Պատգամավորները առաջարկում են նոր հիշատակի օր ավելացնել օրացույցում

Իրավաբան․net-ը հայտնում է, որ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Էլինար Վարդանյանը և Արմեն Գևորգյանն առաջարկում են լրացում կատարել «Տոների և հիշատակի օրերի մասին» օրենքում։

Պատգամավորները առաջարկում են սեպտեմբերի 27-ը սահմանել ադրբեջանական բանակի և միջազգային վարձկանների կողմից Արցախի Հանրապետության խաղաղ բնակչության դեմ հարձակման, տեղահանման և պատերազմի զոհերի հիշատակի օր։

Հիմնավորման մեջ նշվում է․ «2020թ. սեպտեմբերի 27-ին Ադրբեջանը հարձակվեց Արցախի Հանրապետության վրա: Մարտական գործողությունները ընթացան արցախա-ադրբեջանական շփման գծի ողջ երկայնքով, ինչպես նաև հայ-ադրբեջանական շփման գծի որոշ հատվածներում: Պատերազմը նշանակալի դարձավ ԱԹՍ-ների, նորագույն տեխնիկայի և ծանր հրետանու լայնամասշտաբ ռազմական օգտագործմամբ: Ադրբեջանական զինված ուժերն ու միջազգային վարձկանները թիրախավորել էին խաղաղ բնակչությանը, բուժհաստատությունները, դպրոցներն ու մանկապարտեզները: Պատերազմն ավարտվեց նոյեմբերի 10-ին՝ նոյեմբերի 9-ին կնքված հայտարարությամբ: Ադրբեջանի տիրապետության տակ անցան Արցախի Հանրապետության տարածքի շուրջ 75 տոկոսը: Արցախյան 44-օրյա պատերազմի հետևանքով մենք ունեցանք հազարավոր զոհեր: Արցախից տեղահանվեց ավելի քան 91 հազար մարդ, որոնց 88 տոկոսը կանայք և երեխաներ են:

Միջազգային հանրությունը լիարժեք տեղեկացված չէ 2020 թվականի սեպտեմբերի 27-ի Արցախի Հանրապետության դեմ սանձազերծած պատերազմի մանրամասներին: Հայաստանում պետական մակարդակով նշելով այդ օրը՝ մենք ուղերձ ենք հղում միջազգային հանրությանը, որ հետամուտ ենք լինելու բոլոր մանրամասների վերհանմանը և միջազգային ատյաններում, այդ թվում՝ միջազգային քրեական դատարանում, մարդկության դեմ գործած հանցագործությունները փաստելու և մեղավորներին պատասխանատվության ենթարկելու համար:

Արցախի բնակչության բնաջնջումից և աղետալի կորուստներից հնարավոր եղավ խուսափել հայկական զինված ուժերի, կամավորների, ՄՈԲ-ի աննկարագրելի հերոսության և անձնազոհության շնորհիվ: Մենք պարտավոր ենք հարգանքի տուրք մատուցել հայրենիքի համար հերոսացած մեր հայրենակիցներին և վառ պահել նրանց հիշատակը: Սեպտեմբերի 27-ը մեր օրացույցում մշտապես մնալու է որպես ողբերգության և աղետի օր, և մեզ պետք է հիշեցնի նաև, հայկական զինված ուժերի բացառիկ հերոսության և անձնազոհության մասին»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել