«Շարժման մեջ եմ, շարժման հետ եմ». Դավիթ Ամալյանը՝ «Ազատագրական շարժման» ու դրա կողմից ներկայացված պահանջին միանալու մասին

«5165 շարժումը», «Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցությունը, մի շարք քաղաքական գործիչներ և քաղաքացիներ սկսել են «Ազատագրական շարժում» խորագրով բողոքի ակցիաներ իրականացնել: Ակցիան սկսվեց Սյունիքի մարզից և շարունակվում է Երևանում: Ակցիաների ժամանակ բազմիցս հայտարարվել էր, որ վայր են դրվում կուսակցական դրոշները:

Իրավաբան.net-ը զրուցեց  ՀՀ վաստակավոր արտիստ, երգիչ, կոմպոզիտոր Դավիթ Ամալյանի հետ: Նա հայտնեց, որ աջակցում է շարժմանն ու միացել է կառավարությանը ներկայացվող պահանջին։

«Շարժման մեջ եմ, շարժման հետ եմ, ուղղակի դադարեցրել եմ միտինգային գործունեությունս: Չեմ կարող ասել՝ քաղաքացիներն ինձ ինչ կերպ կտեսնեն շարժման մեջ»,-նշեց նա:

Նա նշեց, որ զբաղված է Նոր տարվա համերգային ծրագրով, որը կլինի Եռաբլուրում. «Իսկապես զբաղվածությունս այնպես է, որ նրանց կողքին քայլելու ժամանակ չունեմ: Հարթակ չեմ բարձրանա, բայց իրենց հետ եմ»:

Շարժման առաջնորդները Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն հայտարությունից հետո, թե ՌԴ-ն սահմանազատման և սահմանագծման նախապատրաստական փուլի առաջարկ է արել, և որն ընդունելի է հայկական կողմի համար, պահանջում են հանրայնացնել սպասվելիք ստորագրվող փաստաթղթերը:

«Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ իր սեղանին դրված է Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի միջև սահմանագծման ու սահմանազատման վերաբերյալ փաստաթուղթ, որի բովանդակությունը գաղտնի է պահվում: Փաստաթղթի վերաբերյալ կան հիմնավոր կասկածներ, որ Հայաստանի Հանրապետությունից թշնամուն զիջվելու են կենսական տարածքներ, ռազմավարական կապուղիներ ու բարձունքներ, իսկ Արցախը ճանաչվելու է Ադրբեջանի մաս:

Մեր մտահոգություններն ավելանում են, քանի որ նշված փաստաթղթի բովանդակության բացահայտմանն ուղղված խորհրդարանական և արտախորհրդարանական նախաձեռնությունները տապալվում են:

Համաձայն ՀՀ Սահմանադրության, Հայաստանի Հանրապետության տարածքի փոփոխությանը վերաբերող հարցերը լուծվում են բացառապես հանրաքվեի միջոցով, համաձայն ՀՀ Գերագույն խորհրդի 1992թ. հուլիսի 8-ի որոշման, Հայաստանի Հանրապետության համար անընդունելի է միջազգային կամ ներպետական ցանկացած փաստաթուղթ, որտեղ Լեռնային Ղարաբաղը նշված կլինի Ադրբեջանի կազմում: Ելնելով նշվածից՝ պահանջում ենք Նիկոլ Փաշինյանից՝ ներկայացնել իր նշած փաստաթղթի բովանդակությունը: Պահանջում ենք ՀՀ Ազգային Ժողովից և ՀՀ նախագահից իրենց իրավասությունների սահմաններում բարձրացնել այս հարցը»,-ասված է «5165» շարժման հայտարարության մեջ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել