Մենք ենթադրում էինք, որ Նիկոլ Փաշինյանի հրամանով, նրանք զիջելու են այդ դիրքերը. Արա Զոհրաբյան

«Այս ամբիոնը ևս մեկ առիթ է մեր ժողովրդին արթնության կոչ անելու համար: Ի՞նչ եք կարծում, մեր երկրի խեղճացած  ղեկավարը կարող է արդյոք բանակցությունների ժամանակ պաշտպանել Հայաստանի Հանրապետության շահերը: Մենք կարծում ենք՝ ոչ, նրան պարտադրելու են նվաստացուցիչ պայմաններ: Մենք պահանջում ենք հրապարակել փաստաթղթերը, Նիկոլ Փաշինյանն իր չհրապարակելը պատճառաբանում է, որ այս ստորագրվելու է հետո, հիմա ինչ-որ հանձնաժողով են ստեղծում»,- այս մասին Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցությունը սահմանազատման և սահմանագծման թեմայով նախաձեռնած խորհրդակցության ժամանակ ասաց «Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցության նախագահ Արա Զոհրաբյանը:

Նա նշեց, որ իրենք պահանջում են նաև հանձնաժողովի մասին փաստաթուղթը, հասկանալու համար, թե արդյոք լինելու է պայման, որ սահմանազատման և սահմանագծման գործընթացից առաջ զորքերը վերադառնան 2020 թվականի նոյեմբերի 9-ին զբաղեցրած դիրքեր:

«Եթե չկան նման պայմաններ, արդյո՞ք սա հերթական կապիտուլյացիայի հերթական գործողությունը չէ: Նիկոլ Փաշինյանն իր ելույթում ասում է, որ չկա գրված միջանցք, հետևաբար դա միջանցք չէ: Նոյեմբերի 9-ի փաստաթղթի մեջ Զանգելանը, Շուռնուխի մի մասը, Որոտանի ճանապարհը հանձնելու մասին խոսք կամ ակնարկ կա՞ր՝ չկար, բայց դա հանձնվեց, ինչո՞ւ մենք պետք է հիմա էլ հավատանք, որ միջանցք չկա, ուրեմն չի լինելու»,ասաց Արա Զոհրաբյանը:

Նրա խոսքով՝ թշնամի պետության հետ ճանապարհ բացելուց առաջ արդյո՞ք չպետք է լուծել անվտանգության հարցը, արդյո՞ք դրանից չպետք է սկսել:

«Ուզում են նաև հիշեցնել, որ 2020 թվականի դեկտեմբերին մենք մի խումբ փաստաբաներով հայց էինք ներկայացրել Պաշտպանության նախարարության և զինված ուժերի գլխավոր շտաբի դեմ, և որպես հայցի ապահովման միջոց խնդրել էինք դատարանից արգելել նրանց զիջել այդ պահին զբաղեցրած դիրքերը: Մենք ենթադրում էինք, որ Նիկոլ Փաշինյանի հրամանով, նրանք զիջելու են այդ դիրքերը, դատարանը բնական է, մերժեց մեր միջնորդությունը: Այս պահին էլ այդ գործը դատարանում է, Զինված ուժերի շտաբից մեզ պատասխանեցին, որ իրենք իրենց պարտականությունները կատարում են, իսկ թե ինչ տեղի ունեցավ 2021 թվականի հունվարից բոլորս արդեն տեսել ենք»,-ասաց նա:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել