեմբերի 3-ին և 4-ին տեղի կունենա հոգեհանգիստը և հուղարկավորությունը: Թե կոնկրետ ո՞ր օրը աճյունը կտեղափոխվի Հայաստան, կդժվարանամ ասել, որովհետև աշխատանքներն ընթացքի մեջ են»,- այս մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում նշեց ՀՀ բարձր տեխնոլոգիական և արդյունաբերության նախարար Վահագն Խաչատուրյանը, ով նաև ընդգրկված է Վանո Սիրադեղյանի հուղարկավորության կազմակերպման նպատակով ստեղծված կառավարական հանձնաժողովում։

թե ինչու Վանո Սիրադեղյանը չի հուղարկավորվում Պանթեոնում, նախարարը նշեց, որ որոշ հանգամանքներ կան, քննարկումներ են եղել և որոշում է կայացվել։

Նա հորդորեց Վանո Սիրադեղյանի արժեքի գնահատականներ չտալ։ «Արժեքը նրա մեջ չէ, թե որտեղ է թաղվում»,-ասաց նախարարը։

Խաչատուրյանը նաև ասաց, որ դժվար է ասել, թե ինչու՞ վերջին երեք տարիներին Սիրադեղյանը Հայաստան չի վերադարձել․ «Ամեն մարդ ինքն է այդ որոշումը կայացնում»։ Նա նշեց, որ վերջին անգամ նրան Հայաստանից գնալիս է տեսել՝ 20 տարի առաջ, իսկ հետո, ցավոք սրտի, առիթ չեմ ունեցել։

Վահագն Խաչատուրյանն ընդգծեց․ «Վանո Սիրադեղյանն իմ ընկերն է։ Ինձ Վանո Սիրադեղյանի հետ կապված այլ հարցեր մի տվեք։ Ես և իմ ընկերները, ովքեր այստեղ են, անում ենք ամեն ինչ, որպեսզի կարողանանք, որ նրա հոգեհանգստի, թաղման արարողությունները անել այն բարձր մակարդակով, որին արժանի է։ Միգուցե չենք էլ կարող անել, որովհետև ինքն ավելիին է արժանի եղել իր կյանքում, քան թե կարելի էր․․․»։

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 16-ին 75 տարեկանում մահացել է ՀՀ պետական, կուսակցական, հասարակական, գրական գործիչ Վանո Սիրադեղյանը։ Նրա հուղարկավորության կազմակերպման նպատակով ստեղծվել է կառավարական հանձնաժողով:

Հանձնաժողովի որոշմամբ Վանո Սիրադեղյանի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա դեկտեմբերի 3-ին՝ 17:00-ից 21:00-ն՝ Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում:

Պետական գործչի հուղարկավորությունը նախատեսվում է նրա հայրենի Կոթի գյուղում՝ ժամը 12:00-ին:

Սգո թափորն Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի մոտից կշարժվի Կոթի՝ դեկտեմբերի 4-ին՝ առավոտյան 8:00-ին:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել