Ի՞նչ է ապոստիլը և ի՞նչ արժե այն

Օտարերկրյա պաշտոնական փաստաթղթերի դիվանագիտական կամ հյուպատոսական վավերացման (լեգալիզացման) փոխարեն կոնվենցիայի մասնակից երկրների կողմից տրված փաստաթղթերի վրա լիազորված մարմինների կողմից դրվում է հատուկ դրոշմակնիք` «Ապոստիլ», որով վավերացվում է փաստաթուղթն ստորագրած անձի պաշտոնի, ստորագրության, ինչպես նաև այդ փաստաթղթի վրա դրված կնիքի կամ դրոշմակնիքի իսկությունը:

Ապոստիլ դրվում է հետևյալ պաշտոնական փաստաթղթերի վրա`
ա) պետական և տեղական ինքնակառավարման մարմինների կամ նրանց պաշտոնատար անձանց կողմից տրված պաշտոնական փաստաթղթերի.
բ) ՀՀ կազմակերպությունների կամ նրանց մարմինների կողմից տրված փաստաթղթերի.
գ) վարչական փաստաթղթերի.
դ) նոտարական փաստաթղթերի (նոտարի կողմից վավերացված կամ հաստատված փաստաթղթեր).
ե) պաշտոնական գրանցումների, հրավերքների, ոչ նոտարական կարգով իրականացված ստորագրությունների իսկության հաստատումների և այլն:

ՀՀ արդարադատության նախարարության կողմից ապոստիլ դրվում է «Նոտարիատի մասին» ՀՀ օրենքի համաձայն նոտարի կողմից վավերացված կամ հաստատված փաստաթղթերի կամ նոտարի կողմից տրված վկայագրերի, քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմինների կողմից տրված փաստաթղթերի, դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության կողմից տրված փաստաթղթերի, դատարանների կողմից տրված փաստաթղթերի իսկական օրինակների վրա: Նախարարության կողմից ապոստիլ կարող է դրվել նաև այլ մարմինների կողմից տրված փաստաթղթերի վրա, եթե դրանց վրա դրված ստորագրության իսկությունը վավերացված է նոտարական կարգով:
Ապոստիլ դրվում է նաև նոտարական կարգով վավերացված փաստաթղթերի պատճենների, ինչպես նաև վավերացված թարգմանությունների վրա: Այս դեպքում ապոստիլով հաստատվում է համապատասխան նոտարի ստորագրության և նրա կնիքի իսկությունը:
Ապոստիլ դնելու համար կարող է դիմել ցանկացած անձ:

Անձը ապոստիլ դնելու համար նախարարություն է ներկայացնում անհրաժեշտ փաստաթղթերը, դրանց կցելով պետական տուրքի վճարման անդորրագիր` ապոստիլով վավերացման ենթակա յուրաքանչյուր փաստաթղթի համար առանձին-առանձին կամ բոլորի համար մեկ միասնական անդորրագրով:

Ապոստիլ դնելու համար պետական տուրքը մուծվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջե թիվ 900005016366 հաշվի համարով` 5000 դրամի չափով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել