«Տաշիր պիցցա» սննդի կետերում սուր աղիքային թունավորման դեպքերի գործն ընդունվել է Քննչական կոմիտեի վարույթ

ՀՀ քննչական կոմիտեում մեկնարկել է համապատասխան քննություն՝ պարզելու 2021թ. հոկտեմբերի 3-ից Երևան քաղաքի տարբեր վարչական շրջաններում գործող «Տաշիր պիցցա» սննդի կետերում տարբեր տեսակի սնունդ օգտագործելու արդյունքում մի շարք քաղաքացիների սուր աղիքային թունավորում ստանալու դեպքերի հանգամանքները:

Հավելենք, որ հիշյալ դեպքերի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 279-րդ հոդվածի 2-րդ հոդվածի 2-րդ կետով ՀՀ ոստիկանությունում հարուցված քրեական գործն ընդունվել է ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնի վարույթ:

Կատարվում են քննչական և դատավարական այլ գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:

Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

Հիշեցնենք, որ Առողջապահության նախարարությունից և Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնից հայտնել են, որ 2021 թվականի նոյեմբերի 4-9-ն ընկած ժամանակահատվածում արձանագրվել է աղիքային վարակիչ հիվանդության բռնկում, որի ընթացքում հիվանդացած 179 անձանցից 35-ը 0-18 տարեկան են: Հիվանդներից 82-ը հոսպիտալացվել են «Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնում», 76-ը՝ «Արմենիա» ԲԿ-ում, 12-ը՝ «Միքայելյան վիրաբուժության ինստիտուտում», 1-ը՝ «Արարատի» ԲԿ-ում, 2-ը՝ «Մարտունու» ԲԿ-ում, 4-ը՝ «Աբովյանի» ԲԿ-ում և 2-ը՝ «Իջևանի» ԲԿ-ում: 09.11.2021թ. դրությամբ՝ հիվանդանոցներից դուրս է գրվել 111 հիվանդ, ստացոնար բուժում ստանում են 64-ը, որից 26-ը՝ մինչև 18 տարեկան:

Լաբորատոր հետազոտությունների արդյունքում խմելու ջրի 4 նմուշում շեղումներ չեն հայտնաբերվել, մակերեսներից վերցված լվացուկների 40 նմուշներից 14-ում հայտնաբերվել են աղիքային ցուպիկի խմբի մանրէներ (ԱՑԽՄ), աշխատակիցներից վերցված մանրէակրության վերաբերյալ 24 կենսանմուշներից երկուսում հայտնաբերվել է salmonella enteritidis,  ստաֆիլակոկակրության վերաբերյալ քիթ-ըմպանից վերցված 26 քսուքից՝ 9 աշխատակիցների մոտ անջատվել է ստաֆիլակոկ: Սննդամթերքի 16 նմուշից մանրէաբանական հետազոտության արդյունքում  3-ում հայտնաբերվել է ստաֆիլակոկ և սալմոնելլա (հավի մսից՝ staphylococcus aureus, «կեսար» աղցանի, սոուսի, մարինացված սնկի, երշիկի, կտրատած երշիկի, եփած սնկի, քերած պանրի, հավով միջուկի մեջ՝ salmonella enteritidis):

Տեսչական մարմնին ենթակա «Հանրապետական անասնաբուժասանիտարական և բուսասանիտարական լաբորատոր ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ից ստացված՝ մանրէաբանական ցուցանիշներով իրականացված լաբորատոր փորձարկումների արդյունքներով՝ սահմանված նորմերին չեն համապատասխանում՝

  1. թռչնի մսով պատրաստված «Կեսար» աղցանը՝ ոսկեգույն ստաֆիլակոկ ցուցանիշով,
  2. թռչնի խաշած միսը՝ ԱՑԽՄ, սալմոնելաներ և ոսկեգույն ստաֆիլակոկ ցուցանիշներով,
  3. Հազարը (մարոլ)՝ ԱՑԽՄ և սալմոնելաներ ցուցանիշներով,
  4. Տավարի աղացած միսը՝ լիստերիա մոնոցետեգենես ցուցանիշով:

Համադրելով ստուգումների արդյունքում ձեռք բերված տեղեկատվությունը՝ ՍԱՏՄ մասնագետները ստուգումներ են սկսել նաև հանրային սննդի «Տաշիր պիցցա» ցանցում օգտագործվող մայոնեզը արտադրող («Հայր եվ որդի Ավագյաններ» ՍՊԸ) և թռչնամիս մատակարարող (Սարատովի թռչնակոմբինատ «Կուռնիկով» ՍՊԸ) ընկերություններում։

Այս ընկերություններում առկա մայոնեզից և թռչնամսից ևս կատարվել են նմուշառումներ և ներկայացվել լաբորատոր հետազոտության։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել